«Արուս Ոսկանյանը տիֆից չի մահացել, դերասանուհուն սպանել են»
Նմանատիպ
Հավաստիացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը
Մատի մեկ սեղմումով լուսանկարչական ապարատի շնորհիվ ստացված յուրաքանչյուր կադր՝ անկախ որակից, հնարավոր է իր մեջ պարունակի մի ողջ պատմություն, հատկապես՝ երբ այն վերաբերում է որեւէ նշանավոր անհատականության։ Խոսքն այս դեպքում Չարենցի կողմից փառաբանված «Մելպոմենի չքնաղ դիցուհի», հայ թատրոնի մեծահռչակ դերասանուհի, ժողովրդական արտիստ Արուս Ոսկանյանի մասին է։
«Առավոտի» եւ Սերգեյ Առաքելյանի զրույցի «խոսուն վկան» մի լուսանկար է, որը տասնյակ տարիներ իր անձնական արխիվում է պահում արվեստաբանը։
Արուս Ոսկանյանը, Ավետիք Իսահակյանը և Թամար Դեմուրյանը Սևանում, 1943թ.
Առանց մեկնաբանության ներկայացնում ենք մեր զրուցակցի պատմածը. «Ավետիք Իսահակյանը շատ է սիրել Սեւանա լիճը եւ առիթը բաց չի թողել վայելելու նրա հմայքը։ Ամեն անգամ այցի գնալիս Վարպետը սրտի ցավով նկատել է, թե ինչպես է կուրացող աչքի նման օրեցօր ճպռոտում մեր կապուտաչյա չքնաղ գեղեցկուհին։
Հերթական անգամ Իսահակյանն այնտեղ է եղել 1943թ. հուլիսին։ Այդժամ նրան տեսակցության են գնացել Սունդուկյանի անվան պետական թատրոնի դերասանուհիներ Արուս Ոսկանյանն ու Թամար Դեմուրյանը։ Ասածիս վկան այս լուսանկարն է։ Դերասանուհիների անակնկալ այցը շատ է ուրախացրել Վարպետին։ Մտերմիկ զրույցի պահին, հարմար առիթ որսալով, Արուս Ոսկանյանը բանաստեղծին զգուշացնում է, որ իրեն հանձնարարել են «հետեւել Իսահակյանին եւ տեղեկություններ հայտնել ուր հարկն է…»։
Միամիտ բանաստեղծը Արուսի ասածը պատմում է իր բարեկամ, բանասիրական գիտությունների դոկտոր Վարագ Առաքելյանին։ Իսկ այդ «բարեկամը»՝ հավատարիմ իր դավանանքին, հասցնում է ուր հարկն է։ Այդ ամենից հետո հյուսվում է Արուս Ոսկանյանին պատժելու մի նողկալի ծրագիր. թատրոնի տնօրինությունից հայտնում են, որ Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղի կոլտնտեսականները ցանկանում են հանդիպել սիրված դերասանուհու հետ։ Արուսը սիրով ընդունում է առաջարկն ու մեկնում Աղավնատուն։ Երեկոն անցնում է ջերմ մթնոլորտում, կազմակերպվում է ճոխ հյուրասիրություն։ Այդ ամենից ոգեւորված՝ դերասանուհին Երեւան է վերադառնում ուրախ տրամադրությամբ, սակայն բարձր ջերմությամբ։ Հենց նույն օրը՝ 1943թ. հուլիսի 20-ին, կայծակնային արագությամբ տարածվում է 54-ամյա դերասանուհու անսպասելի մահվան լուրը։ Բժշկական եզրակացությունում այն ձեւակերպված է որպես բնական մահ, որն իբր առաջացել է թունավոր միջատի խայթոցից, որակվելով որպես «բծավոր տիֆ»։ Մինչդեռ դա կանխամտածված սպանություն էր։ Ի դեպ, ճշմարտությունը ոմանց հայտնի էր, բայց լռում էին։ Դե, հասկանալի է՝ զգուշանում էին…
Տարիներ անց իմ մտերիմ բարեկամուհու՝ հայտնի երգչուհի Մելանյա Աբովյանի հետ ուղեւորվեցինք Աբովյանի շրջանի (նախկին Կոտայք) Ելղովան գյուղ, հյուրընկալվեցինք Վարագ Առաքելյանի տանը։ Նա մեզ շատ ջերմ ընդունեց, րոպեների ընթացքում ճոխ սեղան գցեց… Երբ երեքս էլ գինովցած էինք, ես զգուշությամբ մոտեցա թեմային ու համոզեցի դոկտորին, որպեսզի նա ելույթ ունենա ռադիոյով եւ բարձրաձայնի Արուսի սպանության մասին։ Բնական է՝ սկզբում Վարագը երկմտեց, գրեթե հրաժարվեց։ Սակայն ես ավելի համառ գտնվեցի ու վերջապես ստացա նրա համաձայնությունը։ Հենց հաջորդ օրը ոչ թե հեռախոսազանգով, այլ անձամբ գնացի ռադիո, պայմանավորվեցի լուրերի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մատինյանի հետ՝ Վարագ Առաքելյանին ձայնագրելու համար։
Պայմանավորվածության համաձայն՝ Մելանյա Աբովյանը իր ավտոմեքենայով ռադիո ուղեկցեց դոկտորին… Կարճ ասած՝ Վարագը ներկայացրեց Արուսի սպանության պատմությունը…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում