Ապաշխարության հորդորակ (Սարգիս Շնորհալի)
Նմանատիպ
Արդ, քանի որ մենք դատաստանի տակ ենք, և Դատավորն էլ դռան մոտ է, իսկ մենք բազմաթիվ դատապարտություններով հիվանդ պառկած ենք, հեռացնենք մեզանից ամեն ծուլություն և մեղքեր: Սանձ դնենք մեր լեզվին և դուռ՝ բերանին, դաստիարակենք մեր աչքերն ու ականջները, մաքրենք մեր ձեռքերը և բոլոր անդամները, մտքի և սրտի բոլոր շարժումներն ընծայենք Աստծուն: Պահակ դնենք մեր մտքի և բերանի վրա, որտեղից մահ է մտնում, վերստին շահենք մեր անձերը և արծվի պես նորոգենք մեր մանկությունն ու նոր փետուրներով զարդարվենք: Մեր մեղքերի հնությունը՝ հին մարդու կերպարանքը մերկացնենք և նորոգենք ըստ մեր Արարչի պատկերի, խոստովանությամբ և ապաշխարությամբ արփիափայլ զարդարվենք, ձյան պես սպիտակ լինենք և բրդի պես մաքուր, և ամեն ժամ պատրաստենք մեզ երկնաթռիչ ճանապարհի համար: Որովհետև անհայտ է օրը և ծածկված է ժամը, և որոգայթի պես հասնելու է յուրաքանչյուրի վրա, ըստ տերունական առակի, և գողի նման գիշերով ներս է մտնելու և սպանելու:
Եվ քանի որ այդպիսի ահավոր ատյան կա մեր առջև, իսկ Դատավորն արդար է, անսուտն, անկաշառ, զարհուրենք Դատավորի դատաստանից, ակնածենք պատասխանատվությունից, և քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է, բարի գործենք, և քանի դեռ օր կա, լույսի և ցերեկվա որդիներ լինենք: Քանի որ կգա գիշերը, որի ժամանակ ոչ ոք չի կարող գործել, քանզի այս է գործելու ժամանակը, երբ դեռ կարելի է շահել:
Եթե Բարերարը մեզ ապաշխարության կանչի, չդանդաղենք և մեղքի պատճառներ չստեղծենք, որպեսզի դատապարտվելով՝ չարտաքսվենք դրախտից ոչ թե այս անեծքի երկիրը, այլ գեհենի հուր, որտեղ աչքերի լաց է և ատամների կրճտոց: Ոչ թե այս փշաբեր երկիրը, այլ այն, որտեղ թունավոր որդեր են ծնվում, ոչ թե այս [երկիրը], որտեղ պատվիրեց երեսի քրտինքով հաց վաստակել, այլ այն, որտեղ հացի սով է և ջրի ծարավ, այսինքն՝ Աստծու խոսքի և նրա մարդասիրության:
Ինքներս մեզ նայենք, այլ ոչ թե սնոտի և անցավոր բաներին, մաքրենք մեր գերանը, որպեսզի ուրիշների փուշը չտեսնենք, ցանկասիրությանը չծառայենք, այլ ողջախոհությամբ պարկեշտանանք, ագահությամբ կռապաշտ չլինենք, այլ ողորմությամբ քավենք մեր մեղքերը, արատավոր տեսությամբ չպղծենք մեր աչքերը, այլ արտասուքով մաքրենք, անպատկառ երգերով չարատավորենք մեր ականջները, այլ աստվածային պատվիրանները լսելով մաքրենք, պիղծ շոշափումներով մեր ձեռքերը չապականենք, այլ աղքատներին ողորմություն տալով և աղոթքի համար բարձրացնելով մաքրենք:
Երբ Տերը պատրաստվի նստել շնորհների աթոռին, խոստովանությամբ մոտենանք նրա շնորհների գահին և հարմար ժամանակին նրա առջև ողորմություն գտնենք՝ նրա օգնությամբ: Այժմ շնորհներ է բաշխում, այժմ, մեղքերի թողություն է տալիս, այժմ կարեկցում է տառապողներին, այժմ վշտակցում է վշտացածներին և սգում սգավորների հետ, այժմ բժշկում է վերքերը, այժմ վերցնում է հիվանդությունը, այժմ մեղքերի մահը լուծանում է, այժմ քիչ բան է խնդրում և մեծ բաներ շնորհում, այժմ երկնքի արքայություն, անճառելի կյանք և բազմաթիվ բարիքներ է խոստանում: Չսպասենք դատավորի աթոռին և գալիք դատաստանին, քանզի այն իրավունքի ու դատաստանի աթոռ է, երբ վեր կենա շնորհների աթոռից և բազմի փառքի աթոռին, այդ ժամանակ արդարորեն չափելու և հատուցելու է, և կշեռքի նժարի պես կշռելու է թե՛ մեծերի և թե՛ փոքրերի գործերը:
Այժմ Աստված օգնական է չարիքներից զղջացողների համար, իսկ այնժամ՝ ահարկու, մարդկանց արհամարհող, այժմ համբերող է մեր հազարավոր սխալներին, իսկ այնժամ իր վճռական բարկությունը կթափի անհնազանդ որդիների վրա, այժմ հորից ավելի գթասիրտ է մեղքերով բեկվածների հանդեպ, և մորից ավելի է մորմոքվում սգավորների մեղքերի վրա: Դրա համար մեկ աղաչում է, մեկ՝ աղերսում, մեկ պատգամավորներ ուղարկում. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, վարդապետներ և հովիվներ և մի անգամ էլ Իր Որդուն ուղարկեց մեղավորների հետ հաշտության համար: Իսկ այն ժամանակ՝ ինչպես Տեր և Դատավոր, հաշիվ է պահանջելու Իր համբերատարության և գթության համար, ինչն այստեղ արհամարհեցինք:
Արդ, սիրելինե՛րս, այս ամենը իմանալով՝ չարհամարհենք Աստծու սերն ու համբերատարությունը, քանզի Աստծու քաղցրությունը մեզ ապաշխարության է կանչում: Մեր խստությամբ և անզեղջ սրտով բարկություն չկուտակենք Աստծու արդար դատաստանի օրը, որ հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի, այլ երկյուղով տնօրինենք մեր կյանքը՝ վախենալով ոչ միայն գեհենի տանջանքներից, այլ հատկապես՝ Աստծուց մերժվելուց և նրա բարի դեմքից զրկվելուց:
Արդ, մեր ձեռքերում է Աստծուն տեսնելը կամ չտեսնելը, ուստի եթե նրան այստեղ տեսնենք աղքատների դասով և քաղցրությամբ խնամենք, քաղցածներին կերակրենք և ծարավածներին ջուր տանք խմելու, մերկերին հագցնենք և օտարներին հյուրասիրենք, հիվանդներին տեսության գնանք և բանտարկյալներին ազատենք, ապա նաև այնտեղ կարող ենք տեսնել նրան, և լսել նրա քաղցր ձայնը, թե. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթեոս 25:34), որին բոլորս էլ արժանի լինենք՝ շնորհով, մարդասիրությամբ և ողորմությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի: Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Պատրաստեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում