Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ
Նմանատիպ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանն (ԲԱ) իր 75-ամյակի կապակցությամբ ԲԱ ստեղծման և կայացման գործում մեծ ավանդ ունեցած անձանց անուններով է կոչել մի շարք կառույցներ։ Այս մասին հայտնում են Աստղադիտարանից:
Այսուհետ աստղադիտարանի խոշորագույն՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակը կկոչվի ԽՍՀՄ բոլոր խոշոր աստղադիտակների, այդ թվում և վերոնշյալ աստղադիտակի գլխավոր կոնստրուկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս Բագրատ Իոաննիսյանիի անունով (1911-1985թթ․), 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը՝ ԲԱ-ի խոշորագույն աստղագիտական շրջահայության հեղինակ, ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի անունով (1913-1985թթ․), իսկ ԲԱ հարող տարածքում գտնվող Վ․ Հ․ Համբարձումյանի, նրա ընտանիքի անդամների և այլ աստղագետների և մշակույթի գործիչների տապանատունը, որը վերջերս ԿԳՄՍ նախարարության որոշմամբ ստացել էր տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ, կանվանվի «Բյուրականի աստղադիտարանի պանթեոն»։
ԲԱ շքամուտքում տեղադրված դարպասները պաշտոնապես կոչվել են «Աստղային դարպասներ»՝ անվանում, որն աստղադիտարանի աշխատակիցներն օգտագործում են տարիներ շարունակ։
Նույն կերպ նախատեսվում է կատարել նաև 0,5մ հայելիով Շմիդտի աստղադիտակի, ԲԱ կոնֆերանսների շենքի, հյուրատան և այլ կառույցների ու տարածքների անվանակոչություն, ինչի մասին տեղեկատվությունը կլինի ավելի ուշ։
Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում