Երևանում Միշել Լեգրանին նվիրված համերգային երեկո կանցկացվի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը հանդես կգան աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված համերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ելույթ կունենան Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսիսյանը:
Կհնչեն Միշել Լեգրանի սիրված գործերը, հանրահայտ ջազային հիթեր, Գարի Քյոսայանի ստեղծագործությունները: Քյոսայանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է արել՝ նշելով, որ կատարելու են նաև իր նոր գործերը:
Երեկոյի համակազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է:
Ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։
Միշել Լեգրանը Փարիզի կոնսերվատորիայում դաշնամուր է սովորել, գիր և գրականություն: Ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, որը եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը ևս տարվում է ջազով՝ 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 «Օսկար»-ի:
Նա գրել է ավելի քան 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի երաժշտություն: Լեգրանի «I love Paris» ալբոմը մեծ հաջողության է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով։ Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբավ։ «Legrand Jazz» ալբոմի համար Միշել Լեգրանը 1958 թվականին Նյու Յորքում ձայնագրություններ է կատարում Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի, Բիլ Էվանսի հետ՝ դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում