Թումանյանի թանգարանը բացառիկ գրքերի շնորհանդեսով, հետաքրքիր ծրագրերով կնշի գրողի 152-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ցուցանմուշը կենդանի հիշողություն», «Նոր գրքեր թումանյանասերներին» և մի շարք այլ նախաձեռնություններով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին կտոնի գրողի 152-ամյակը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ «Ցուցանմուշը կենդանի հիշողություն» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացնելու է կոլեկցիոներ-բանաստեղծի եզակի հավաքածուն՝ լեգենդներով ու գաղտնիքներով:
Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում Թումանյանը մեծ տեղ էր տալիս ճաշակին՝ կիրթ ու նուրբ ճաշակին: Ուներ գեղեցիկ իրերի պաշտամունք. դրանցից յուրաքանչյուրն արվեստի մի նմուշ է` հետաքրքիր պատմությամբ:
««Ցուցանմուշը կենդանի հիշողություն»-ը 2020-ին առցանց ցուցադրության նյութականացված տարբերակն է: Այն շատ ծավալուն է ու հետաքրքիր: Թումանյանի իրերը, որոնք երկար տարիներ ցուցադրվել են թանգարանի հավաքածուում, մեկնաբանվելու են նոր լույսի տակ, բացահայտելու են Թումանյան կոլեկցիոների նախասիրությունները»,-ասաց Հարությունյանը:
«Նոր գրքեր թումանյանասերներին» ծրագրի շրջանակում էլ ընթերցողներին կներկայացվեն «Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու»-ի չորրորդ հատորը և «Թումանյանը ժամանակակիցների հուշերում»-ի երկրորդ հատոր:
«Շարքերը շարունակական են լինելու: Այդ գրքերը ֆունդամենտալ գիտական աշխատություններ են, որոնք թանգարանի կոլեկտիվի ամենամեծ ձեռքբերումներից են: 2020-ին լիարժեք լոքդաունի ընթացքում այդ գրքերը ստեղծվել են զրոյից»,-ընդգծեց փոխտնօրենը:
Թանգարանը փորձում է դուրս գալ 2020-ին ստեղծված բարդ իրավիճակից, փորձում է նոր ու առավել հետաքրքիր ծրագրեր կազմել: 2021-ին անցկացնելու են «Յոթը սարի հետևում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը, որն առաջին անգամ նախորդ տարի է մեկնարկել և մեծ հաջողություն ունեցել: Աշոտ Հարությունյանը հույս հայտնեց, որ տարին անակնկալներ չի մատուցի, և կկարողանան իրականացնել բոլոր նախաձեռնությունները:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի ծխական դպրոցում: 1883-1887-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանն սկսել է ստեղծագործել 1880-ական թվականների կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հատոր 1-2, 1890-92):
Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» պոեմներում պատկերված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: 1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժ գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ:
Թումանյանի ստեղծագործությունը զգալիորեն կապված է բանահյուսության հետ: Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար»՝ 1892, «Փարվանա»՝ 1903, «Թմկաբերդի առումը»՝ 1902, «Հսկան»՝ 1908, «Մի կաթիլ մեղր»՝ 1909, «Աղավնու վանքը»՝ 1913, «Թագավորն ու չարչին»՝ 1917): 20-րդ դարի սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ՝ «Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912) և այլն, փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:
Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքորը» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982): Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916-1922) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:
1899-ին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:
Թումանյանն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը: 1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:
Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում