Սիրական և արաբական լրատվամիջոցներում հալեպահայ զինվորի մահվան մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում

Հալեպից Լիբանան ուղևորվող ավտոբուսի պայթեցմանը, որը տեղի է ունեցել օգօստսի 11-ին, սիրիահայ գաղութի ներսում միայն մեկ ապահովագրական ընկերության կայքէջ է անդրադարձել, ուր որևէ մանրամասն չի հաղորդվում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Բեյրութում Մերձավոր Արեւելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վեռա Յակուբյանը: «Նշվում է միայն, որ ավտոբուս է պայթել: Հավելյալ տեղեկություններ չկան: Իսկ հայի մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա»,- նշեց նա:

Ավելի վաղերոնշյալ միջադեպի պատճառով հայ զինվորի մահվան վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջանառվում: Նորություններ չկան նաև օգոստոսի 10-ին առևանգված հայերի մասին, որոնց որոնման աշխատանքներով զբաղվում է Հալեպահայ շտաբը: Այդ կառույցի հետ զուգահեռ, իրենց անձնական կապերի միջոցով աշխատանքներ են տանում նաև առևանգվածների ընտանիքներն ու հարազատները:

Հալեպում իրավիճակն այս պահին հանդարտ է: «Բախումներ և ռմբակոծություններ երբեմն լինում են, բայց ընդհանուր վիճակը նախորդող տոնական օրերի համեմատ հանդարտ է: Պատերազմական վիճակ չէ»,- հայտնեց Յակուբյանը:

Օգոստոսի 10-ին Հալեպից Երևան ուղևորված ավտոբուսն պարտադրաբար կանգնեցվել է զինյալ խմբավորման կողմից. առեւանգվել են չորս հայ երիտասարդ ուղեւորները’ ներառյալ վարորդը:

Օգոստոս 2-ին Հալեպի կենտրոնական բանտի մոտ եղած բախումների ընթացքում ռումբի բեկորից զոհվել է 1974թ.-ին ծնված Նազար Քեոշկերյանը: Օգոստոս 6-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Ջարամանայում, որի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ են, նաեւ’ հայեր, ականապատված ավտոբուսի պայթյունից զոհվել է 18 եւ վիրավորվել 56 մարդ: Նույն շրջանում մի ավտոբուսում գտնվել էր 1966թ.-ին ծնված Սարգիս Մերեսճյանի այրված դիակը:

Հուլիս 26-ին առեւանգված 4 հայ երիտասարդները դեռեւս ազատ չեն արձակվել: Նրանք եւս Հալեպից Երեւան էին ուղեւորվում: Հալեպում անցնող մեկ շաբաթում արձանագրվել են ռումբերի բեկորներից եւ դիպուկահարների հարվածներից 4 հայերի վիրավորվելու դեպքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում