Կալիֆոռնիայում զինված կողոպուտի համար հայեր են ձերբակալվել

Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո հովտի հայազգի բնակիչների նկատմամբ գործ է հարուցվել զինված հարձակման և կողոպուտի մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով CBS հեռուստաընկերության կայքը, մեղադրյալները’ 23-ամյա Լեւոն Իսկանդարյանն ու 33-ամյա Մամբրե Խաչյանը, տեղի Armenian Power փողոցային ավազակախմբի անդամներ են: Նրանք Craigslist առցանց առևտրային կայքի միջոցով առք ու վաճառքի պայմանավորվածություն են ձեռք բերել և զենքի սպառնալիքով կողոպտել տղամարդու iPhone հեռախոսը:

Ոստիկանության հաղորդած տվյալներով’ կասկածյալները երրորդ հանցակցի հետ տուժածին հանդիպել են Վան Նայսի McDonald’s ռեստորանի մոտ գտնվող ավտոկայատեղում, ապա Իսկանդարյանը զենքը պահելով նրա վրա ստիպել է նստել Toyota Solara մակնիշի մոխրագույն մեքենան: Տուժածը փորձել է պայքարել: Գողոնը կորզելուց հետո հանցագործները դուրս են հրել նրան մեքենայից: Տուժածի հագուստը, սակայն, մնացել է մեքենայի դռան արանքում և մի քանի ոտնաչափ քաշել նրան’ այրվածքներ և քերծվածքներ պատճառելով:

Ոստիկանությունը հետևել է հեռախոսն ու ազդանշան ստացել Սանլենդի տներից մեկից: Հսկողության տակ առնելով տունը, ոստիկանները սպասել են մինչև Խաչյանը դուրս գա այնտեղից և կալանավորել նրան: Խուզարկվել է նաև Իսկանդարյանի տունը, ուր նա ապրում է ծնողների հետ, բայց հեռախոսը չի հայտնաբերվել:

Նույն կայքի միջոցով կողոպտիչները iPhone 5 հեռախոսը վաճառել էին 350 դոլարով:

Երրորդ հանցակցի ինքնությունը ոստիկաններինչի հաջողվել պարզել: Իսկ Իսկանդարյանին և Խաչյանին զինված կողոպուտի համար 125 հազարական դոլար գրավ է նշանակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում