Նոր գիրք՝ «Արարչապատում»
Նմանատիպ
«Խաղաղութիւն եմ թողնում Ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս Ձեզ. Ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. Ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Հովհ. 14։27)։
Մեր կյանքի հորձանուտում, մակընթացության եւ տեղատվության այս ներկա ժամանակներում, դրսի ու ներսի անիրավություններից խաթարվել է մարդկանց ներքին խաղաղությունը։ Մեր ներաշխարհում շփոթմունք է առաջացել, կողմնորոշման շփոթմունք, որից էլ պակասել է մեր լռության տարածքը։ Հայտնվելով աղմկալից իրավիճակներում, հայն իր ուժերը վերագտնելու, լարված նյարդերը թուլացնելու համար փնտրում է հոգու խաղաղություն, ականջալուր լինում Աստծո ձայնին… Ձայն բազմաց, ձայն Աստծո։
Հոգեւոր հասունությամբ է պայմանավորված մարդու ներքին խաղաղությունը։ Սերը, հույսը, հավատը հոգեւոր խաղաղության էությունն են, զորությունը, որոնք բերում են ներքին հանդարտություն, համբերություն, չեզոքացնում տագնապները… Հոգեւոր պտուղները փոխկապակցված են եւ ամբողջանում են մեկը մյուսով։
Սբ. Պողոս Առաքյալը գաղատացիներին ուղղված նամակի մեջ եզակի թվով նշում է այդ ամենը, ասելով. «Հոգու պտուղն այս է», եւ սիրուց ու խնդությունից հետո նշում է խաղաղությունը։
«Արարչապատում» գրքի ծանուցման մեջ նշվում է, որ Հրաչյա Խաչիկի Հարությունյանը ճարտարագետ է։ 1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը։ Մինչ օրս աշխատում է իր մասնագիտությամբ եւ զբաղվում է Աստվածաշունչ մատյանի ուսումնասիրությամբ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են աստվածաշնչյան պարականոն աշխատությունները։ Հեղինակել է «Պարականոն», «Արարչապատում» – գրքերը։ Տպագրության են սպասում «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի ավետարանը», «Պարականոն հայտնություններ եւ ապոկալիպսիսներ» աշխատությունները, որոնք հանդիսանում են եւ կարեւոր մաս են կազմում քրիստոնեական արժեքների։
Հեղինակել է նաեւ հայրենյաց, հավատքի թեմաներով չափածո արձակ գործեր՝ բանաստեղծություններ, պոեմներ…
«Արարչապատում» գիրքը նվիրված է Հրաչյա Խաչիկի 60-ամյակին։ Թե ինչ է հեղինակել եւ ինչ է ընդգրկում ժողովածուն՝ արծարծենք ստորեւ ներկայացվող հարցազրույցում։
– Ազգանպաստ եւ ի՞նչ հոգեւոր նկատառումներ, նպատակադրումներ կան ժողովածուում։
– Ազգի պահպանման գործում երեք հիմնասյուներ կան. հավատք, ընտանիք, մշակույթ։ Երբ մենք մեր երկրին (աշխարհագրական այն տարածքը, ուր բնակվում ենք) գումարում ենք մեր մշակույթը՝ դառնում է հայրենիք։ Վերոնշյալները, ավանդությունները, սովորույթները ի մի բերելով ազգային նկարագիր ենք ձեւավորում։ Նախաքրիստոնեական շրջանը շաղկապել եմ քրիստոնեական շրջանի հետ, շաղախել հայրենասիրության եւ հավատքի լույսով։
– Գիրքը նոր մտքի ծնունդ է։ Պտղակալումը, հասունացման գաղափարը ինչպե՞ս առաջացավ։
– Նոր տարվա կապակցությամբ բարերար Գրիգոր Մովսիսյանին (հրատարակման մեկենաս), գեղանկարիչ Մայիս Մխիթարյանին, հայագետ, պատմաբան Ռուբեն Նահատակյանին, լեզվաբան Մովսես Նաճարեանին հաճելի, բնութագրական անվանակապ (ակրոստիքոս) բանաստեղծություններ նվիրեցի։ Նոր տարվա անակնկալը շարունակվեց, երբ Գրիգորը խոստացավ լույս ընծայել գիրքս, Մայիսը՝ նկարազարդել, Ռուբենը՝ խմբագրել, Մովսեսը՝ հայագիտական հարցերում օգնել։ Հարկ է հիշատակել իր, նաեւ ուսուցչիս՝ բանաստեղծ, մշակութաբանության ուսուցչապետ, պատասխանատու խմբագիր, խնկելի Ռոմանոս Սահակյանին։ «Արարչապատում» ժողովածուն (552 էվ, 5 բաժին) հոգեհարազատ մարդկանց միով բանիվ գործ է։ Գրիգորն առաջարկեց ընտրանին տպագրել՝ ի փառս մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի եւ այն տարածել անվճար։ Հրատարակվել է «Նարեկ աղոթքների խումբ» մատենաշարով։
– Ինչպե՞ս կարելի է զուգադրել, համատեղել հավատքն ու գիտելիքը։
– Հավատք բառն իր մեջ ներառում է գիտելիքը, որը մեզ է փոխանցվել մեր նախնիներից։ Հարցն ամփոփեմ հայ նշանավոր իմաստասերների խոսքերով. «Գիտությամբ եւ իմացությամբ լուսավորված անձն է ի վիճակի մերձենալ Բարձրյալին» (Գրիգոր Մագիստրոս, 11-րդ դար), «… Նա, ով գիտություն ունի, բայց ոչ առաքինի գործ, նման է այն մարդուն, որը մեկ աչք ունի։ Նույն կերպ էլ նա, որ առաքինի գործ ունի, բայց ոչ ուսում ու գիտություն, դարձյալ միականի է։ Եվ նա, որ ուսում ու գիտություն ունի եւ բարի գործեր է կատարում, երկու աչքով լուսավոր է ու կատարյալ մարդ» (Հովհ. Երզնկացի, 13-րդ դար)։
– Մեր պետական շահն ի՞նչ է պահանջում։
– Միաբանվենք, ապաշխարենք եւ գանք Աստծուն։
– Ե՞րբ է սկսել գործել «Նարեկ» աղոթքների խումբ»-ը եւ ի՞նչ առաքելություն է իր առջեւ դրել։
– 2012թ. փետրվարի 28-ին է հիմնադրվել։ Հայ առաքելական Սբ հավատի եւ եկեղեցու հետեւորդներն են (56 հազարից ավելի)։ Խումբը քարոզում է մեր սուրբ հայրերի՝ Մաշտոց, Նարեկացի, Շնորհալի, Գառնեցի, Տաթեւացի… հոգեւոր մասունքները։
– Ժողովածուն երկար տարիների ջանադիր աշխատանքի արդյունք է, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել, պեղել, վեր հանել, ներկայացվող ավանդապատումները նորովի մեկնաբանել։
– Ոսկեղենիկ հայերենից. լեզվաբանությունից (Մովսես Նաճարեանի «Լեզուաբանութի՞ւն թե իմաստասիրութիւն» ժողովածուից), ազգագրություն-բանահյուսությունից, հայկական լեռնաշխարհի անվանումներից։
– Տիար Հարությունյան, օրհասական պահերին ո՞ւմ պետք է ապավինել. գրիչ, վրձին, զենք…
– Հարցին Նժդեհի խոսքերով պատասխանենք. «Փոքր ազգերն անպայմանորեն ավելի հայրենասեր պետք է լինեն, քան մեծերը, մենք ավելի, քան՝ բոլորը։ Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի շնորհիվ։ Հայրենասիրությամբ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա պակասի շնորհիվ»։
Փորձությունները հաղթահարվում են միայն Աստծո կամքով եւ օրհնությամբ։ Եվ այդ մասին են վկայում վերջին պատերազմին մասնակցած բազմաթիվ զինվորականներն ու գնդերեցները։
– Բաժինների կարեւոր շեշտադրումները։
– Շեշտադրումները բաժինների անվանման մեջ են։ Բաժին 1-ին՝ «Արարումն կենաց լույսի», բաժին 2-րդ՝ «Համանվագ սիրո, բնության եւ ազգիս հայոց», բաժին 3-րդ՝ «Յոթնաղողանջ արարչական», բաժին 4-րդ՝ «Հայաստան՝ Երկիր Ավետյաց», 5-րդ՝ «Հեքիաթներ»։
– Ովքե՞ր են ձեր ներշնչանքի աղբյուրը հանդիսացել։
– Ազգային եւ հոգեւոր երեւելիները, իմաստասերները…
Գիրքն իրենց գրախոսականներով գնահատանքի են արժանացրել Լեւոն Վ. Սարգսյանը, բանաստեղծ, մշակութաբանության ուսուցչապետ Ռոմանոս Սահակյանը, բանաստեղծ, «Նարեկ»-ի թարգմանիչ Մաքսիմ Ոսկանյանը, հայագետ, պատմաբան Ռուբեն Նահատակյանը, հետազոտող, թարգմանիչ Աշոտ Պետրոսյանը։ Ժանրային առումով հոգեհարազատ է մնացել իր ուսուցիչ Ռ. Սահակյանի ոճավորման մոտեցումներին եւ սկզբունքներին։
Ժողովածուն 2020թ. արժանացել է տարվա գիրք մրցանակին, որը ոգեղեն համանվագ է, Սուրբ հոգուց բխած Աստծո խոսք՝ ուղղված Հայոց ազգին։
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում