Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am

Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am

Դեկտեմբերի սկզբներին Խծաբերդի հատվածում գերեվարված Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին: Նրանց պահանջը մեկն է՝ հստակ իմանալ, թե երբ են իրենց որդիները վերադառնալու, ով պիտի նրանց բերի, ինչ է լինելու:

Գերեվարված զինծառայողների ծնողները ընդգծում են, որ առ այսօր իրենց հարցերին պատասխան չի տրվել, միայն ասում են՝ համբերեք, սպասեք, լավ կլինի:

«Մեզ պետք է մեր երեխեքի հարցի լուծումը, ով պիտի մեր հարցին լուծում տա: Եթե չկա այդպիսի մարդ, թող պարոն վարչապետի հետ հանդիպում կազմակերպեն, բայց վաղվա օրով: Մենք վարչապետի հետ ունեցել ենք հանդիպում, բայց մեր հարցերին հստակ պատասխաններ չեն տրվել: Վաղը նորից հանդիպում ենք ուզում վարչապետի հետ, մեր երեխաների ճակատագրի մասին մեզ հստակ պատասխաններ են պետք: Այսօր-վաղը, այսօր-վաղը էլ հնարավոր չէ սպասել, մենք անելանելի դրության մեջ ենք: Մոլորված չգիտենք ում դիմենք, պատասխան չկա»,- ասում է գերեվարված զինծառայողներից մեկի մայրը:

Շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատները պահանջում են իրենց տղաներին վերադարձնել.

«Մարտի 8 է, գոնե երեխեքին բերեք տվեք իրանց ծնողներին՝ ուրախանան, էլ ուրիշ բան չենք ասում: Ամեն ամսվա վերջին ասում են՝ էս ամսվա վերջին կբերենք, էս ամսվա մինչև 15-ը կբերենք, բայց 12 ամիս կա, ու կարող ա մենք էսպես տարիներով սպասենք ամսվա վերջին: Մենք էստեղ սպասում ենք, իսկ էն տղաների վիճակը պատկերացրեք. ու ինչքա՞ն պիտի սպասենք:

Մեր երկրի վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը թող գա մեզ վերջնական պատասխան տա՝ ինչ պիտի լինի այս հարցը:

Ինչքան սպասենք, 80 օրից ավելի մեր երեխեքին չենք տեսել, էլ ի վիճակի չենք սպասելու»,- ասում են գերեվարված զինծառայողների մայրերը:

Մեկ այլ գերեվարված զինծառայողի հայր էլ ասում է.

«Ինչքան երկարում է այս գործընթացը, այնքան երեխեքի դրությունը ավելի վատանում է, մենք խնդրում ենք, որ մեր ղեկավ

արությունը երեխեքին վերադարձնեն: Մենք ծնող ենք, ու էս կանայք լաց ու կոծով ամբողջ օրը էստեղ են, մինչև ե՞րբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երեխեքը սաղ-սալամաթ վերադառնան մեզ. մենք ինչ ձևով հանձնել ենք, այդ ձևով ընդունենք։

Մենք այսօր դարձել ենք հոգեկան հիվանդ, էս ժողովուրդը տանջանքի մեջ, գետինները նստած, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»:

Ծնողներն ընդգծում են, որ իրենց որդիները գերեվարվել են զինադադարից 1 ամիս անց, խաղաղ պայմաններում:

Շիրակցի գերեվարված զինծառայողների ծնողները շեշտում են, որ շարունակելու են մնալ այնքան, մինչև գա այն մարդը, ով ռեալ կպատասխանի իրենց հարցերին և կտա դրանց լուծում:

«Մենք գնալու տեղ չունենք, չգիտենք՝ գլուխներս առնենք ուր գնանք… խելագարության են հասցրել ծնողներին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբներին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդի հատվածում 62 անձ է գերեվարվել, նրանք Շիրակի մարզից են: Հավելենք, որ նրանցից 8-ն արդեն վերադարձել են ընտանիք:

Աղբյուրը՝ Galatv.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում