Մրցույթ, համերգ, կինոփառատոն. Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում բազմաժանր միջոցառումներ կանցկացվեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում համերգային երեկոներ, կինոցուցադրություններ, մրցույթներ, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ և այլ մշակութային նախաձեռնություններ կանցկացվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հայտնեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի կարևորը մասը կլինի «Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը», որն անցկացվելու է ապրիլի 6-ից 23-ը «Մոսկվա» կինոթատրոնում: «Փառատոնը կազմակերպում ենք Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի դեսպանությունների հետ գործակցությամբ: Ֆրանսերենով ներկայացնելու ենք տասը ֆիլմ՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով: Ներառվել են դրամա, կատակերգություն, փաստավավերագրություն, անիմացիա և այլ ժանրերի ժամանակակից կինոնկարներ»,-ընդգծեց դեսպանն ու հավելեց, որ փառատոնի բացմանը՝ ապրիլի 6-ին, կցուցադրվի Ալեքսի Միխալիկի «Էդմոն» ֆիլմը, իսկ փակմանը՝ապրիլի 13-ին, կներկայացվի Նիկոլա Բեդոսի «Հիանալի դարաշրջան» կատակերգությունը:
Ջոնաթան Լաքոտը կարևորեց այն, որ ապրիլի 10-ին փառատոնի շրջանակում ցուցադրվելու է Վենսան Սորելի «Կինոգործիչը տիեզերագնաց է» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հայ մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական կյանքի մասին: Ֆիլմի ավարտից հետո տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Փելեշյանի հետ:
Նախատեսում են ցուցադրություն կազմակերպել նաև Գյումրիում: Ապրիլի 10-ին Գյումրիի Կազա կենտրոնում կներկայացվի Միշել Օսելոյի «Դիլիլին Փարիզում» անիմացիոն ֆիլմը:
Դեսպանն ընդգծեց, որ մարտի 13-ից ապրիլի 18-ը դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կկազմակերպի «Ապրողները: Խաչվող հայացքներ. Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կներկայացնի ֆրանսիացի և հայ երիտասարդ լուսանկարիչներ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին:
Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսին հաջորդելու է հաջորդ տարի հայ լուսանկարիչների մասնակցությամբ Ֆրանսիայում նախատեսված ցուցահանդեսը:
Լաքոտը տեղեկացրեց, որ մարտի 20-ին կտրվի Ֆանկոֆոնիայի մրցույթների մեկնարկը, որոնց կարող են մասնակցել 15-ից 25 տարեկան ֆրանսախոս հայ երիտասարդները: Նրանց կառաջարկվի պատրաստել առավելագույնը 3 րոպե տևողությամբ տեսանյութեր 2021 թվականի մրցույթի թեմայի շուրջ՝ «Ասա տասը բառ, որտեղ օդի պակաս չկա» խորագրով:
Ֆրանկոֆոնիայի շրջանակում «Սաթե-Աթղը» թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և կներկայացնի «Սասնա Ծռեր» հայկական էպոսի հիման վրա բեմականացված երաժշտական ներկայացումը: Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում հանդիսատեսը կարող է բացահայտել այս ներկայացումը, որը միջմշակութային երկխոսություն է և որտեղ տարբեր ծագում ունեցող դերասանները, հեքիաթասացները, երաժիշտները հանդիսատեսին ճամփորդության կտանեն Կովկասից Աֆրիկա: Ներկայացվելու է երեք երգ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր և Սասունցի Դավիթ:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ապրիլի 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կկազմակերպի դասական երաժշտության համերգ, որում կներկայացվեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Մարտի 24-ին էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կկազմակերպի «Ֆրանսիայի համար՝ սիրով» համերգը: Երեկոյին կհնչեն հատվածներ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի, Ժյուլ Մասնեի և Շառլ Գունոյի օպերաներից:
«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ կանցկացվի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի կողմից: Երեկոն տեղի կունենա մարտի 31-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
«Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցելու պատմությունը բավականին նոր է, բայց Հայաստանը սրտով Ֆրանկոֆոն երկիր է, կատարել է ֆրանկոֆոն լինելու ընտրություն և պարտավորվել է տարածել ֆրանսերենը, ընտրություն է կատարել հետևելու և յուրացնելու Ֆրանկոֆոնիայի մշակութային արժեքները, որոնք ենթադրում են բազմազանություն»,-շեշտեց դեսպան Լաքոտը:
Նա շնորհակալություն հայտնեց այն հովանավորներին, մասնավորապես «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը, որն առիթն օգտագործում է հայ-ֆրանսիական համագործակցությանն աջակցելու համար:
Ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանն ասաց, որ մեծ ծրագրի մասնակից լինելն իրենց համար շատ կարևոր է, քանի որ ֆրանս-հայկական ձեռնարկություն են: «Մեր գործունեության հիմնաքարերից են կրթությունն ու մշակույթը: Երբ Ֆրանսիայի դեսպանությունից մեզ առաջարկեցին մասնակցել այս նախաձեռնությանը, սիրով համաձայնեցինք: Սա մշակութային ծրագիր է, որը հետաքրքիր է հայ մշակութասեր հանրությանը»,-նշեց Մազեջյանն ու հավելեց, որ դեսպանության հետ աշխատանքը շարունակական բնույթ կունենա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում