Մինչև չմեռնես, հարություն չես առնի

Մինչև չմեռնես, հարություն չես առնի

Պահքի շրջանն է: Այս շրջանում մարդիկ առավելապես կարևորում են զղջման ու ապաշխարության խորհուրդը՝ որպես պահքի անբաժանելի մաս: Պահքի շրջանում հատկապես տարածված է այն տեսակետը, թե մինչև չմեռնես, հարություն չես առնի: Այս ընթացքը, սակայն, խտացումն է մեր ողջ կյանքի: Մենք ամեն անգամ մեղք գործելով՝ որոշակիորեն և փոխաբերաբար մեռնում ենք, իսկ զղջմամբ ու ապաշխարությամբ՝ հարություն առնում:

Մեր ամեն շաբաթն, օրինակ, մի ողջ շրջան է, որի ավարտին այցելում ենք եկեղեցի և զղջման աղոթքով մաքրում մեր հոգին և հեռանում՝ կարծես վերագտնելով փրկության ճանապարհը:

Զղջման աղոթքն իր մեջ ներառում է մեր գործած բոլոր մեղքերը: Այն միաժամանակ օգնում է մեզ, որպեսզի կարողանանք տեսնել ու հաղթահարել մեր գործած մեղքը՝ թողություն խնդրելով: Խոստովանությունը կարևոր քայլն է՝ մեղքի հաղթահարման ճանապարհին: Եվ մեղքի թողությունը սկսվում է հենց գիտակցումից և զղջումից: Ինչպես Անառակ որդին, որ վերադարցավ Հոր գիրկն՝ ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու» (Ղուկաս 15:18-19):

Մենք՝ քրիստոնյաներս, պահքի այս շրջանում փորձենք բաց լինել մեր մեղքերն ընդունելու հարցում: Թող մեր շուրթերից անվերջ հնչի ոչ թե այն հարցը, թե «ի՞նչ մեղք եմ գործել, որ ապաշխարեմ», այլ զղջման աղոթքը: Գիտակցենք, որ թեպետ, այո՛, մեռնում ենք մեղքով, սակայն ունենք հարության հնարավորությունը, որի ճանապարհին մեզ ուղեկից պիտի լինի զղջումը և ապաշխարությունը:

Զղջման աղոթք

Մեղանչեցի Ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:

Մեղանչել եմ Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ (զորություններով), մտքովս և նրա շարժմամբ (շարժումներով), մարմնովս և նրա զգայությամբ (զգայարաններով):

Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, հուսահատությամբ և թերահավատությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական գիջությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ : Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, անհոգությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերով զազրագործությամբ, ականջներովս ցանկասիրությամբ լսելով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով: Մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. Հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի: Մեղանչեցի Աստծո դեմ:

Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:

Աղբյուր՝ Qahana.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում