Փորձ է արվում ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը. ԱԳ նախարար
Նմանատիպ
«Մարտի 20-ին տեղի ունեցավ մշակութային հանձնաժողովի մեկնարկային նիստ, որին մասնակցում էին ակնառու հայ արվեստագետներ։ Կցանկանայի իմանալ՝ ինչ նպատակով է ստեղծվել այդ հանձնաժողովը և ինչ թիրախներ ունի»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Պատասխանելով հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նշեց, որ մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել, և դրա ստեղծումը շատ կարևոր է։
«Ներկայումս, առավել քան երբևէ կարևոր է մեր միջազգային համագործակցության զարգացումը, մեր ներգրավվածությունը միջազգային հանրությանը։ Այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Ըստ Արա Այվազյանի, հայկական արվեստն ու մշակույթը դիվանագիտության միջոցով որոշ չափով պետք է դառնան Հայաստանի այցեքարտերից մեկը՝ միջազգային հանրության հետ շփվելիս։
«Մշակույթի միջոցով մենք ուզում ենք մեր դիվանագիտական աշխատանքում ձևավորվի Հայաստանի նոր ընկալում, վերականգնվի Հայաստանի ընկալումը՝ որպես տարածաշրջանի մշակույթի, կրթության և գիտության կենտրոն։ Մենք ունենք այդպիսի հարաբերական առավելություն, և այդ գաղափարախոսությունն է այս հարթակի ստեղծման հիմքում»,- ներկայացրեց ԱԳ նախարարը։
Արձագանքելով՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց, որ վերջին պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արցախի տարածքներում ադրբեջանական կողմն իրականացնում է հստակ քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության վերացման ուղղությամբ։
Ի պատասխան՝ Արա Այվազյանն ասաց, որ հայկական մշակույթի առաջմղումը միջազգային ասպարեզում հենց վերոնշյալ խնդիրն է հետապնդում։
«Հայտնի է, որ փորձ է արվում ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը։ Բայց դրա ոչնչացումը և պղծումը պետք է կանխվի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում