Կուլ տալու փոխարեն թքել ենք…

Կուլ տալու փոխարեն թքել ենք…

Միջազգային մամուլն եմ նայում, տարբեր փորձագետների գնահատականներ՝ բոլորը միաբերան նույնն են պնդում՝ հայ ժողովուրդը հոգնել է ամեն ինչից։ Պատերազմներից է հոգնել, մրցակցությունից, քաղաքականությունից, ինքն իրանից… Նույնը նաև Հայաստանում եմ հաճախ լսում։ Ընդ որում, ամենատարբեր մարդկանցից՝ սկսած քաղաքական առաջնորդներից, ավարտելով պարզ աշխատավորներից, ովքեր, հակառակ իրենց իսկ արտահայտած կարծիքի, շարունակում են ամեն օր ջանալ ու բարիք ստեղծել։
Վերջին շրջանում շատ եմ մտածում այս ամենի մասին։ Մի պահ, անգամ, քիչ էր մնում ինքս համոզվեի, որ ժողովուրդը հոգնել է։ Բայց ոչ, այսօր հասկացա, որ ոչինչից էլ չենք հոգնել։ Լավ էլ ուզում ենք աշխատաել, կառուցել, երկիր շենացնել ու լավ ապրել։ Խնդիրը, թերևս, այլ տեղ է՝ ներքին համաձայնություն չկա։

Պատահական եկա այս մտքին։ Քիչ առաջ Հայրիկիս հոդվածներից մեկն էի կարդում։ Նախ վերնագիրը՝ «Պատերազմը չարիք է, բայց խաղաղության մասին անուրջներն էլ իրատեսական չեն», արդեն իսկ բավական խոսուն է։ Բայց ամենակարևորն այդ չէ։ Հիշատակված հոդվածում Հայրս գրում է. «պատերազմը հնարավոր է՝ պատերազմող պետությունների բնակչության «համաձայնության» դեպքում»։ «Համաձայնություն» ասելով՝ նա առավելապես նկատի ունի ժողովրդի՝ սեփական ինքնիշխանությունը, արժեքներն ու պետությունը պաշտպանելու բարոյական և ֆիզիկական պատրաստակամությունը։ Հետո դիտարկում է պատերազմի բովով անցած տարբեր երկրների ու ժողովրդների օրինակներ ու հանգում հետևյալ եզրակացության.

«Ազգային կողմնորոշմամբ պետությունը, որն անդադար քարոզում է ազգային արժեքներ և հայրենասիրություն, միշտ պատրաստ է «համաձայնություն» ցուցաբերել պատերազմին: Հայկական պետությունների պարագայում դա կարևորագույն համարժեք պատասխանն է գոյություն ունեցող արտաքին մարտահրավերներին: Ընդ որում, որքան ընդգծված է պետության «համաձայնությունը» պատերազմի հարցում, այնքան փոքր է նրան ագրեսիայի ենթարկելու հավանականությունը: Եթե արաբական իմաստասիրությունը ճիշտ է համարում թշնամության մեջ խաղաղարար լինելը, ապա մեր խնդիրը պետք է լինի ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐԵԼԸ»:

Ահա այսպես՝ ապրել համաձայնության մեջ։ Վստահ եմ՝ սա է այն բանաձևը, որը կարող է դուրս բերել մեզ ստեղծված իրավիճակից։ Հայրիկի հոդվածի հղումը կտեղադրեմ այստեղ։ Կարծում եմ՝ շատերին կհետաքրքրի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Ցավալի է գիտակցել, որ մենք ունեցել ենք անցած պատերազմը հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց չենք կարողացել ընթանալ մեր հայրերի ճանապարհով։ Ամեն ինչ ծամած, մեր բերանում դրած էր։ Իսկ մենք կուլ տալու փոխարեն թքեցինք…

Հետևեք մեզ նաև Telegram-ում