Վահագն Դավթյան. Ձորի մշուշ, վիհի մխանք

Վահագն Դավթյան. Ձորի մշուշ, վիհի մխանք

***
Ձորի մշուշ, վիհի մխանք,
Լեռան կապույտ ու ձյան ալիք՝
Իրիկնային մուժում կորչող
Մի քարեղեն հրաշալիք…
Ու ես գիտեմ, վիհերն ի վար
Խենթ ջրերի ծուխ է ու ձայն,
Քարի արցունք, մամուռի լաց,
Կաթող ծաղիկ ու ծիածան։
Եվ անձավներ, ու ոգիներ՝
Անձավներում այդ կապուտակ,
Որ արթնանում կեսգիշերով,
Թափառում են լուսնյակի տակ:

Ձորի մշուշ, վիհի մխանք,
Լեռան կապույտ ու ձյան ալիք,
Կապույտի մեջ ու ձյունի մեջ՝
Իրար կպած աստղ ու ծաղիկ:
Ու ես գիտեմ, վիհերն ի վեր
Վանք է ավեր, գիր է եղծված,
Ու վանքից վեր, երկնքից վեր՝
Ինչ-որ թախիծ ու առեղծված,
Ինչ-որ հավքի թևաբախում,
Ինչ-որ աստղի մի տաք մխանք՝
Տառապանքի նման մի սեր
Ու սիրո պես մի տառապանք…

Հետևեք մեզ նաև Telegram-ում