Խաչի ու ցավի մասին
Նմանատիպ
Ամեն մեկն էլ ինչ-որ խաչ է կրում: Հիվանդություններ. մեկ դու առողջ էիր, մեկ էլ հանկարծ քաղցկեղով ես հիվանդանում ու սկսում խելագարվել: Ամուսնանում ես, իսկ կես տարի անց հանկարծ կինդ մահանում է: Կամ ամուսինդ: Վեց ամիս տևած ամուսնություն, ես նման դեպք հիշում եմ: Հասկանո՞ւմ ես: Երեխան ծնվում է խնդիրներով, ու դու ծննդաբերության յոթերորդ օրվանից բժիշկների մոտ ես վազում: Ի՞նչ է այս ամենը: Կյանքդ հանկարծ կտրուկ փոխվում է:
Կամ մանկական կաթվածով երեխայիդ հետ այգի ես գնում, իսկ բոլորը քեզ են նայում, անհարմար ես զգում ու ինքդ քեզ ասում. «Այո, սա իմ երեխան է, իմ խաչը: Մինչև ե՞րբ: Չգիտեմ: Բժիշկներն ասացին, որ այլևս այդպես է լինելու»: Մի՞թե դա խաչ չէ:
Իսկ ինչ-որ մեկն էլ աշխատանք չունի: Արթնանում է առավոտյան, ուզում է աշխատանքի գնալ, բայց չունի, փնտրում է, բայց դժվար է գործ գտնելը: Մի՞թե դա ևս խաչ չէ:
Երրորդն իր կաշվից դուրս էր գալիս բուհ ընդունվելու, դիպլոմ ստանալու համար: Եվ ահա վերջապես հպարտանում է, որ ավարտել է համալսարանը, խնջույք է կազմակերպում դիպլոմավոր մասնագետ դառնալու կապակցությամբ: Իսկ հետո ի՞նչ անի այդ դիպլոմը: Նա ուրախանում է դրան նայելով ու գնում սուպերմարկետում աշխատելու. պանիր է կտրատում կաթնամթերքի բաժնում: Ես այդպիսի ընկեր ունեմ, դրա համար էլ ասում եմ քեզ դրա մասին: Մի՞թե սրանք փոքր խաչեր չեն, մի՞թե ցավ չէ: Դա էի ուզում ասել:
Ուր ուզում ես գնա, ամենուր խաչերի կհանդիպես: Ինչ էլ անես, միևնույն է, կյանքի ընթացքում խաչ կրելու ես: Վերջ, դա օրենք է, այլ ճանապարհ չկա:
Եթե մեղքեր գործես, ապա վերջում անպայման խաչ ես կրելու: Մեղքի հատակում քեզ դառնություն է սպասվում: Այսինքն՝ Աստված չի անհանգստանում, Նա ասում է. «Թո՛ղ նրան, այդ երեխան ինչ էլ անի, որքան հեռու էլ գնա, ինչի մեջ էլ խճճվի, որքան էլ փչանա, ուշքի կգա: Ինչ որ բան նրան վայր կիջեցնի, սահուն թե ոչ, բայց ամեն դեպքում նա վայր կիջնի»:
Եթե սխալներ ես գործում, ապա հետո վճարելու ես դրանց դիմաց: Եթե մեղքեր ես գործում, հետո ցավ ես ապրելու: Ես դա շատերի օրինակով եմ տեսել, որ գալով՝ տրտնջում են ու ասում.
– Մենք խաչ ենք կրում:
Բայց բավական է մի փոքր խորամուխ լինել նրանց կյանքում ու անցյալում, տեսնել, թե ինչպես էին ապրում ու հասակ առնում, միանգամից կտեսնես մեղքերն ու անփութությունը: Իսկ նրանք հետո ասում են. «Ես խաչ եմ կրում»: Եվ ես նման մարդուն ասում եմ.
– Ախր ի՞նչ խաչ ես կրում, ա՛յ թանկագինս: Ի՞նչ խաչ: Դու դա խա՞չ ես անվանում: Մի՞թե Աստված է քեզ այն տվել: Ախր դրանք քո սխալներն են, որոնց համար այժմ վճարում ես:
Այսինքն՝ իսկ ի՞նչ էիր ուզում: Երիտասարդությունդ անառակության, հարբեցողության մեջ, գիշերային ակումբներում մսխեցիր և ուզում ես, որպեսզի այժմ ամեն ինչ հալած յուղի պես լինի՞: Դեռ Աստծուն ես մեղադրում, ասում, որ նահատակ ես, խաչ ես կրում: Իսկ մի՞թե Աստված է այդ խաչն ուղարկել քեզ: Ախր ինքդ ես քեզ խորտակել:
Ուրեմն եկեք տարբերակենք, թե ինչ է նշանակում «խաչ եմ կրում» և «սեփական ընտրության ու անբանության պտուղներն եմ քաղում»: Ոչ բոլոր խաչերն են օրհնված, սրբագործված, Սուրբ Խաչի շնորհով ու փայլով դրոշմված:
Մի կին է գալիս ինձ մոտ ու ասում.
– Աշխատավայրում բոլորն իրենց տարօրինակ են պահում, ինձ հետ չեն խոսում, պատերազմ են մղում իմ դեմ:
Որոշ մարդկանց դեմ իսկապես մարտնչում են, չնայած որ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն, սակայն կան այնպիսիք, որ ուղղակի իրենք են դրա համար առիթ տալիս: Եվ ի՞նչ է ստացվում: Մի քիչ փորփրում ես, որպեսզի տեսնես այդպիսի մարդու կյանքն ու այնտեղ քմահաճույքներ ես տեսնում: Եվ մարդիկ, բնավորությանդ չդիմանալով, բնականաբար այնքան էլ լավ չեն վերաբերվում քեզ: Իսկ դու մտածում ես, թե խաչ ես կրում: «Ես խաչ եմ ուրիշի համար»,- ասելու փոխարեն, ասում ես. «Ես եմ խաչ կրում», այսինքն՝ քեզ հավասարը չունեցող հերոս ու մարտիրոս ես զգում: Փոխարենը հարցնես ինքդ քեզ. «Իսկ ես ինչո՞ւ եմ այսպիսին: Ինչո՞ւ է բնավորությունս այսպիսին: Որտե՞ղ եմ դժվարություններ ստեղծում մարդկանց համար: Ինչո՞ւ եմ քմահաճ, եսասեր ու կամակոր»:
Այդ ամենը քո մեջ փնտրիր: Դու խնդիր ունես: Սա հանուն Քրիստոսի հալածանք չէ, որովհետև Տերն ասում է. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար» (Մտթ. 5:10) և մեկ այլ տեղ. «Ինձ համար և Ավետարանի համար» (Մրկ. 8:35): Քեզ Տիրոջ ու Ավետարանի համար չէ, որ հալածում են, այլ քո հիմարության: Ես քեզ չեմ մեկնաբանում, նկատողություն չեմ անում, բայց եթե ես ծանր բնավորություն ունեմ և ոչ մեկն ինձ տանել չի կարողանում, ես չեմ կարող ասել. «Ես հանուն Տիրոջ խաչ եմ կրում»:
Օրինակ՝ մի կին, որը տանը կամակոր է, և՛ եկեղեցի է գնում, և՛ տանը բոլորի համար դժվարություններ է ստեղծում: Կտրուկ է խոսում, մանրախնդիր է, մշտապես վիճում է, բոլորին ուղղում, ձգտում է բոլորին իր բանաձևերին ենթարկեցնել և ուզում է ամուսնուն ստիպել, որ կերակուրն առանց ձեթի ուտի, երբ վերջինս սովոր չէ անգամ Ավագ շաբաթվա ընթացքում պահք պահել, իսկ նա նրանից ուզում է ամեն ինչ ու միանգամից: Իսկ հետո, երբ ամուսինը նրան ասում է. «Այսօր դու այնտեղ չես գնա, ես քեզ չեմ թողնում», նա սկսում է նյարդայնանալ ու ասել.
– Ամուսինս իմ խաչն է:
Բայց չէ՞ որ ինքդ նրան հրահրեցիր: Այդ դեպքում ի՞նչ խաչ: Խաչն այն է, որը Քրիստոս է տալիս: Երբ դու լավն ես, իսկ քեզ հետապնդում են, դա կլինի ճշմարտության, համբավի, մարտիրոսության խաչ: Երբ դու խոնարհ ես, իսկ քեզ զրպարտում են, երբ ընչաքաղց չես, իսկ քեզ արծաթասեր, եսասեր են անվանում: Երբ դու մաքուր ու անբասիր ես, ընթանում ես կուսության ու ժուժկալության մեջ, իսկ քեզ անառակ, մեղավոր ու անբարոյական են անվանում: Այ դա խաչ է, երբ զրպարտում են քեզ: Տերը դա տեսնում է, և հրեշտակները զարմանում են այդ մարդու հոգու փայլով:
Սուրբ Նեկտարիոս Էգինացին խաչ էր կրում. նա սուրբ էր ու խոնարհ, իսկ նրան անբարոյական ու իշխանատենչ էին անվանում, զրպարտում էին: Եվ մինչ կրում էր իր խաչը, չէր խոսում: Արտաքին աշխարհում բոլորը հետապնդում էին նրան, իսկ հոգում Տերն էր, որ քաղցրացնում էր նրա ցավն ու կյանքի դառը թույնը քաղցր մրգահյութի վերածում: Գիտե՞ս, թե ինչեր է կրել այդ սրբի հոգին: Եվ նա որքան է լացել Էգինայի իր սենյակում, երբ ցերեկվա հալածանքներից հետո իջել է երեկոն: Գիտե՞ս:
Այժմ մենք խոսում ենք դրա մասին ու ապշում, բայց նրանք սրբեր էին: Սուրբն էլ ցավ կզգա, եթե խփես նրան, և եթե դանակը նրա սիրտը մտցնես, նա նույնպես ցավից կբղավի: Սուրբ Նեկտարիոսն էլ էր զգում, բայց ամեն ինչի դիմանում էր: Սրբերն էլ անզգամ չեն: Որպեսզի նրան ասեն, թե ինքը անբարոյական է, իսկ նա մտածի. «Ոչինչ, դա ինձ չի վերաբերում»: Դա նրանց վրա թանկ էր նստում: Նա մտածում է. «Ես մարդ եմ, ցավ եմ զգում, բայց, Տե՛ր Աստված, հանուն Քեզ ու Քո վերքերին նայելով ընդունում եմ այս ամենը: Նայում եմ Քո փշե պսակին ու ինքս ինձ ասում՝ լռի՛ր: Ինձ վրա, ինչպես Քրիստոսի, դեռ չեն թքել: Գլխիս փշե պսակ չեն դրել, ինչպես որ Տիրոջ գլխին, ինձ չեն հարվածել, ձեռքերս չեն մեխել: Ես համբերում եմ, որովհետև սիրում եմ Հիսուս Քրիստոսին, իսկ ցավ եմ զգում, որովհետև ամենասկզբից ասացիր ինձ, որ «Իմ կողքին ցավ ես զգալու»:
Տերը ճշմարտությունը քեզնից չի թաքցրել և ասել է.
– Եթե Ինձ մոտ գաս, ապա ցավի ու փորձության միջով կանցնես:
Լաց կլինես, ծանր կլինի քեզ համար, սահմանագծին կհասնես, պատուհաններն ամուր կփակես, որպեսզի ոչ ոք քեզ չլսի, երբ կբղավես.
– Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, փրկի՜ր ինձ:
Եվ ցավից, տառապանքից, անելանելի վիճակից, ամեն ինչից գլուխդ պատերին կխփես: Սակայն Տերն ասել է քեզ դրա մասին: Եվ դու կանչում ես.
– Ինչի՞ համար է այս ամենը:
Իսկ Տերը պատասխանում է.
– Որովհետև, զավա՛կս, դու դրախտի դարպասներից անդին ես: Իսկ այս կյանքում մենք այլ կերպ, քան ցավի միջոցով է, չենք կարող փրկվել:
Դա խորհուրդ է:
Կրկնում եմ՝ այլ կերպ չի ստացվի. այս աշխարհում, որ ապրում ենք, ցավ ենք զգալու: Խաչը խորհուրդ է, իսկ եթե խորհուրդ է, ապա պատասխան չկա: Եվ ես նույնիսկ շատ ուրախ եմ, որ չեմ կարող պատասխանել քեզ: Չեմ կարող քեզ պատասխանել, սակայն չեմ ամաչում դրանից, և ոչ մեկը չի կարող ինձ ասել, որ սխալ պատասխան եմ տվել: Այս պատասխանը ճիշտ է: Պատասխանը ճիշտ է, երբ քեզ հարցնեն, թե ինչու, իսկ դու պատասխանես՝ չգիտեմ:
Միայն մի բան գիտեմ, որ այդ հարցդ ինձ ուղղված չէ, այլ Տիրոջը: Նրա՛ն հարցրու: Ծնկի՛ իջիր, լա՛ց եղիր, նայի՛ր Նրա աչքերին, այդպես է կապը ձևավորվում. մենք նայում ենք Նրա աչքերին, Ում հետ խոսում ենք:
– Նայի՛ր աչքերիս,- քեզ է ասում Տերը,- նայի՛ր ձեռքերիս, նայի՛ր կողիս, սուրբ գլխի՛ս, ոտքերի՛ս: Եթե կարող ես՝ մտի՛ր հոգուս մեջ («Հոգիս տխուր է մահու չափ» (Մտթ. 26:38)) և խոսի՛ր: Ցավդ դատարկի՛ր, և այնժամ կպատասխանեմ քեզ:
Եվ դու ամեն ինչ պատմում ես Նրան:
Մաղթում եմ, որպեսզի Տե՛րը պատասխանի քեզ, այլ ոչ թե ես: Որովհետև զանգահարում ես ինձ ու հարցնում. «Ախր ինչո՞ւ այդպես ստացվեց իմ կյանքում»: Մի՞թե ես պիտի պատասխանեմ այդ հարցին: Կա Մեկը, Ով կարող է քեզ պատասխանել: Իսկ ես մի բան գիտեմ, որ Տեր Աստված քեզ սիրում է, և բացառված է, որպեսզի Նա սխալ գործի: Գիտեմ նաև, որ ես դրախտի դարպասներից դուրս եմ գտնվում, և ցավն իմ կյանք է մտել, իսկ հոգիս առանց ցավի չի ուղղվի:
Թույլ տուր մի պարզ բան պատմել քեզ: Մի մարդ ինձ ասաց.
– Ինչ մեղք ասես, որ չեմ գործել կյանքում, երբ ամեն ինչ լավ էր:
Ես նրան պատասխանեցի.
– Մենք քեզ հետ գործընկերներ ենք:
– Ի՞նչ նկատի ունես:
Նկատի ունեմ անհոգությունն ու հարմարավետ կյանքը, քանի որ կյանքն առանց խաչի տանում է դեպի հանգստացում. «Այ հիմա արի մինչև վերջ թուլանանք»: Կյանքում ամեն ինչի հանդեպ անտարբեր ենք դառնում, ծույլ ենք, ալարկոտ, պարապ ու անգործ թրև ենք գալիս: Փող ունես ու ծախսում ես, չարաշահում ես ինչ-որ բան: Հետո հանկարծ տնտեսական ճգնաժամ է սկսվում, և դու, հո՛պ, միանգամից ուշքի ես գալիս: Չարաշահումներն ավարտվում են:
Դու մեղքեր էիր գործում, գիշերային կյանք վարում, կնոջդ թողեցիր, բայց ահա մի ցնցում, և դու ուշքի ես գալիս: Ինչ-որ վատ բան է պատահում, բայց այն իր հետ լավն է բերում: Այդ լավն այն է, որ դու ապաշխարում ես, խորհում, հասկանում, որ այս հողը, որի վրա քայլում ենք, հաստատուն չէ, որ գոյություն ունի մահ, գոյություն ունի նաև ավարտ:
Երիտասարդներն իրենց հոգին ախտորոշելիս հաճախ ավելի անկեղծ ու մաքուր են լինում: Մեկն ինձ ասաց.
– Երբ անգլերենի վկայականը ստացա, նույն գիշերը մեղքեր գործեցի:
Դիպլոմ ստանալու համար նա աղոթում էր, ընթերցանության խաչը կրում ու ծանրաբեռնում իրեն: Ավարտական դասարանների քանի՜ ուսանող է ասում.
– Այնքա՜ն եմ կարդում, որ հոգնածությունից անգամ մեղք գործելու ուժ չի մնում:
Խաչը ընթերցանությունն է: Դու ուժասպառ ես, մեղք չես գործում, սակայն երազում ես. «Ամռանը, երբ քննություններն ավարտվեն, ինչ ուզեմ՝ կանեմ»:
Մի՞թե մենք իսկապես այդպիսին ենք: Իսկ մի՞թե այդպիսին պիտի լինի Աստծուն տրված խոստումդ: Նույնն է, թե մարտահրավեր նետես Աստծուն՝ ասելով.
– Տե՛ր Աստված, եթե ուզում ես, որպեսզի ես լավ երեխա լինեմ, ինձ միշտ սանձած պահիր:
Եվ Աստված պատասխանում է.
– Ես չեմ ուզում քեզ սանձած պահել: Ուզում եմ, որպեսզի ինքդ ձգես կյանքիդ գոտին:
Ինչպես վանականները, որ գոտի են կապում, ձգում են այն, և այդ գոտին նշանակում է մարմինը մեռցնել: Նույնը Սուրբ Խաչն է անում քո կյանքում: Եվ Աստված տեսնում է, որ ճգնում ես, և թողնում է, որպեսզի շարունակես ճգնել: Իսկ հերիք է գոտիդ թուլացնես, միանգամից սահմանն անցնում ես, ճամփից շեղվում և հայտնվում օտարի այգում: Եվ Աստված ասում է. «Եթե այս գառնուկին թողնեմ, ապա գայլը նրան կուտի: Ավելի լավ է որևէ դժվարություն, փորձություն, գայթակղություն, հարված ուղարկեմ նրան»,- և դու ճշմարիտ ուղուն ես վերադառնում:
Եթե կրկին շեղվում ես, այնժամ մի 7-8 օրով հիվանդանոց ես ընկնում, նայում ես այնտեղ առաստաղին ու մտածում. «Ի՞նչ անեմ: Ախր ինչպե՞ս կյանքս այսպիսին դարձավ»,- ու կրկին ու կրկին մի լավ խորհում ես ամեն ինչի մասին: Իսկ հետո մտորումներիդ արդյունքում հասնում ես Աստծուն ու կյանքի իմաստին:
Դու ոչնչի մասին չես մտածում, երբ ամեն ինչ լավ է: Փորձիր մոտենալ գիշերային ակումբում զվարճացող պատանուն և ասել որևէ բան այն ամենից, ինչի մասին այսօր խոսեցինք: Նա քեզ կասի.
– Ինձ հանգի՛ստ թող, ընկերս: Թո՛ղ իմ կյանքով ապրեմ, զվարճանամ:
Բայց երբ նրան այցելես ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նա կսկի աչքերիդ նայել՝ օգնության, իրավիճակից դուրս գալու, մխիթարության ակնկալիքով:
Խաչը մեզ լավություն է անում: Այլ է, որ ստիպում է միևնույն ժամանակ ցավ ապրել:
Թանկագի՛ն եղբայրներ, մենք բոլորս խաչված ենք՝ մեկն ավելի շատ, մյուսը քիչ, սակայն մեկը խոնարհվում է խաչի առջև, իսկ մյուսն այն չի հասկանում, զայրանում է, նյարդայնանում: Եկե՛ք հայացքներս Տիրոջն ուղղենք, որպեսզի յուրաքանչյուրս իր պատասխանը ստանա: Դրա համար ուղղակի անհրաժեշտ է ցավի մեջ խորասուզվել, մերժել ինքդ քեզ, խոնարհվել, վշտանալ, աղոթել, արտասվել, և այնժամ Աստված կգա, և դու կմխիթարվես:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում