Բաքվում սկսվել են ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները

Ադրբեջանի նախագահի Բաքվի «Զագուլբա» նստավայրում այսօր տեղական ժամանակով մոտ ժամը 16:00-ին սկսվել են աշխատանքային այցով այդ երկիր ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ երես առ երես հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով:

ՌԴ նախագահին ուղեկցում է կառավարական մեծ պատվիրակություն, այդ թվում Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք: Այնուհետեւ տեղի կունենա երկկողմանի համաձայնագրերի ստորագրման արարողությունը եւ նախագահների մամուլի ասուլիսը:

Ըստ «Թուրան»-ի’ այսօր եւեթ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բաքվից: Նրան ուղեկցող անձանց մի մասը կմնա, եւ կճանապարհվի Գաբալա, որտեղ օգոստոսի 14-ին կշարունակվեն բանակցությունները:

Ենթադրվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվից կուղեւորվի Իրան: «ՄԻՐ» հեռուստաալիքն այսօր առավոտյան հայտնել է, որ Պուտինը Բաքու է ժամանում Ռուսաստանի Կասպյան նավակազմի ռազմական նավով’ այլ ռազմական նավերի ուղեկցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում