Զգացմունքը

Զգացմունքը

Երբ ցանկանում ես ինքդ քեզ տեսնել,
Հանդիպման վայրը ինքդ որոշիր,
Անցյալի բեռը չվերցնես քեզ հետ,
Եվ ունայնության տաղտուկն ու փոշին
Թող տխրության հետ անցյալում մնան,
Նոր գույներով քո պատկերն արարիր,
Ու ամեն անգամ նրա հետ գնա,
Ու ամեն անգամ նրա հետ արի:
Ճանապարհներն ինքդ հանգուցիր,
Հորինիր դեմքեր ու դիմագծեր,
Ներհյուսիր նրա խոսքը ցանուցիր,
Ու այցի կգա զգացմունքը ծեր…
Դու առանց նրա ոչինչ չես կարող,
Չես կարող բառերն անգամ գրառել,
Նա այցելում է քեզ իբրև կարոտ
Ու հուշում է քեզ հանդիպման վայրերն
Այսպես անանուն, այսպես անհասցե,
Որ օրերի մեջ ինքդ քեզ տեսնես,
Շտապի՛ր, արա՛, ինչ որ չես հասցրել,
Թող ուղևորվեն և՛ կարոտ, և՛ սեր,
Ու հետո քեզ հետ ետ վերադառնան,
Սիրտդ դողում է ամեն մի ձայնից,
Ու զգացմունքն է քո մեջ արթնանում,
Երբ դու քո դեմքն ես տալիս անցյալին…

30.03.2015

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում