Դատախազությունը հրաժարվեց ՔՕ 300.1 հոդվածի մասին ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց․ Հայկ Ալումյան

Դատախազությունը հրաժարվեց ՔՕ 300.1 հոդվածի մասին ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց․ Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց՝ ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:

Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես:

Սակայն, այդ նույն որոշման մասին երեկվանից կատեգորիկ կարծիքներ են գրում ու տարածում որոշ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, թե ինչ դիմումներ են քննարկվել ՍԴ-ի կողմից, ինչ առարկություններ են եղել այդ դիմումների վերաբերյալ, ինչ խորհրդատվական կարծիքներ են եղել: Իրավիճակն էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ իմանում ես, որ այդ կարծիքները վերաբերում են մի որոշման, որի ամբողջական տեքստը դեռևս չի էլ հրապարակվել և դեռևս կողմերից ոչ մեկը չի ստացել:

Եվ իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից: Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել, որ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի կազմել (առավելևս՝ կարծիք հայտնել)՝ նախքան բոլոր նյութերն ուսումնասիրելը»:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր, ըստ այդմ՝ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատամամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում