Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը
Նմանատիպ
Հայաստանի վերջին հարյուրամյա պատմության մեջ այսօրվա իրավիճակը իր բովանդակությամբ, ծավալներով և հետևանքներով կրկնում է 1918-1921թթ․ ազգային բոլոր անկումները և տխուր սովորույթը՝ Հայրենիքից տարածքներ զիջել թշնամուն։ 1921թ․ մարտի 16 -ին Մոսկվայում կնքված բոլշևիկյան Ռուսաստան -Թուրքիա պայմանագրով թշնամուն հանձնվեց 30 հազար քառ․կմ տարածք, իսկ կովբյուրոյի 1921թ․ հուլիսի 5-ի որոշումով Լեռնային Ղարաբաղը մտցվեց Սովետական Ադրբեջանի կազմի մեջ։ Այսօր նույն սկզբունքներով թշնամուն է հանձնվել 10 հազար քառ․կմ տարածք, սպառնալիքի տակ դնելով Հայաստան Պետության ապագան։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանին (ՀՄՖԱ) ահազանգել էր, որ իշխանության և ընդդիմության միջև օր-օրի խորանալու են հակասությունները, ինչը Հայաստանի Հանրապետության համար վերածվելու է լրջագույն սպառնալիքի: Լեգիտիմ ճանապարհով ձևավորված իշխանությունների ծայրահեղ անհաջողությունների, սխալների և բազմաթիվ կորուստների հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունը վերածվել է լեգիտիմությունը կորցրած ապակառուցողական իշխանության:
Ելնելով վերոնշյալից, ՀՄՖԱ-ն 2021թ․ հունվարի 21 -ին հանդիպեց ՀՀ վարչապետի հետ՝ որպես ճգնաժամը առաջացրած կողմի, առաջարկելով ընդունել ՀՄՖԱ-ի ճանապարհային քարտեզը, գալ ընդհանուր համաձայնության, ինչի արդյունքում հնարավոր կլիներ ՀՀ-ում արտահերթ ընտրությունների միջոցով դուրս գալ ճգնաժամից և վերականգնել երկրի կյանքի բնականոն ընթացքը: Խոսելով այս մասին ՀՀ վարչապետի հետ, ՀՄՖԱ-ն հաշվի էր առել, որ երկիրը ենթարկվել է ծանր վայրիվերումների, բնօրրանի զգալի հատվածների կորստի, հետևաբար ստեղծված իրավիճակի հաղթահարումը հնարավոր է միայն ազգային համերաշխության և միասնականության պայմաններում : Ցավոք սրտի ՀՄՖԱ-ի և ՀՀ վարչապետի հանդիպումը ցանկալի արդյունքը չտվեց, իսկ հանրության մեջ ներքին երկփեղկումը շարունակվեց՝ ձեռք բերելով ավելի վտանգավոր և ծայրահեղ ձևեր: Իշխանության և ընդդիմության միջև ստեղծված գերլարումը անհնար է դարձնում երկրում դրական զարգացումները և հանրության բնականոն կյանքը վերականգնելուն ուղված բոլոր ջանքերը:
ՀՄՖԱ-ն համարում է, որ հանրությանը մոլորության մեջ պահելու իշխանության տևական գործընթացը ծանրագույն կորուստներ է բերել երկրին և ժողովրդին։ 2020 թ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության հիմքի վրա անհանդուրժելի զիջումների շարունակական պրակտիկային կարելի է վերջ տալ միայն հանրապետության վարչապետի անհապաղ հրաժարականով, ազգային շահերին հետամուտ ժամանակավոր իշխանություն ձևավորելով: ՀՄՖԱ-ն ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը և վստահ է, որ Հայոց Բանակը ժողովրդի հետ է, ինչպես ժողովուրդն է Հայոց Բանակի հետ: Սա Հայոց Բանակի և ժողովրդի միասնականության ևս մի փայլուն ապացույց է։
Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանու անդամներ
Արման Նավասարդյան, արտակարգ և լիազոր դեսպան,
Լենսեր Աղալովյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Ալեքսանդր Մանասյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
Վարդան Խաչատրյան, փիլիսոփա, կրոնագետ,
Գառնիկ Մարգարյան, պաշտոնաթող գնդապետ,
Արամ Մկրտչյան, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ,
Ազատ Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտ աշխատող
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում