«Գովք հիմարության»
Նմանատիպ
– Եռաստիճան է, թե քառաստիճան
Սանդղակը մտքի – չի կարող ասել,
Ու հիմա, իբրև անիմաստ մի ջանք,
Խոսելու կիրք է իր մեջ արթնացել:
Ուսուցանելու անհեթեթ մարմաջ,
Որ անմիտներին թվում է անքեն,
Մունետիկներն այդ ամուլ արարման
Քարոզիչների դիմակ են հագել:
Օ, տգիտության կուրացնող նախանձ –
Քեզ տուրք են տալիս բազում «քերթողներ» –
Մի աղետաբեր, տարածվող աղանդ
Ու եռաստիճան մտքի թերթոններ:
Տգիտությունն այդ, սակայն, գույն չունի,
Բայց չունի, ավաղ, նա նաև սահման…
Չունենք մենք բախտն այն` ինչ հիմարն ունի,
Ու նրա համար այս է սահմանված:
Ու կիրքն այդ անել – իբրև մի մանրէ,
Ու միտքն այդ ամուլ – իբրև մի միջատ,
Չի կարողանում ոչինչ հնարել –
Մնում է անգույն, մնում է միջակ:
Ու պղտորվում է «ձիրքը» ձանձրալի
Այս անմտագույն օրերի հանգույն –
Ու այդ վարակը հորձանք է տալիս,
Ու հոսում է այդ կիրքը անհագուրդ:
Եվ նա փորձում է տողեր ներարկել
Երակների մեջ բյուր ընթերցողաց –
Բացում է բոլոր դռներն անարգել,
Փորձում է լիզել, փորձում է սողալ
Կյանքի հատակին, մինչ թևեր առնի
Ու միջատի պես ճախրի երկնքում –
Ապավինելով թևածող բառին,
Բայց իր երգերի խլուրդները կույր
Ոչինչ չեն տեսնում և հորատում են,
Եվ հողի մեջ են որոնում ուղին,
Ու նրանց հոռի հակումն է մատնում
Քաղաքի ձգվող, հսկա կոյուղին –
Իր մեջ առնելով այդ վարակածին
Եռքը արնապիղծ, կույր երակների –
Նրանք կենում են ոչ միայն հացիվ,
Այլ հանգերով և առանց հանգերի
Գծում են անմիտ, չանչավոր տողեր
Ու հղանում են հոծ բառակույտեր,
Բայց այդ հղացման վերջը ցնցող է –
Բայց վերջում նրանց… բառերը կուտեն…
Հրաչյա Թամրազյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում