Ա Պետրոս 3:1-4
Նմանատիպ
1․Սոյնպէս և կանայք հնազա՛նդ լինել արանց իւրեանց. զի եթէ իցեն նոքա ապստա՛մբք ՚ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից, և առանց բանին իսկ շահեսցին:
Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի դեմ, իրենց կանանց ընթացքին հետևեն և այդ բանի շնորհիվ առանց խոսքի իսկ շահված լինեն:
2․Դիտե՛լ երկիւղիւ զձեր պարկեշտ գնացս։
Նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ:
3․Որոց լինիցի՛ ո՛չ արտաքուստ հիւսիւք և ոսկեհո՛ւռ ծամակալօք՝ կամ պաճուճեալ զգեստուք զարդ:
Թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով:
4․Այլ ծածո՛ւկ սրտին մարդն. անեղծութեամբ հնազանդութեան և հանդարտութեան հոգւոյն, որ է առաջի Աստուծոյ բազմապատիկ։
Այլ սրտի ներսի մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը որ բազմապատիկ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ:
Մեկնություն
Առաքյալը վերևում նշեց ծառաների հնազանդության և ամեն ինչում երկյուղածությամբ իրենց տերերին ծառայելու անհրաժեշտության մասին՝ իր խոսքը հաստատելով Հիսուսի ծառայասիրության անզուգական օրինակը բերելով, Նրա՛, ով Աստված էր և Տեր, սակայն ով Իր իսկ կամքով ծառայեց շատերին ու հեզությամբ հանդուրժեց Իր վրա տեղացող զրպարտությունների շարանը և համբերեց ամեն բանի՝ որպես օրինակ և քաջալերություն մեզ համար:
Եվ եթե Նա, որ անպարտ ու ազատ էր, սակայն բազմաթիվ փորձությունների մատնվեց, բամբասվեց, թշնամանվեց, նախատվեց և մինչև իսկ խաչին ու մահվանը համբերեց՝ մեզ արդարացնելու համար, ապա ուրեմն մենք, որ ծառաներ ու պարտապաններ ենք, որքա՜ն ևս առավել ենք պարտական լինել ու մնալ մեր տերերին հնազանդության մեջ և առաքինությամբ հանդուրժել նրանց կողմից մեզ պատուհասած փորձությունները:
Այս պատգամելուց հետո էլ առաքյալը Հիսուսին Հովիվ ու մեր հոգիների Տեսուչ կոչեց, իսկ մեզ՝ մոլորված ու կորած ոչխարներ: Այդպիսով Պետրոս առաքյալը մատնացույց արեց Աստծու մեծ գթությունն ու անեզր մարդասիրությունը և հարգանք ցուցաբերեց նաև մեր հողեղեն ու ծառայական բնության հանդեպ, որը հարազատ է Աստծուն իր հեզությամբ, խոնարհությամբ և հնազանդությամբ: Այդպիսով նաև առաքյալը ցույց տվեց մեր՝ Ավետարանում նկարագրված ու դրսից մեր մեջ սողոսկած պատերազմում հաղթելով՝ խաղաղություն նվաճելու հնարավորությունը, նաև՝ մեր հավատքի լուսավոր խոստովանությունը, որն ավելի պայծառ է, քան երկնքի բոլոր լուսատուները:
Իսկ այնուհետ արդեն առաքյալը սկսում է մեր մեջ սեր ու խաղաղություն բերելու մեկ ուրիշ ճանապարհ ուղենշել, որը առավել սքանչելի է, քան այն առաջինը: Քանի որ այդ առաջինը ծառաների՝ իրենց տերերի հանդեպ ունեցած հնազանդությանն էր վերաբերում, որը այդքան էլ մեծասքանչ երևույթ չէ, որովհետև այդ պարագայում մեկը տեր է, իսկ մյուսը՝ ծառա, և հենց իսկ ըստ նրանց կարգավիճակի, ըստ երկյուղածության կամ բարեմտության արդեն ենթադրելի էր ծառայի հնազանդության դրսևորումը:
Մինչդեռ կնոջ և տղամարդու դեպքում այս երկուսը համապատիվ են իրենց բնությամբ, ու թեպետ մեկը գլուխն է, իսկ մյուսը՝ մարմինը, սակայն նրանք իրարից անբաժան են՝ ըստ տերունական խոսքի: Իսկ ահա համապատվության պարագայում էլ սեփական կամընտրությամբ է պայմանավորված հնազանդությունը, և ոչ թե՝ պարտավորվածությունից դրդված: Եվ եթե լինի այնպես, որ կինը հնազանդություն, սեր ու միաբանություն ցուցաբերի ամուսնու հանդեպ, ապա նրանց կյանքում այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել՝ վայելելու խորին խաղաղությունը:
Այդ դեպքում տունը շեն կլինի, ծառաները հանգիստ իրենց գործը կանեն, զավակները բարեհաջող կերպով կհասունանան, ո՛չ վեճ կլինի, ո՛չ կռիվ ու ո՛չ զանազան հաշիվներ, այլ ամենուր սեր, խնդություն և բարյացակամություն կտիրի: Երբ այրն ու կինը մեկ մարմին լինեն և համակամություն ունենան այս կամ այն հարցում, այդժամ նրանց բոլոր մտադրությունները հաջողությամբ կպսակվեն, տունը շենության մեջ կմնա, ծառաները հնազանդություն կունենան իրենց հանդեպ, զավակները զվարճության մեջ կլինեն, իսկ բարեկամներն էլ՝ խնդության:
Իսկ եթե այրն ու կինը վիճաբանությունների ու կռիվների մեջ լինեն և անհնազանությունը թագավորի նրանց հարաբերություններում, ապա ամեն տեսակի չարիք կպատահի նրանց. հանապազ պատերազմները, չդադարող հակառակություններն ու անհաշտ խռովությունները անպակաս կլինեն նրանցից:
Արդ, առաքյալը հենց այս ամենը դեն նետել հորդորելով և, մյուս կողմից էլ, սեր ու խաղաղություն տարածել կամենալով՝ այս խոսքերն է ասում. «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց»:
Շա՜տ ու շա՜տ պատճառներ կան, որոնցից ելնելով՝ կնոջ հնազանդությունը տղամարդուն անհրաժեշտություն է: Նախ, քանի որ, ըստ Աստծու արարչության հերթականության, առաջինը տղամարդը ստեղծվեց, և ապա միայն, իբրև երկրորդ արարած, տղամարդուց ստեղծվեց կինը: Արդ, ուրեմն, անհրաժեշտ ու պատշաճ է, որ երկրորդը ստեղծվածը հնազանդություն ունենա առաջինի հանդեպ: Իսկ այնուհետ արդեն, համաձայն դատապարտության նախօրինակի, որում ասվում է՝ «քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա», կինը առավել ևս պարտավորվում է հնազանդություն ցուցաբերել:
Սակայն ի՞նչ հնազանդության մասին է խոսքը, ծառաներին հատուկ հնազանդությա՞ն, թե՞ նրանց ունեցած հնազանդությունից առավել պատվելի մի առաքինության: Չէ՞ որ ծառայությամբ հնազանդությունը մարդկային բնությունը օրինադրեց, չնայած որ հետո այն առաքինության վերակոչվեց ու աստվածային պատվիրան դարձավ, մինչդեռ կնոջ՝ տղամարդու հանդեպ հնազանդությունը նույն Ինքը՝ ամենքի Տերը օրինադրեց՝ ասելով. «Քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա»:
Տեսնո՞ւմ ես հնազանդության նախարմատները, տեսնո՞ւմ ես այն անխզելի կապանքները, որոնք դրված են կնոջ վրա: Այս իսկ պատճառով է, որ առաքյալը, միևնույն մտքին հարելով, ասում է. «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց»: Այսինքն՝ արդեն իսկ ըստ Աստծու օրինադրության անհրաժեշտ ու պատշաճ է, որ կանայք հնազանդություն ունենան, չընդվզեն, անհասկացողություն կամ ատելություն չցուցաբերեն իրենց ամուսինների նկատմամբ, այլ հարկ է, որ, իբրև գլխի և կամ իբրև տիրոջ, հնազանդ լինեն իրենց ամուսիններին:
Այս նույն միտքը՝ հավելումով, արտահայտում է նաև Պողոսը՝ ասելով. «Կանայք թող որ հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը հնազանդ կլինեին, քանի որ տղամարդը կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու և Փրկիչը ամեն մի մարմնի, ուստի և ինչպես որ Եկեղեցին է հնազանդ Քրիստոսին, նույնպես էլ թող որ կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին»:
Տեսա՞ր այս պատկառելի և զարմանք շարժող օրինակը, որը կանանց՝ իրենց տղամարդկանց նկատմամբ ունեցած հնազանդությունը համեմատում է Քրիստոսի և Եկեղեցու հարաբերության հետ: Սակայն ինչո՞ւ են այսպիսի հնազանդություն պահանջում կանանցից և՛ Աստված, և՛ նրա առաքյալները: Քանի որ կանանց տեսակը անզսպելիորեն հանդուգն է հեշտասիրությունների մեջ ընկնելու, զարդարանքներով պճնվելու և անարգելորեն ամեն մի վատթար մոլության մեջ ընկղմվելու տեսանկյունից, ու նաև քանի որ կինը, առհասարակ, դառնաշունչ մրրիկ կարող է լինել տան մեջ և իր ամուսնու համար՝ խռովության պատճառ, իսկ ընտանիքի համար՝ տրտմության առիթ դառնալ:
Եվ մանավանդ, երբ չի բավարարվում նրա ախորժակը կամ հարդարանքի, զարդարվելու ու մնացյալ բոլոր պչրանքների հանդեպ ունեցած մոլուցքը, ապա այդժամ որքա՜ն խոժոռված ու տրտում դեմք է նա ընդունում, ծաղրում է ամուսնուն, չարախոսում է և նրան կնատյաց ու չարազգի է ամբաստանում, և դեռ այսպիսի շատ ուրիշ անտանելի անպատկառություններ է թույլ տալիս իրեն՝ անհնազանդություն ցուցաբերելով ամուսնու նկատմամբ:
Այս ամենն իր աստվածային շնորհով տեսնելով էր, որ իմաստուն Սողոմոնը նույնաբնույթ խոսք բարբառեց կանանց մասին՝ ասելով. «Ես նայեցի բոլոր տղամարդկանց, և հազարի միջից գեթ մեկ հավատարիմ տղամարդու տեսա: Ես նայեցի նաև բոլոր կանանց, սակայն նրանց մեջ հավատարիմ գեթ մեկին իսկ չտեսա»: Իսկ ահա Եսայի մարգարեն էլ երկարահունչ խոսքով ամբաստանում է կանանց՝ ոտքից գլուխ պչրանքը, հեգնելով՝ հանդիմանում է նրանց իրենց գույնզգույն հանդերձների և ոտքերը կաքավեցնելով շարժելու, աչքերի գայթակղիչ հայացքի և լկտիության ուրիշ դրսևորումների ու անհնազանդ կերպարանքով զգեստավորվելու համար:
«Որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի (բանի) դեմ, իրենց կանանց ընթացքին հետևեն»:
Շատերին այնպես է թվում, թե այս խոսքում մատնանշվող տղամարդկանց ապստամբությունը կանանց դեմ ապստամբելու մասին է, ինչից էլ ոմանք ենթադրություն են անում, թե «բան» ասելով՝ առաքյալը նկատի ունի կանանց անպատկառությունը, հեշտասիրությունն ու մնացյալ բոլոր ախտավոր պչրանքները: Սակայն ինձ համար այս տեսակետը ճշմարտությունից չի բխում, քանի որ առաքյալը ամեն բանից առաջ կանանց խրատում է հնազանդ լինել իրենց ամուսիններին, ինչպես տիրոջ ու գլխի, և նրանցից այնպիսի առաքինություններ է պահանջում, որոնք վայել են զգոն և պիտանի կանանց:
Ուստի և առաքյալը պատվիրում է ամեն ինչում, ամեն հարցում այնպիսի վարմունք դրսևորել իրենց ամուսինների հանդեպ, ինչպիսի վարմունք որ նրանցից պահանջում է աստվածպաշտությունը, այն է՝ զանազան առաքինություններ ունենալ և հնազանդ լինել, այս դեպքում՝ իրենց ամուսիններին, և ոչ թե միայն աստվածապաշտներին ու առաքինությամբ զարդարվածներին, այլ նաև անհավատներին, պագշոտներին և նրանց իսկ, ովքեր ապստամբում են խոսքի դեմ:
«Բան» ասելով՝ առաքյալն այստեղ նկատի ունի հավատը և այն ամենը, ինչը հավատից լինելով՝ դուռ է բացում առաքինությունների ու բարեկարգությունների համար: Արդ, քանի որ առաքյալը նախապես ասել էր, թե կանայք պարտավոր են հնազանդ լինել իրենց ամուսիններին, այժմ էլ այն է կամենում ասած լինել, որ չլինի թե որևէ կին իր հնազանդությունը ծառայեցնի անհավատ ու աներկյուղ տղամարդու անօրեն պահանջները կատարելուն, այլ հարկ է, որ այդ պարագայում կինը ինքը թույլ չտա, որ, համաձայն մեր կրոնի աստվածպաշտության, ամուսինը իր հետ անկողին մտնի քրիստոնեական կարևորագույն իրադարձությունները խորհրդանշող օրերին, տերունական տոներին կամ էլ Պողոս առաքյալի կողմից սահմանված ուխտադրության մնացած օրերին:
Այս իսկ պատճառով է, որ այդուհետ առաքյալն ասում է. «Որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի (բանի) դեմ, իրենց կանանց ընթացքին հետևեն»: Եվ ինչպես որ Պետրոսը մեկ անգամ արդեն՝ մի փոքր վերևում, ծառաներին հրամայել էր հնազանդ լինել իրենց տերերին՝ ոչ թե միայն բարերարներին ու հեզերին, այլ նաև կամակորներին, այդ նույն կերպ էլ այժմ կանա՛նց է պատվիրում հնազանդ լինել իրենց ամուսիններին՝ ոչ թե միայն երկյուղածներին ու աստվածպաշտությամբ զարդարվածներին, այլ նաև անհավատներին, պագշոտներին և ճշմարտության խոսքի դեմ ապստամբողներին:
Այդ դեպքում, եթե ամուսինը հաճի բնակվել քրիստոնյա կնոջ հետ, ապա, ըստ առաքելական խրատի, կինը, եթե սուրբ է, չպիտի բաժանվի իր անհավատ ամուսնուց, իսկ եթե անհավատը բաժանվել կամենա, ապա թող կինը բաժանվի, քանի որ խաղաղության է կոչել մեզ Աստված: Իսկ ահա, օրինակ, եղբոր կամ քրոջ պարագայում այս նույն խրատը հանձնարարված չէ մեզ:
Այս ամենի համար էր, որ առաքյալն ասաց. «Որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի դեմ…»: Այսինքն՝ եթե անբարեհաճ և հակառակվող լինեն ընդդեմ քրիստոնեական պարկեշտ ընթացքի ու հեթանոսակիր ցանկություններով տոգորված լինեն, միևնույն է, հարկ է այդպիսի մեկի հետ, առանց խտրության, հաստատուն պահել ամուսնական միությունը և անհնազանդություն չցուցաբերել նման ամուսնու նկատմամբ, նրա վերաբերմունքն էլ պարկեշտության սահմաններից դուրս գալու պատճառ չդարձնել, այլ բարի վարքով շարունակելով նրա կողքին մնալ՝ սեփական համեստ ընթացքի շնորհիվ շահել նաև այդպիսի ամուսնուն՝ իր փրկության համար:
Այս նկատի ունենալով է, որ այնուհետ առաքյալն ասում է. «Առանց խոսքի իսկ շահված լինեն»՝ տեսնելով ձեր բարի ընթացքը: Այսինքն՝ թեպետ և նրանք ապստամբեն էլ երկնային իմաստության դեմ, սակայն երբ տեսնեն ձեզ ու ձեր մասին վկայող քրիստոնեական գործերը և խոսքից բխող արդյունքները, որևէ հակառակամիտ բան չեն գտնի ձեզանում, ինչպես որ նախօրոք կարծում էին, այն է, թե՝ լկտի ծիծաղ, պոռնկական երգեր, վավաշոտ հայացք կամ նմանատիպ ուրիշ անվայելուչ վարմունքներ, այլ կտեսնեն ձեր խոնարհ բարքերը, պարկեշտ ընթացքը, ողջախոհ նայվածքը, պատկառանքով լի վերաբերմունքը թե՛ իրենց, թե՛ օտարների նկատմամբ, ուղղամիտ հավատքի խոստովանության մասին վկայող խրատական խոսքերի բարբառումը և, ի վերջո, ձեր մեջ այս ամենը տեսնելով էլ՝ «առանց խոսքի իսկ շահված կլինեն»:
Ինձ այնպես է թվում, թե առաքյալի այս խոսքը նույնի մասին է խոսում, ինչի մասին որ Պողոսն էլ էր ասում՝ այլ խոսքերով լուսավորելով մեզ համար այն միևնույն միտքը, թե՝ «չգիտե՞ս դու, ո՛վ կին, որ կարող ես քո ամուսնուն փրկել՝ նրա կողքին մնալով, եթե նրա՝ անհավատ ու ընդվզող լինելու դեպքում էլ անգամ չբաժանվես նրանից»:
Իսկ ահա Պետրոս առաքյալը, քանի որ նախորդիվ ասաց, թե անհրաժեշտ է, որ կանայք պարկեշտ ընթացքով շահեն իրենց ամուսիններին՝ փրկության համար, այնուհետ էլ, շարունակելով իր խոսքը, պարկեշտության կերպարանքն է նկարագրում կանանց ու հրաժարեցնում է նրանց ամեն տեսակի նյութական զարդարանքից, ինչը դրսևորվում էր թանկարժեք քարերի շքեղության, իրար ձուլված ոսկու և մարգարտի ու այլ գունագեղ զարդարանքների մեջ:
Ապա նաև առաքյալը ուսուցանում է, որ քրիստոնյա և Աստծուն հուսացող կնոջը վայել չէ այնպիսի պչրանքներով զարդարվելն ու այնպիսի պոռնկական կերպարանքով զգեստավորվելը, որը անհավատներին է հատուկ և որը ամենքի պագշոտ աչքերը դեպի իրեն է դարձնում: Ուստի և առաքյալը հետևյալ խոսքն է ասում. «Թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով»:
Իր բոլոր օրինակներով առաքյալը ճշմարիտ վարք է պահանջում կանանցից՝ երկյուղածություն ու աստվածպաշտություն, և պատգամում է մերժել ու բնավ չկիրառել մարդկանց կողմից «հայտնագործված» գեղեցկության զանազան հնարանքները, որոնք հակառակ են այն բնական պատկերին ու «ներկապնակին», որն Ինքը՝ Աստված է տվել մեզ:
Այսինքն՝ հարկ է հրաժարվել գլխի հյուսքերից, ոսկեհուռ վարսակալներից, շպարից և քսուքից, բազմագույն ու փայլուն հանդերձներից, որոնք անբարոյականների կերպարանքի մի մասն են կազմում, ինչի շնորհիվ նրանք, անառականոցներում նստելով, գայթակղում են նայողներին և պագշոտ երիտասարդներին: Այդ տգեղ եղանակով նրանք ամենքի ուշադրությունը իրենց վրա են սևեռում: Այդպիսիք, իրապես, մարմնացած դևեր են, և ովքեր որ նրանց հետ խառնակվում են, ոչ թե կանանց, այլ դևերի՛ հետ են հարաբերության մեջ մտնում՝ ամեն տեսակի անօրենության գործիք դառնալով:
Կանանց այսպիսի լկտի վարքուբարքը նաև Եսային է նախատանքի արժանացնում՝ պախարակելով նրանց «շղթայաձև զարդերն ու վարսակալները, առտնին հագուստն ու թափանցիկ մետաքսեղենը, բեհեզն ու ծիրանին, երկնագույն շղարշաքողը» և անառակաբարո կանանց անվայելուչ կերպարանքը «կազմող» մնացյալ տարրերը:
Արդ, երանելի Պետրոսը այս բոլորից հրաժարեցնում է աստվածպաշտությանը հարած կանանց և նրանց ուսուցանում է իրենց հոգի՛ն զարդարել՝ «կրելով» ուրիշ՝ աստվածայի՛ն զարդեր: Ուստի առաքյալը կարգադրում է ձեռք քաշել երեսը գունազարդելուց, հոնքերը շպարելուց, շուրթերը կարմիր ներկելուց և պարանոցը զարդարելուց, մի խոսքով ասած՝ այն ամենից, ինչը «հավելում» է դեմքի բնական վիճակի վրա:
Առաքյալը գովաբանում է սկզբանակա՛ն պատկերը անբասիր պահելը, այն է, թե՝ գլխին հյուսքեր անելու, ոսկեհուռ վարսակալներ դնելու և պճնագեղ զգեստներ հագնելու փոխարեն նազելի ընթացքով առաջնորդվելը, որի միջոցով կանայք կարող կլինեն նաև իրենց ամուսինների՛ն փրկության տանելու:
«Այլ սրտի ներսի մարդը՝ հնազանդ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը որ բազմապատիկ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ»:
Քանի որ մենք մարդ ենք՝ հոգուց և մարմնից կազմված, ուստի և երանելին նաև մեր հոգո՛ւ զարդարանքի մասին է խոսում: Մեր տեսանելի և ծառայական մարմինը ոսկու, արծաթի և փայլփլուն քարերի զարդարանքից զերծ պահել պատվիրելով՝ այնուհետ էլ առաքյալը անդրադառնում է մեր մարդկային բնությունը կազմող մյուս «տարրի»՝ իմանալի ու տիրական հոգու բազմազան առաքինություններին:
Արդ, արտաքին մարդու ամեն մի զարդարանք բոլորովին խոտելի ու արհամարհելի է յուրաքանչյուր իմաստուն և աստվածասեր մտքի համար, քանի որ այն միայն տեսանելիության մակարդակում է փայլում իր պայծառությամբ և գեթ արտաքնապես է գեղազարդում մարդուն՝ խաբկանք առաջացնելով նայողների աչքերի համար: Մինչդեռ տգեղ տեսքով ստեղծված կամ խորը սպի ունեցող մարդու կերպարանքը որևէ զարդարանք չի կարող փոփոխել, եթե անգամ ոսկով կամ թանկարժեք քարերով էլ «քողարկվի»:
Այս պատճառով է, որ երբ առաքյալն ասաց գլխի զարդարանքի մասին, թե այն ավելին չէ, քան միայն՝ աչքերի խաբկանք, այնուհետ էլ անդրադարձ կատարեց նաև ներքի՛ն մարդու զարդարանքին, որը շատ ու շատ ավելի պատվական, պանծալի և Աստծո համար էլ՝ սիրելի է, որը խաբեություն կամ կեղծավորություն չէ, այլ՝ ճշմարտության, արդարության և հոգու մաքրության դրսևորում: Ներքին մարդու այդ զարդարանքը հոգու ամեն տեսակի խայտաբղետությունն ու սևությունը ճերմակության է վերափոխում և յուրաքանչյուր ոսկուց էլ ավելի մեծ «ներգործություն» է ունենում՝ մաքուր ու անապական դարձնելով հոգին:
Եվ, ահա՛, առաքյալն ասում է. «Այլ սրտի ներսի մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչը որ բազմապատիկ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ»: Ինձ թվում է, թե սիրտ ասելով՝ առաքյալն այստեղ նկատի ունի հոգին, որը մարմնի առաջնորդող ու կենդանագործող զորությունն է և շտեմարանը՝ միաժամանակ բոլոր բարի ու չար խորհուրդների:
Արդ, երանելին ասում է, որ սրտի զարդարանքը, որ ծածուկ է, ծածկաբար իր ներսում այնպիսի առաքինություններ է բովանդակում, որոնք երբեք չեն եղծվում, քանի որ ո՛չ ժամանակն է ազդում այդ զարդարանքի վրա, ինչպես որ արտաքին մարդու տեսանելի զարդարանքի պարագայում է լինում, ո՛չ ծերությունն է այն թառամեցնում և ո՛չ երիտասարդությունն է աղտեղում ու պղծում, այլ այն մշտապես առույգ ու հավիտյան փթթուն է, հանապազ ծաղկած ու ամբողջովին նորոգուն:
Այս իսկ պատճառով էլ առաքյալը սրտի և առաքինությունների միջև անեղծությունն է «տեղադրում», այսինքն՝ հոգու հեզությունն ու հանդարտությունը: Երանելին իբրև հոգու զարդարանք այս երկու առաքինություններն է ներկայացնում, քանի որ սրանք բոլոր առաքինություններից ամենահարգելիներն են, որովհետև նա, ով հեզ է, երանելի է՝ համաձայն տերունական խոսքի, քանի որ այդպիսի մեկը իր Տիրոջ նմանությունն ունի. չէ՞ որ Ինքը՝ Տերը ասաց. «Սովորե՛ք Ինձնից, քանի որ Ես հեզ եմ և սրտով խոնարհ»:
Իսկ հանդարտն էլ, ինձ թվում է, նույն խաղաղարարն է, որն էլ Աստծու որդի է համարվում, քանի որ ինքն իր, Աստծու օրենքների և իր ընկերների նկատմամբ խաղաղություն ցուցաբերելով է կենցաղավարում: Այսպիսի առաքինությամբ է պսակվում այն մարդու հոգին, որն անեղծ ու անարատ է պահում իր՝ սկզբից իսկ ստացած պատկերը:
Արդարև, այդ ո՞ր ոսկին՝ ծիրանիով հանդերձ, և կամ ո՞ր ականակիտ ու շողշողուն քարը՝ արծաթին ձուլված լինելով, կկարողանան այնպե՛ս զարդարել մարդու գլուխը, ինչպես որ հեզությունն ու հանդարտությունն են զարդարում հոգին:
«Ինչը որ,- ասում է,- բազմապատիկ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ»: Առաքյալն ասաց, թե երկուսն են այն առաքինությունները, որոնք զարդարում են հոգին, ինչից էլ որ յուրաքանչյուր ոք կարող է եզրակացնել, թե այդ երկու առաքինությունների շնորհիվ միայն կարելի է պսակել տիրաստեղծ մարդուն, քանի որ այդ, ինչպես շարունակելով ասում է առաքյալը, «բազմապատիկ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ», ա՛յն Աստծու, որը տեսնում է ծածուկը: Քանի որ նա, ով հեզ է և դժվարաշարժ՝ չարիք գործելու մեջ, այդպիսին արագընթաց ու դյուրաշարժ է ամեն մի բարիք արարալու գործում:
Եվ երբ որ հեզը ոտնակոխ է անում բարուն հակառակ բազմաթիվ ու բազմապատիկ ամեն երևույթ՝ սրտմությունն ու բարկությունը, աղաղակն ու չարախոսությունը, ոխակալությունն ու սրանց նման մյուս չարիքները, այդ նույն հեզը՝ առաքինությունների կրողը լինելով, մշտապես դեպի բարի գործերի կատարումն է սավառնում՝ առաջ ընթանալով անսպառ զորությամբ:
Այս միևնույն առաքելությունն է կատարում, իմ կարծիքով, նաև հանդարտ մարդը, որի աստվածահաճո ընթացքին ո՛չ կենցաղային պատրանքները կարող են խոչընդոտել, ո՛չ բարիքների փափագը, ո՛չ փառքը, ինչպես և՝ ո՛չ անարգանքը, ո՛չ հարստությունն ու ո՛չ աղքատությունը, ո՛չ գովասանքներն ու ո՛չ բամբասանքները: Այլ խաղաղամիտ մարդը այս բոլոր թվարկվածներից ավելի վեր է ու ասես բազմում է այդ ամեն «բարիքի» վրա՝ հանդարտ ու լռին, ասես մեռյալ՝ անխռովահույզ անշարժության մեջ լինելով:
Այս երկու առաքինություններն ունեցող մարդուն ո՛չ խռովքն է զայրացնում, ո՛չ պատերազմներն են վրդովեցնում ու գրգռում նրան և ո՛չ էլ որևէ մի խարդախ երևույթ կարող է արգելք հանդիսանալ այդպիսի մարդու համար կամ նենգել նրան՝ հոգին գետնի վրա քարշ տալով ու սանդարամետ գցելով, քանի որ այս առաքինություններն ունեցող մարդը ունակ է այդ ամեն չարիքից էլ վեր բարձրանալու և իր այս երկու թևերով՝ արծվի նման, երկրից՝ երկինք սլանալու ու իր այդ թռիչքով էլ՝ հասնել-կանգնելու Աստծու առաջ:
Տեսնո՞ւմ ես, թե ինչպե՛ս են այս առաքինությունները բազմապատիկ ավելի արժեք ներկայացնում Աստծու առաջ:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում