Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի դեմ նոր դիվերսիա է պատրաստվում

Անհայտ անձիք օգոստոսի 9-ին մուտք են գործել Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի բնակարան: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քերիմլին ընտանիքով բացակայել է բնակարանից:

 Քերիմլին «Ազադլըգ» թերթին հայտնել է, որ անհայտ անձիք հատուկ եղանակով բացել են իր բնակարանի դուռը եւ մտել ներս: «Բնակարանից ոչինչ չի կորել: Դա վկայում է այն մասին, որ անկոչ հյուրերն այլ նպատակներ են ունեցել»,- ասել է նա:

Ալի Քերիմլին նշել է, որ նման դեպք տեղի է ունեցել մի քանի օր առաջ եւս: «Այն ժամանակ եւս նկատել էինք կողմնակի անձանց կողմից մեր դուռը բացելու նշաններ: Քանի որ դա կրկնվեց կարճ ժամանակ հետո, որոշեցինք հայտնել այդ մասին: Չգիտեմ, ինչով էին զբաղվել անկոչ հյուրերը մեր բնակարանում, բայց ես համոզված եմ, որ այդ մարդիկ կապված են հատուկ ծառայությունների հետ, եւ այդ բոլորը կապված է իմ քաղաքական գործունեության հետ»,- ասել է Քերիմլին:

Նա չի բացառել, որ հնարավոր է’ իր բնակարանում լսող սարք է տեղադրվել, կամ էլ փոխել են նախկինում տեղադրվածի տեղը:

Կուսակցությունում կասկածում են, որ իրավապահ մարմինները պարզորոշ բացատրություններ կտան, բայց անհրաժեշտ են համարում ուսումնասիրել անվտանգության ոլորտում անկախ փորձագետների կարծիքները:

Ադրբեջանի ժողճակատ կուսակցության առաջնորդի դեմ նման դիվերսիա կատարվել էր նաեւ 2005 թ-ի սկզբին. նրա աշխատասենյակից լսող սարք էր հայտնաբերվել: Այն ժամանակ Քերիմլին այցով գտնվում էր արտասահմանում եւ կուսակցության տնտեսվարները, օգտվելով այդ առիթից, վերանորոգել էին նրա սենյակը: Վերանորոգման աշխատանքների ժամանակ սենյակի անկյուններից մեկի հատակի ծածկույթի տակ լսող սարք էր հայտնաբերվել, ինչի մասին մամուլում հրապարակումներ են եղել:

Ենթադրվում է, որ Ժողճակատ կուսակցության ղեկավարման խորհրդի առաջիկա նիստում Ալի Քերիմլին կառաջադրվի նախագահի թեկնածու’ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում