Խիղճը բարեկա՞մ, թե՞ հակառակորդ
Նմանատիպ
«Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման» (Մատթեոս 5.26-26)
Քրիստոսի տված այս օրինակը վերաբերում է մարդու և սեփական խղճի փոխհարաբերությանը: Քանի ապրում ենք, խիղճը մեզ ուղեկից է: Այն մեզ հանգիստ չի տալիս և քննադատում է անողոքաբար: Հիշեցնում է մի բանի մասին, որ մեր կյանքում պիտի լիներ, բայց չկա: Հիշեցնում է, որ մենք անարժան ենք ու մի օր պատասխան ենք տալու մեր արարքների համար: Եթե չկարողանանք հաշտվել մեր խղճի հետ, չլսենք նրա ձայնն ու չսրբագրենք մեր սխալները, դատաստանին այն լինելու է մեր անաչառ վկան, որ պիտի ասի. «Դու ճիշտը գիտեիր, քանի ես քեզ զգուշացնում էի, և դու չլսեցիր»:
Խղճի ձայնը հնչում է տարբեր կերպ: Հնչում է իշխանաբար, պահանջկոտ, ինպես մոր լացը, ով տեսնում է, թե ինչպես է զավակը կործանվում: Հնչում է բարեկամաբար, ինչպես ընկերոջ ձայնը, ով գիտի մեր մտադրությունները և գիտի նաև, որ կարող ենք չսխալվել: Հնչում է սիրով, ինչպես Տիրոջ ձայնը, Ով գիտի, թե ինչպիսին մենք կարող ենք լինել, բայց, ցավոք, այդ պահին այդպիսին չենք:
Երբ որևէ հավատացյալ դիմում է քահանային՝ մեղքերի թողության համար, հոգևորականի առաքելությունն է տվյալ մեղավորի մեջ ինքն իրեն տեսնելու, զգալու, վերապրելու դիմացինի կատարած մեղքերի սարասափը և նրա հետ հավասար սգալու գործված մեղքերի համար: Նույնը պետք է տեղի ունենա մեր և մեր խղճի միջև. պիտի լսենք մեր խղճի ձայնը, զգանք ցավը, որ այն ապրում է, և հետևենք նրա պատգամներին:
Խիղճն ամենաանկաշառ իրողությունն է մեր կյանքում: Այն կարողանում է արագ ու հստակ տարբերակել բարին չարից: Քրիստոս պատվիրում է հաշտվել խղճի հետ, բայց այդ հաշտությունը պետք է լինի ոչ թե ի հաշիվ փոխզիջումների, այլ խղճի ձայնի հաղթանակի: Քանի որ այն մեր հսկողությունից դուրս է, չենք կարող խիղճը մեր կամքին ու ցանկություններին, ճաշակին ու պատկերացումներին հարմարեցնել, այն փոխզիջումների չի գնում: Վատագույն դեպքում կարող ենք լռեցնել խղճի ձայնը, բայց այդ դեպքում խիղճը կդառնա մեզ հակառակորդ:
Խիղճը մի կողմից համընդանուր բարոյական օրենք է, իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուրիս առաքելությունն այդ օրենքներն իրագործելու: Խիղճը դաստիարակման արդյունք չէ, այն բնական որակ է, որ տրվում է յուրաքանչյուրիս: Միտքը կարող է շատ բարի ու ազնիվ մղումների առաջնորդել, բայց երբեմն կարիք ունի օգնության, ու հենց այստեղ է զգացվում խղճի և կամքի կարևորությունը:
Խիղճը նաև հարստացնում է մեր զգացական աշխարհն̀ իմաստավորելով ու մաքրելով այն: Օգնում է զգալ դիմացինին, բայց նախ և առաջ զգում է Աստծո ներկայությունն այնպես, ինչպես մարդը զգում է ցուրտը, տապը և լույսը:
Եսայի քհն. Արթենյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում