Հացադուլ` Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Թուրալ Աբբասլըի մայրը մտադիր է օգոստոսի 12-ից հացադուլի ակցիա սկսել երկրի նախագահի աշխատակազմի շենքի մոտ: Ակտիվիստի մայրը հայտարարել է, որ հացադուլ է սկսում’ նշան բողոքի մեկուսարանում իր որդու պահման անտանելի պայմանների դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նա ձերբակալված այլ երիտասարդ ակտիվիստների ծնողներին կոչ է արել միանալ այդ ակցիային: «Որդուս ձեռնաշղթաներ հագցրած դաժանորեն ծեծել են մեկուսարանում, եւ ես որպես մայր չեմ կարող եւ չեմ ցանկանում տանել դա»,- ասել է նա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ այսօր պիկետներ են անցկացվել’ բողոքելով ադրբեջանական կալանավայրերում երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներից:

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդի խորհրդական Եգյանա Հաջիեւան հայտնել է, որ պիկետավորները կոչով դիմել են միջազգային հանրությանը’ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների փաստերին, ինչպես նաեւ երիտասարդ ակտիվիստների դեմ բռնաճնշումներին արձագանքելու համար:

Վերջին 8 ամիսներին Ադրբեջանում 14 երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել, ովքեր մասնակցել են Բաքվում անցկացված’ չարտոնված հակակառավարական բողոքի ակցիաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում