Օպերայի բեմում Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլների «Զարթոնք»-ն էր՝ ձոնված պատերազմի անմահ հերոսներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի պարի պետական անսամբլները մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդես եկան համատեղ «Զարթոնք» համերգային ծրագրով՝ հանդիսատեսին ներկայացնելով իրենց լավագույն համարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Աշոտ Բաբայանի անվան Արցախի պարի պետական համույթի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ԱՀ վաստակավոր արտիստ Ռաուլ Բաբայանը խոստովանում է, որ շատ բարդ է նորից բեմ բարձրանալ և պարել, բայց, համագործակցելով Հայաստանի պարի պետական անսամբլի հետ, կազմակերպել են գեղեցիկ ծրագիրը:
Նրա խոսքով՝ համերգը խորհրդանշական է, քանի որ երկու հզոր պետություն կանգնում են և պարում շնորհիվ հայ ազգի՝ չմոռանալով, թե ինչի համար են զոհվել հերոս տղաները: «Մենք պարտավոր ենք քայլել գլուխներս բարձր, չկոտրվել և հզորացնել մեր պարարվեստը: Այդպես ցույց կտանք մեր թշնամուն, որ կոտրված չենք և շարունակելու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»,-շեշտում է Բաբայանը:
Մինչ Երևանում հանդես գալը, անսամբլը փոքր ծրագրով ելույթ է ունեցել նաև Արցախում: Ըստ Բաբայանի՝ պատերազմից հետո ժողովուրդը դեռ պատրաստ չէ ներկա լինել համերգների: Նա վստահ է, որ կամաց-կամաց ոտքի կկանգնեն և կհաղթահարեն բոլոր դժվարությունները, իսկ մշակույթը մեծ դեր կխաղա այդ գործում:
Համույթն ունի կորուստներ. փորձավար Կարեն Դանիելյանն անհետ կորած է, իսկ պարողներից մեկը զոհվել է: Այնուամենայնիվ, պատրաստ են շարունակել աշխատել, մեծ բեմեր դուրս գալ:
Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանն էլ նշում է՝ «Զարթոնք» համերգային ծրագիրը կազմակերպել են, որ Երևան հրավիրեն Արցախի պարի պետական անսամբլին: «Դա մեզ համար աշխատելու խթան է, որովհետև դաժան տարուց հետո, կարծում եմ, պետք է ապրել, իսկ այս մարդկանց աշխատանքը պարն է, և չեն կարող չպարել: Պետք է աշխատենք ոգեշնչել մեկս մյուսին՝ թե՛ արցախցիներին, թե՛ Հայաստանում ապրող հայերին, որովհետև կյանքը շարունակվում է»,-ասում է Չանչուրյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո համերգը նաև Հայաստանի պարի պետական անսամբլի համար առաջինն էր: Դա է պատճառը, որ այն կրում էր «Զարթոնք» խորագիրը: Տարվա ընթացքում օպերային թատրոնում կներկայանան քսան համերգով, ելույթներ կունենան նաև Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ քաղաքներում: Ցանկանում են անպայման համերգով ներկայանալ նաև Արցախում:
Անսամբլի տղաներից շատերն են մասնակցել պատերազմին: Բարեբախտաբար բոլորը վերադարձել են:
Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, անդրադառնալով համերգի խորագրին, ևս ընդգծում է, որ զարթոնքով փորձել են համավարակով, պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո արթնանալ, հաճելին մատուցել արվեստասերներին: Պատրաստում են նոր համարներ, որոնց վրա աշխատում են. մեկ կամ երկու ամսից բեմ կբարձրացնեն նաև այդ պարերը:
Համերգային երեկոյին անսամբլները հանդես չեկան համատեղ պարերով, բայց ներկայացրին իրենց լավագույն համարները՝ համերգը մեկնարկելով «Զարթոնք» պարով՝ Խաչատուր Ավետիսյանի հրաշալի ստեղծագործությամբ, որի բեմադրության հեղինակը Գագիկ Կարապետյանն է:
Համերգի ավարտին երկարատև ու բուռն ծափահարությունների ներքո հանդիսատեսն արժանին մատուցեց ստեղծագործական կոլեկտիվներին, Էրիկ Չանչուրյանին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի անունից փոխանցվեց բարեկամական ուղերձ՝ համերգի կազմակերպման գործում դրսևորած անգնահատելի ջանքերի համար, համերգի բոլոր մասնակիցներին ծաղկեփունջ՝ «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի անունից:
Հայաստանի պարի պետական անսամբլը կազմավորվել է 1958 թվականին: 2007-ից այն ղեկավարում է Էրիկ Չանչուրյանը, գլխավոր բալետմեյստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, երաժշտական մասի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանն է:
Աշոտ Բաբայանի անվան Արցախի պարի պետական անսամբլը կազմավորվել է 1999 թվականին: Գլխավոր տնօրենը Ռաուլ Բաբայանն է, իսկ բալետմեյսետը՝ Մհեր Բաբայանը: Տարիների ընթացքում անսամբլը համերգներով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում