Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը Երևանում ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսաներորդ դարի ամենաառեղծվածային ռեժիսորներից մեկի՝ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը՝ ապրիլի 4-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում հանրաճանաչ ռեժիսորին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լոֆթ»-ը կվերածվի Տարկովսկու կինոնկարների նկարահանման տաղավարի՝ ներկաներին տեղափոխելով ինտելեկտուալ ֆիլմերի հեղինակի տիեզերական աշխարհ։
#TarkovskyDay մեծամասշտաբ մշակութային միջոցառուման թեմատիկ իրադարձություններից բաղկացած ծրագիրը կօգնի բացահայտել մարդու, ով տեսել է հրեշտակին։
Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսությամբ հանդես կգա կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, «Հիշողությունների սեղան» խորագրով կներկայացվի Անդրեյ Տարկովսկու «Palaroid» (1979-1984) շարքի լուսանկարների արթ-ինստալյացիան, Տիգրան Աբգարյանը կներկայացնի «Stalker» խորագրով արթ-ինստալյացիան: Արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդեսին: Երեկոն կավարտվի ռեժիսորի «Հայելի» ֆիլմի ցուցադրությամբ: