Ո՞րն է Աստծուն հնազանդվելու պատճառը
Նմանատիպ
Ի՞նչ է նշանակում առողջ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ։ Մեր իրականության մեջ այսօր խախտված փոխհարաբերությունները ավելի տարածված են, քան առողջ փոխհարաբերությունները։
Ինչպե՞ս «նորմալ» քաոսից առաջ գնալ՝ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու համար։ Կան օրենքներ, որ Աստված է սահմանել մեզ օգնելու համար։ Հնազանդությունն ու սերը սերտորեն կապված են միմյանց հետ։ Նրանք երկուսն էլ մեծ ազդեցություն ունեն իրար վրա։
Եթե ցանկանում ենք հնազանդվել Աստծուն, պետք է սովորենք սիրել Նրան։ Սերն այն հիմքն է, որի վրա կառուցվում է հնազանդությունը։ Որքան շատ սիրենք Աստծուն, այնքան իմաստավորված կլինի Նրան հնազանդվելը։ Հնազանդությունը խորհրդանշում է մեր հավատքը՝ Աստծո իմաստության և զորության հանդեպ:
Շատ հաճախ մտածում ենք, որ հնազանդվել նշանակում է՝ հեզ ու առանց մտածելու ենթարկվել ինչ որ մեկի հրամանին կամ կարգադրություններին: Ի դեպ, իր լավագույն դրսևորումներով, հնազանդությունը ներկայացնում է մեր հավատքը բարձրյալի իշխանության՝ այսինքն Աստծո իմաստության և զորության հանդեպ:
Հնազանդություն ասելով պետք է հասկանալ՝ վստահել, հանձնել և հանձնվել Աստծուն և նրա խոսքին: Դրանով մենք արտահայտում ենք մեր հավատքն առ Աստված և արժանանում երկնային զորությունների օգնությանը: Հնազանդությունը ընտրություն է: Դա ընտրություն է մեր անձնական սահմանափակ գիտելիքի, զորության և Աստծո անսահման իմաստության ու ամենազորության միջև:
Աստծուն հնազանդվելու որոշումը պետք է գա սրտից, սրտի ամենախորը նվիրվածությունից, այն է՝ հնազանդվել Աստծուն անկախ այն բանից, թե ինչ ես զգում։ Եվ մի բան էլ, ինչքան շատ խոսենք Աստծո հետ, այնքան լավ կճանաչենք Նրան և այնքան շատ սեր կզգանք Նրա հանդեպ։
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում