Իրական և անիրական զղջում
Նմանատիպ
Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել դրախտը հենց երկրի վրա: Քրիստոս, մեր զղջումին ի պատասխան, գալիս և բնակվում է մեր սրտի մեջ և մեզ պարգևում Իր Կյանքը:
Զղջումն արտահայտվում է երկու ձևով` ճշմարիտ կամ իրական և ոչ ճշմարիտ կամ անիրական:
Նախ խոսենք անիրական զղջման մասին: Ի՞նչ է նշանակում անիրական զղջում: Բառն արդեն իսկ հուշում է մեզ, որ այս տեսակ զղջումն իրական չէ, այլ` թվացյալ: Անիրական զղջումը սատանայի լարած հերթական ծուղակներից մեկն է: Պատահական չէ, որ Սուրբ Գիրքը սատանային կոչում է ստի հայր (Հովհ. 8:44): Քանի որ նա ստի հայր է, հետևաբար այն, ինչ բխում է նրանից, պետք է լինի սուտ, խաբկանք կամ պատրանք: Երբ մարդը տրվում է անիրական զղջմանը, հայտնվում է սատանայի տարածքում, անպաշտպան Է և, բնականաբար, դառնում է խոցելի: Եկեղեցու փորձառության մեջ, այսինքն` թե՛ վանականների և թե՛ աշխարհի մեջ ապրող քրիստոնյաների մոտ, ցավոք, բազմաթիվ են այն մարդկանց օրինակները, ովքեր սատանայի այս տեսակ մեքենայությանը կամ խաբկանքին զոհ են դարձել: Դժբախտաբար, մեր ժամանակներն էլ այս առումով բացառություն չեն կազմում: Այդ պատճառով պետք է տարբերել իրական զղջումն անիրական զղջումից, իսկ տարբերելու համար անհրաժեշտ է իմանալ հետևյալը:
Անիրական զղջման ժամանակ մարդն արտասվում է, սակայն այդ արցունքները ոչ թե խաղաղություն են պարգևում նրան, այլ ավելի են ծանրացնում նրա հոգեվիճակը: Մարդը մտածելով, թե զղջում է ապրում, անզգուշաբար մտնում է այդ լաբիրինթոսի մեջ և անընդհատ խորանալով` այլևս կորցնում է դուրս գալու ճանապարհը: Մարդու մոտ մեղքի զգացումն այնքան է ուռճանում, որ նույնիսկ չի ցանկանում շփվել մարդկանց հետ, նրա աչքին ամեն ինչ գորշանում է: Հետևաբար, պետք է զգույշ լինել և հասկանալ, որ դա իրականում զղջում չէ: Դա հոգևորի հետ ոչ մի առնչություն չունեցող հոգեբանական վիճակ է: Երբեմն տեսնում ես մարդկանց, որ գալիս են եկեղեցի, լացում են իրենց կատարած մեղքերի համար, սակայն իրենց հոգիներում խաղաղություն չգտած՝ դուրս են գալիս եկեղեցուց: Սա տեսնելով` դժվար չէ հասկանալ, որ մարդը գտնվում է սատանայի կողմից լարած այդ ուռկանի մեջ: Պետք է ասել, որ այս ծուղակի մեջ ընկնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր չափազանց զգացմունքային են, որովհետև զգացմունքային լինելու վիճակը հոգևոր պատերազմի հաղթական ընթացքը կասեցնող, խոչընդոտող ու խանգարող բնույթ ունի: Զգացմունքային վիճակը թույլ չի տալիս, որ մարդն իրական զղջում ապրի և թունավորում է նրա ամբողջ հոգևոր աշխարհը: Այսպիսի մարդիկ չեն կարողանում ներել իրենք իրենց, չնայած այն հանգամանքին, որ Աստված իրենց արդեն ներել է: Զանազան մխիթարական խոսքերից հետո էլ նրանք չեն ցանկանում մխիթարություն գտնել: Ավելի ընկղմվելով` հասնում են հուսահատության և եթե զգույշ չլինեն, կարող են դիմել նույնիսկ ինքնասպանության: Անիրական զղջում ապրող մարդկանց համար շատ պատշաճ է ժողովրդական այն խոսքը, որն ասում է. «Թեթև տար»: Սատանան առանց այդ էլ ուրախանում է մեր բազմաթիվ անկումներով: Ինչո՞ւ ենք մենք էլ մեր հերթին այդ ամենին ավելացնում ևս մեկը: Ինչ սարսափելի մեղք էլ որ գործենք, Աստված մեզ միշտ ներում է և միշտ էլ պատրաստ է ներելու, և ջնջում է մեր գործած յուրաքանչյուր մեղքը, եթե ունենք անկեղծ և իրական զղջում:
Անիրական զղջման ժամանակ մենք, չհասկանալով, իրականում լացում ենք ոչ թե նրա համար, որ մեր կատարած մեղքով տրտմեցրել ենք մեր Հորը, մեր Տիրոջը, մեր Ծնողին` Հիսուս Քրիստոսին, այլ լացում ենք մեր վիրավորված «ես»-ի համար, մեր մասին ունեցած բարձր պատկերացումների համար: Հետևաբար, առանց վարանելու, անիրական զղջումը կարող ենք անվանել նաև եսասիրական կամ սատանայական լաց, որն Աստծու հետ ոչ մի առնչություն չունի և ունենալ չի կարող, հետևաբար նրա հետևանքն էլ պիտի լինի դժոխային, խավար, անիրական և հուսահատեցնող:
Անիրական զղջման մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիմենք Ավետարանին, մասնավորապես` Հուդայի օրինակին (Մատթ. 27:3-10): Նա մեր Տիրոջը մատնելուց հետո զղջաց իր կատարած մեղքի համար, և դա տեսնում ենք այն իրողության մեջ, որ նա վերադարձրեց երեսուն արծաթը քահանայապետերին և ժողովրդի ծերերին: Սակայն եթե զղջաց, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ինքնասպան եղավ: Ինքնասպան եղավ այն պատճառով, որ նրա զղջումն իրական ու անկեղծ չէր: Հուդան իր անիրական զղջմամբ գտնվում էր սատանայի ճիրաններում, որն էլ որսալով նրան` հասցրեց հուսահատության և, ի վերջո՝ ինքնասպանության:
Անիրական զղջման մասին իր հոգևոր փորձառությունն է մեզ փոխանցում նաև մեր Եկեղեցու մեծագույն հայրերից մեկը` Ս. Գր. Նարեկացին իր «Մատյան ողբերգության» Ժ գլխի հենց սկզբում: Մեջբերենք հատվածը.
«Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետև նրանք օտար են միմյանց
և նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ
մղում են մարդուն հուսահատության:
Զի կասկածում է մեկը Հզորի ձեռքի զորությանն,
Իսկ մյուսը չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է հույսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով` խնդում է սատանան,
Իսկ երկրորդով լիզելով արյունն, իբրև կերակուր`
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման»:
Նարեկացին անիրական զղջումն անվանում է «ուժգին զղջում», այսինքն` չափազանց զղջում և նշում, որ այն մարդուն կորստյան է մատնում: Այնուհետև քննելով «ուժգին զղջման» էությունը` տեսնում է, որ այն մարդուն տանում է դեպի հուսահատություն, որովհետև այդ տեսակ զղջումը կասկած է սփռում աստվածային հզոր ձեռքի զորության վրա, այսինքն` Աստծու` մեր անթիվ մեղքերը ներելու կարողության վրա, որից օգտվում է սատանան, ծիծաղում մեր անմտության վրա և մեզ կորստյան մատնում: Ուշադիր լինենք և մեր մտքի մեջ ունենալով Հուդայի օրինակը և Նարեկացու փորձառությունը` զգուշանանք, հեռու փախչենք «ուժգին զղջումից» այնպես, ինչպես հեռու կփախչենք այրող կրակից, և գիտակցելով նրա սփռած դժոխային հետևանքները, երբեք ու երբեք մեզ չդարձնենք նման հոգեվիճակների ստրուկը:
Այժմ անդրադառնանք իրական զղջումին: Իրական զղջում ապրողների օրինակները բազմաթիվ են թե՛ Հին, թե՛ Նոր Կտակարաններում և թե առհասարակ Եկեղեցու ողջ փորձառության մեջ:
Հին Կտակարանից նպատակահարմար ենք գտնում մեր ուշադրությունը բևեռել Ս. Դավիթ թագավորի օրինակին, ով պոռնկացավ Ուրիայի կնոջ` Բերսաբեեի հետ և հետո Ուրիային ուղարկեց պատերազմի թեժ տեղերը, որպեսզի մեռնի (Բ Թագ. 11:1-27): Ինչպես տեսնում ենք, Դավիթ թագավորն էլ, թույլ գտնվելով և չդիմանալով գայթակղությանը, մեղանչեց, սակայն դրան հետևեցին ապաշխարության ու զղջումի այն հոգենորոգ ապրումները, որին հրավիրեց նրան Աստված Ս. Նաթան մարգարեի միջոցով (Բ Թագ. 12:1-14): Նաթան մարգարեի` Դավթին ուղղված այն մի խոսքը, թե` «Դու ես այն մարդը, որ արել է այդ բանը…», նրա մոտ առաջ է բերում սրտացավ զղջում, որի համար էլ Աստված ներում է Դավթին:
Նոր Կտակարանում մեզ համար իրական զղջման փայլուն օրինակ է հանդիսանում Ս. Պետրոս առաքյալը: Նախևառաջ պետք է ասել, որ և՛ Պետրոս առաքյալի, և՛ Հուդայի գործած մեղքերը հավասարազոր մեղքեր էին: Պետրոսը, սակայն, ի տարբերություն Հուդայի, ապրեց իրական զղջում: Ս. Ղուկաս Ավետարանիչը հրաշալի կերպով նկարագրում է այս հատվածը (Ղուկ. 22:54-62), երբ ուրացումներից և, ի վերջո, աքաղաղի կանչելուց հետո մեր Տիրոջ և Պետրոս առաքյալի հայացքները հանդիպեցին, որին էլ հետևում է սրտի բեկվածությամբ Պետրոս առաքյալի ապրած իսկապես ճշմարիտ զղջումը: Հետաքրքրական է, որ Ղուկաս Ավետարանիչը Պետրոսի համար չի ասում` «լաց եղավ», այլ` «դառնորեն լաց եղավ» (Ղուկ. 22:62): Լեզվաբանությունից գիտենք, որ որպես խոսքի մաս, «դառնորեն» բառը մակբայ է, իսկ մակբայը ցույց է տալիս բայի որակը: Հետևաբար «դառնորեն լաց եղավ» արտահայտությամբ Ղուկաս Ավետարանիչը ցանկացել է ընդգծել Պետրոս առաքյալի զղջումի որակը կամ արժեքը, որն Աստծուն պարզապես ստիպում է գալ, փարվել ու Իր անսահման Սիրով պարուրել մեղանչած հոգուն: Ճշմարիտ զղջում ապրեց նաև Ղուկասի Ավետարանի մեջ նկարագրվող մեղավոր կինը (Ղուկ. 7:36-50): Իրական զղջման գեղեցիկ օրինակ է նաև մեր Տիրոջ հետ խաչված չարագործներից մեկը, ով սաստելով այդպես էլ չզղջացող մյուս ավազակին, ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել» և իր անկեղծ զղջումի համար պարգևատրվեց մեր Տիրոջ երանավետ այն խոսքով, թե` «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:39-43): Պետք է ասել, որ չնայած այն հանգամանքին, որ նախանձելի չէ իր կյանքի վերջին շնչում զղջում ապրող ավազակի օրինակը, սակայն մխիթարությունն այն է, որ գոնե հասցրեց զղջալ իր գործած մեղքերի համար և մյուս ավազակի նման հավատարիմ չմնաց իր մեղավոր վիճակին:
Իրական զղջման մասին խոսում է նաև Ս. Պողոս առաքյալն իր կորնթացիներին ուղղված Բ նամակի 7-րդ գլխի 6-10 համարներում: Մեջբերենք հատվածը.
«6 Բայց Աստված, որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով. 7 ոչ միայն` նրա գալով, այլև այն մխիթարությամբ, որով մխիթարվել էր նա ձեզ մոտ` պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրությունը իմ հանդեպ, այնպես որ ես էլ ավելի ուրախ եղա: 8 Եվ եթե ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թեպետ և զղջացել էի. որովհետև տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ: 9 Արդ, ուրախ եմ. ոչ որովհետև տրտմեցիք, այլ որովհետև ապաշխարության համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպես որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք. 10 որովհետև տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում»:
Ուշադրությամբ քննելով Պողոս առաքյալի խոսքերը` նկատում ենք, որ իրական զղջումը նա մեզ համար բացահայտում է 7-րդ համարի «ձեր լացուկոծը» արտահայտությամբ, իսկ 9-րդ և 10-րդ համարների նկարագրությունն ամբողջացնում է մեր պատկերացումներն իրական, անկեղծ և աստվածահաճո կերպով դրսևորվող զղջման մասին: Այս հատվածում մենք հստակորեն տեսնում ենք Պողոս առաքյալի` իբրև իսկական հոր խնամքի, հոգածության և սիրո անվեհեր և աննկուն հոգին, ինչպես նաև նրա սրտացավ վերաբերմունքն իր հոտի հանդեպ:
Առաքյալը 9-րդ համարի հենց սկզբում իր ուրախությունն է հայտնում, որ տրտմեցրել է Կորնթոսում ապրող քրիստոնեկան համայնքին այնպիսի տրտմությամբ, որը նրանց ապաշխարության և զղջումի է մղել, այսինքն` Պողոս առաքյալը նրանց այնպիսի «տրտմություն» էր պատճառել, որը պետք է ավելի ու ավելի մերձեցներ նրանց Աստծուն, որն ի զորու էր նրանց ազատագրելու մեղքից: Ուրիշ էլ ի՞նչ գերագույն նպատակ պետք է ունենար առաքյալը, եթե ոչ` փրկել մարդկանց սատանայի ճիրաններից: Նա, իր պատճառած տրտմությամբ, ցանկանում էր Աստծու կողմից իրեն վստահված հոտը դուրս բերել հոգևոր թմբիրից: Պատահական չէ, որ իմաստուն ժողովուրդն ասում է. «Նստիր քեզ տրտմություն պատճառողի կողքին և ոչ թե` ուրախացնողի»: Նա մի տեսակ կորնթացիներին հրավիրում է իրական զղջման, ինչպես ինքն է ասում` նրանց կոչ է անում «տրտմել ըստ Աստծու», այսինքն` տրտմել այնպես, ինչպես Աստված է ուզում, որ տրտմենք և ոչ թե այնպես, ինչպես մենք ենք ուզում տրտմել: Իսկ ի՞նչ է նշանակում «տրտմել ըստ Աստծու»: Դա այն աստվածահաճո հոգեվիճակն է, երբ արտասվում ենք մեր մեղքերի համար, երբ իսկապես սրտով ցավ ենք ապրում, զղջում ենք, որ տրտմեցրել ենք մեր Տիրոջը, մեր Ծնողին` Հիսուս Քրիստոսին և իբրև հետևանք այդ տրտմության` արցունքների հեղմամբ ջնջում ենք մեր մեղքերը` կամուրջ գցելով Աստծուց մեզ բաժանող անդունդի միջև: Այսինքն` իրական զղջումը դուրս է հանում մեզ Աստծուց բաժանող այդ սեպը և կրկին հաշտեցնում Նրա հետ: Իրական զղջումն այնքան քաղցր պտուղ է, որի համից անհնար է հագենալ. նրան հետևում են այն անսահման ու աննկարագրելի խաղաղությունը, հանգստությունը, ուրախությունն ու երջանկությունը, այն Կյանքը, որ Աստված պարգևում է մարդուն: Եվ դա նշանն է այն բանի, որ Աստված իսկապես ներել է տվյալ մարդուն: Եթե անիրական զղջման ժամանակ մեր հոգեվիճակն ավելի է վատթարանում, ապա իրական զղջման ժամանակ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Իրական զղջումը պարգևում է մեզ նաև հոգու և մարմնի կատարյալ առողջություն, բուժում է սատանայի կողմից մեր սրտին հասցված բոլոր վերքերը և մեզ դարձնում նոր ու կատարյալ մարդ, ինչպես ասում է Ս. Ն. Շնորհալի հայրապետն առավոտյան ժամերգության մեջ ընդգրկված շարականներից մեկում.
«…Տուր արտասուօք զմեղըս ջնջել
Եւ վերստին զմեզ նորոգել…»,
այսինքն`
«…Տուր արտասուքներ, որպեսզի մեր մեղքերը ջնջենք
Եվ վերստին մեզ նորոգենք…»:
Հրաշալի են իրական զղջումին վերաբերող Ս. Եփրեմ Ասորու հետևյալ խոսքերը. «…Եվ եթե պատահի, որ հաղթվես որպես տկար մարդ, դու դարձյալ կանգնիր նույնի մեջ: Եվ որչափ ընկնես, այնչափ փութա կանգնել, և Աստված քեզ այնպես կընդունի, իբրև թե բնավ ընկած չլինեիր:….» (Աղոթագիրք, «Գանձասար» հանդես, 1992 թ., էջ 33): Այն մարդը, որ իսկապես Աստծուն է ձգտում, բնականաբար, իր անձը հեռու է պահում մեղքից, սակայն քանի որ ունենք տկարություններ, այնպես է պատահում, որ հաղթվում ենք և ընկնում որևէ մեղքի մեջ: Այն, որ մեղք ենք գործում, մեզ չպետք է թուլացնի և հուսահատեցնի, այլ, ինչպես սուրբն է ասում, դրան անմիջապես պետք է հետևի կանգնելը, այսինքն` անկեղծ զղջալը, քանի որ Աստված այդ իրական զղջումի դիմաց մեզ այնպես է ընդունում, կարծես բնավ մեղք գործած չլինենք: Նույնը ասում է նաև Ս. Գր. Նարեկացին իր «Մատյան ողբերգության» պոեմի «Է» գլխի 1-ին մասի հետևյալ տողերում, որոնք մեջբերում ենք հատվածաբար:
«…Բայց աչքերից կաթած կաթիլ մի արցունք
Կարող է բանսարկուի չարագունդ զորքերը բոլոր ցամաքեցնել,
Ինչպես տկար խլրտումով գետնաքարշ սողացող
Բազմոտանի զեռունների ու որդերի վրա
Ընկած ձեթի կաթիլ և կամ դույզն ինչ թույն սատակչական:
Հեծեծող սրտի հոգուց դուրս ելած հառաչանքները
Բարկ արևի հետ խառն տոթաշունչ խորշակի պես
Հալեցնում են մեղքերի սառույցները սաստիկ,
Քանզի որդերի պես որքան հեշտածին են մեղքերը,
Նույնքան էլ դյուրամեռ են նրանք այս դիմադրական միջոցներով»:
Եվ Ս. Եփրեմ Ասորու և Ս. Գր. Նարեկացու և ընդհանրապես բոլոր սրբերի` մեզ փոխանցված հոգևոր փորձառությունը նույնն է, որը մեզ բերում է այն եզրահանգման, որ խնդիրը ոչ այնքան մեղք գործելն է, որքան իրական և անկեղծ զղջում չունենալը: Դա նման է այն բանին, որ մարմնական որևէ հիվանդություն ունենաս և չգնաս բժշկի մոտ, այսինքն` մեղքեր գործես, որի պատճառով հիվանդանում է հոգին, և չգնաս ճշմարիտ Բժշկի` Քրիստոսի մոտ, այսինքն` Եկեղեցի, որպեսզի զղջաս ու ազատագրվես այդ մեղքերից և առողջանաս: Հետևաբար, պետք է գիտակցենք իրական զղջման կարևորությունը և դրանով բժշկենք ու շնորհազարդենք մեր հոգին:
Պետք է ասել, որ իրական զղջումը չենք կարող արհեստականորեն ստեղծել մեր մեջ, այսինքն` մեզ ստիպել լացել ու ասել, թե զղջում ապրեցինք, քանի որ այն աստվածային շնորհ է, աստվածատուր պարգև: Դա մենք տեսնում ենք Ս. Ն. Շնորհալի Հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթագրքի 18-րդ աղոթքի տողերում.
Աղբյուր անմահության
Բխեցրու իմ սրտից
Ապաշխարության արցունքներ
Ինչպես պոռնիկին,
Որպեսզի լվանամ հոգուս մեղքերը
Նախքան հեռանալն իմ
Այս աշխարհից.
Եվ ողորմիր Քո արարածներին
Եվ ինձ` բազմամեղիս:
«Բխեցրու» բայը մեզ արդեն հուշում է, որ Աստված է մեր սրտի մեջ զղջման այդ արտասուքներն առաջացնողը և ոչ` մենք, և եթե այն Աստծուց է, հետևաբար պետք է զօրուգիշեր աղաչենք Նրան, որ մեզ` անարժաններիս, արժանացնի ճշմարիտ զղջման պտուղն ըմբոշխնելուն, որը վայելելով` մեզ կմաքրենք մեր անհամար մեղքերից և հաղթականորեն մուտք կգործենք Աստծու երանելի Արքայություն: Նրան փառք, գոհություն և երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Էդգար սրկ. Ծատուրյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում