Ադրբեջանն ընտրությունների է գնում 14 քաղբանտարկյալ ունենալով. Amnesty International

Amnesty Internatioanl իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությամբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության’ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 9-ին, մեկնարկում են երկրում նվազագույնը 14 քաղաքական բանտարկյալների առկայության պայմաններում:

Կազմակերպությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին եւ իրավապաշտպաններին: Կազմակերպությունը նաեւ նշում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատանում է:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունը եւ դեմոկրատական ընտրություններ անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում