Ստացվում է՝ գորգերը հնարավոր էր դուրս բերել, մնացածը՝ ոչ․ Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստացվում է՝ գորգերը հնարավոր էր դուրս բերել, մնացածը՝ ոչ․ Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փորձ էր կատարվում Շուշին վերականգնել որպես մշակութային մայրաքաղաք։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթացքում Շուշիի պատմամշակութային արժեքների կորստի մասին խոսելիս ասել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։

«Շուշին հայ ժողովրդի համար ուրիշ նշանակություն ուներ։ Շուշիի կարևորությունը և Շուշին հատկապես վերջին ազատագրումից հետո, վերջին 10-20 տարվա ընթացքում այնպիսի զարգացում էր ապրել, որ այնտեղ գործում էր 5-6 թանգարան։ Փորձ էր կատարվում Շուշին վերականգնել որպես մշակութային մայրաքաղաք»,– ասել է Վարագյանն՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ էր կատարվում։

Վարագյանը նշել է, որ Արցախում մինչև 2018-19 թվականներն ավելի քան 4000 հուշարձաններ է վկայագրվել․ «Հսկայական կորուստներ ենք ունեցել ոչ միայն Շուշիում, այլ նաև Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններում, որտեղ գտնվում էին մեր պատմական ամրոցները, եկեղեցիները, բազմաթիվ խաչքարեր։ Խաչքարերը մի քանի օրվա ընթացքում հնարավոր էր տեղափոխել Հայաստան, բայց դա տեղի չունեցավ կառավարության անգործության պատճառով»,-ասել է նա։

Վարագյանը ձերբակալվել է, երբ սկսել է պահանջել նախկին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը․ «Թանգարանների կորստի և այնտեղ պահպանվող ցուցանմուշները վերադարձնելու համար մենք պահանջում էինք ԿԳՄՍ նախկին նախարարի հրաժարականը, ինձ այդ օրը ձերբակալեցին։

Նման տականքների պարապուրդի պատճառով՝ յուրաքանչյուրն իր ոլորտում, կորցրեցինք մեր հայրենիքը և մեր ընկերներին, և այնպիսի մշակութային ժառանգություն, որոնք շատ կարևոր նշանակություն ունեին»։

Վարագյանի խոսքերով, մինչև կապիտուլյացիայի ստորագրումը հնարավոր է եղել պատմամշակութային ցուցանմուշները դուրս բերել, բայց դուրս են բերվել միայն շուրջ 120 գորգ․ «Ստացվում է, որ գորգերը հնարավոր էր դուրս բերել, մնացածը՝ ոչ։ Չնայած, ինչ կարելի է ասել այն մարդկանց մասին, որ սպարապետի հուշարձանն անգամ թողեցին Շուշիում»։

Ավելին՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում