Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Դատախազությունը չի բողոքարկել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին չկալանավորելու որոշումները։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Բեքարյանը, Ավագյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը մեղադրվում են Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ հարուցված քրեական գործով։ ԱԱԾ-ն պնդում է, թե այս էջին հասանելիություն է ունեցել մի քանի անձ, այդ թվում՝ գործով մեղադրյալները։ Արա Սաղաթելյանն ու Արամ Սարգսյանը կալանավորված են եղել, և ազատ են արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանի և Լուսինե Աբգարյանի որոշումներով։

Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանից, Մհեր Ավագյանի պաշպան Միքայել Շխիմյանից, Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանից տեղեկացանք, որ նրանց պաշտպանյալների նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ այս պահի դրությամբ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Նշենք, որ Սարգսյանը մարտի 15-ին է կալանքից ազատվել։

Նշենք, որ ըստ քրեական գործի՝ մեղադրյալները օգտվել են VPN հավելվածից։ Այս հավելվածից օգտվել է նաև Gagik Shoghomonyan օգտատերը։ Հավելվածն, ի թիվս այլնի, հնարավորություն է տալիս մուտք ունենալ այլ կայքերին, որոնց մուտքը սահմանափակված է։ 2020 թվականի պատերազմի օրերին, օրինակ, VPN հավելվածն օգտագործելով՝ հնարավոր էր մուտք գործել ադրբեջանական կայքեր, որոնց մուտքը Հայաստանից արգելափակված էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում