Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առիթով բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ

Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակի առիթով բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ

Մարտի 13-ին նշվելու է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։

Տուն-թանգարանից հայտնում են, որ կկայանա «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, Ռեգինա Ղազարյանի՝ «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունը, ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդելու Չարենցի ձեռագրերը` տարածվելով թանգարանի ցուցասրահով: Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը, Նաիրյան վոկալ անսամբլի համերգը։

Ռեգինա Ղազարյանը (հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի) Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահեց ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն, Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։

Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթե կտորների մեջ և դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ բարեկամուհիներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է 17 տարի անց՝ Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց Եղիշե Չարենցը ետմահու արդարացվում է:

Եղիշե Չարենցը՝ Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:
Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

1936թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղդրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:

 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում