Ավագ Եփրեմյան․ Գալար
Նմանատիպ
Մարդը մեռնում է և լռում:
Հավերժության մեջ՝
հինավուրց գիշեր, հինավուրց շները
«լուսին» են գռմռում: Կյանքը
աճում է մահվան սրտից:
Ծաղիկը՝ ցրտից
նույն մահվան:
Եվ՝ ամենաթաքունը.
բառերը շատանում
ու սայթաքում են:
Եվ եղբայրը սպանում է
եղբորը: Չապրածի
բորը թաղկում է
Ե՛վ հոգին, և՛ մարմինը:
Կարմիրն է տեղին,
բայց կարմիրը
նախասև է, իսկ սևը՝ սպի, տաք…
և սերը մնում է հավատի հույսին:
Մինչ այդ շներ են հավաքվում:
Նորից՝ լուսին: Մոտիկ է:
Շատ մոտիկ:
Այդ ժամին ամենայն
անանուն խրտնում է
կեղծ եռանդով
տարածվող կյանքահոտից:
Չեմ ատում, ընդամենը`
ամեն ինչ պատկեր է,
և պատկերները չներված
պարտքեր են… ցավը,
պաղած արյունը,
երազը, ոսկե սյունը… Այսպես
խմբվում են ճշմարիտ պատկերները,
որ թաքցնեն իսկությունը: Ելքի դուռը
երգով էին գոցելու: Լռության
բոցերում, կախված անմահության փառից,
մարդը լռում է և մեռնում՝ առ իս: