Հայաստան ներկվող ավտոմեքենաները 25 անգամ պակասել են

Հայաստան ներկվող ավտոմեքենաները 25 անգամ պակասել են

2019թ.-ի համեմատ 2020թ.-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը 25 անգամ նվազել է: Այդ մասին են վկայում այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին ներկայացված ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության տվյալները:

Դրանց համաձայն` 2019թ.-ին Հայաստան էր ներկրվել 189 000, իսկ 2020թ.-ին՝ 7 300 ավտոմեքենա:

Ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը հիշեցրեց, որ 2018-19թթ-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվն ուղղակի աննախադեպ է եղել:

«Քանակն այնքան շատ էր, որ նույնիսկ Վրաստանի նավահանգիստները չէին հասցնում ժամանակին բաց թողնել այդ տրանսպորտային միջոցները»,- հիշեցրեց ՊԵԿ պաշտոնյան:

Ներկրման այս ծավալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2019թ.-ին Հայաստանում դեռ գործում էր ԵԱՏՄ-ին անդամակցության մաքսային արտոնությունը, որն ավարտվում էր 2020թ.-ի հունվարի 1-ին:

Արտոնյալ պայմանները հայաստանցի ներկրողներին մրցունակ էին դարձնում ԵԱՏՄ իրենց գործընկերների համեմատ, ինչը հնարավորություն էր ընձեռում Հայաստան ներկրված էժան ավտոմեքենաները ձեռնտու պայմաններով վերավաճառել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին:

Ու թեև արտոնված ժամկետն ավարտվում էր 2020թ.-ին, բայց 2019թ.-ին գնված շատ ավտոմեքենաներ այդ ժամկետին դեռ ճանապարհին էին, ուստի ՀՀ կառավարությունը որոշեց թույլ տալ 2019թ.-ին պատվիրված, բայց 2020-ին Հայաստան հասնող ավտոմեքենաները մաքսազերծել դրանց գնման պահին ՀՀ-ում գործող անհամեմատ ավելի ցածր դրույքաչափերով:

Այս արտոնյալ պայմաններով, ՊԵԿ-ի վիճակագրության համաձայն, 2020թ.-ին Հայաստան է ներկրվել 4180 ավտոմեքենա: Այլ կերպ ասած՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստան բերված 7 300 ավտոմեքենաներից 4180-ը գնվել էր դեռ 2019թ.-ին և մաքսազերծվել է դեռ նախորդ՝ արտոնյալ պայմաններով:

Իսկ մաքսատուրքերի թանկացումից հետո, փաստորեն, Հայաստան ներկված ավտոմեքենաների թիվը կազմել է ընդամենը 3120 ավտոմեքենա՝ 2019թ-ի 189 000-ի դիմաց:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում