Թուրքիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Լիբանան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել առանց անհրաժեշտության Լիբանան այցելելուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դա արվել է այն բանից հետո, երբ երկու օր առաջ Լիբանանում ծայրահեղականները առեւանգել են Թուրքիայի օդուղիների ինքնաթիռի հրամանատարին եւ նրա օգնականին: «Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը Լիբանանում պետք է իրագործի այդ երկրի կառավարությունը: Այդուհանդերձ’ խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին խուսափել Լիբանան այցերից»,- այսօր տարածած հայտարարությունում նշել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում խոստացել է ապահովել երկրում գտնվող թուրք զբոսաշրջիկների անվտանգությունը:

Թուրքիայի ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որի անձնակազմի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առեւնագվել են, Լիբանանից վերադարձել է Թուրքիա: Երկու թուրք օդաչուների ճակատագիրը դեռ անհայտ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում