Արամ Սարգսյանն արդեն 20 օր ապօրինի կալանավորված է. փաստաբան

Արամ Սարգսյանն արդեն 20 օր ապօրինի կալանավորված է. փաստաբան

Իրավապաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Գագիկ Սողոմոնյանի գործով երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանի մեղադրանքի, առավել ևս կալանավորման ծայրահեղ ապօրինի և հակատրամաբանական լինելու մասին վերջին օրերին շատ է խոսվել։

Ինչպես արդարացիորեն նշել էր հարգարժան գործընկերներիցս մեկը, Արամ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն իր բնույթով և էությամբ պաշտոնեական կեղծիք է, այլ ոչ թե քրեադատավարական փաստաթուղթ։

Սակայն զարհուրելի, հակաիրավական և անտրամաբանական են անգամ այս քրեական վարույթի շրջանակներում Արամ Սարգսյանի նկատմամբ իրականացված, ինչպես նաև չիրականացված անխտիր բոլոր գործողությունները։

Մի կողմ թողնենք Արամի երեք երեխաներին իրենց հայրիկին տեսակցել արգելելը և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից Արամին ամեն գնով կալանավորելու վերաբերյալ հրաման տալու առերևույթ փաստերը, որոնց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այժմ իրականացվում է քրեական վարույթ։

Արամ Սարգսյանը այս գործով միակ մեղադրյալն է, ում բնակարանը և ավտոմեքենան չեն խուզարկվել, բնակարանից բոլոր էլեկտրոնային տեխնիկայի միջոցները չեն առգրավվել։
Կարծես թե ԱԱԾ-ի նպատակն է եղել արագ մեկուսացնել Արամին։

Այս իրավական խայտառակության միակ տրամաբանական բացատրությունը հետևյալն է՝ ԱԱԾ աշխատակիցներին թվացել է, թե Արամն է հեղինակել իրենց ղեկավարի վերաբերյալ Գագիկ Սողոմոնյանի փետրվարի 19-ի ժամը 20:42-ի գրառումը, և որոշել են արագ ձերբակալել և կալանավորել Արամին՝ առանց ժամանակ ունենալու կատարել մյուս գործողությունները։

Սակայն հետագայում ոչ ԱԱԾ աշխատակիցներն են «ռիսկ արել» իրենց ղեկավարին զեկուցել, որ սխալ մարդու են բռնել, քանի որ Արամը 178.17.168.170 IP-ին միացել է վեց րոպե հետո՝ ժամը 20:48-ին , ոչ Արամին կալանավորող դատավոր Վահագն Մելիքյանն է «դուխ արել» դրա մասին զեկուզել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։

Արդյունքում Արամ Սարգսյանը արդեն 20 օր ապօրինի կալանավորված է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում