Անանուն հեղինակի դուետներ, գումարած գեղանկարչություն` «Արամ Խաչատրյան» համերգասրահի «նոր բեմում»
Նմանատիպ
«Առավոտն» անդրադարձել էր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից նախաձեռնած կամերային համերգներին, որոնք տեղի են ունենում ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում, այլեւ փետրվարից` Լուիզ Մանուկ-Սիմոնի անվան նորաբաց սրահում։
Կեսկատակ-կեսլուրջ էլ նշել էինք, որ ֆիլհարմոնիկի տնօրինությունը օգտագործում է համերգասրահի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Ասվածի հավաստումն էր օրերս առաջին անգամ համերգասրահի ճեմասրահում կայացած կամերային երաժշտության իսկապես բացառիկ երեկոն, որի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ՝ ջութակահար Արտաշես Մելիքյանի եւ ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանի կատարմամբ հնչեցին Անանուն հեղինակի «Վեց դուետները ջութակի եւ ալտի համար» ստեղծագործությունները։
Մինչ համերգը հանդիսատեսը ճեմասրահում հնարավորություն ունեցավ հաղորդակցվելու ժամանակակից գեղանկարիչներ Անդրեյ Շուգարովի եւ Նարեկ Տեր-Արսենյանի աշխատանքներին։
Արտաշես Մելիքյանն ու Հայկ Տեր-Հովհաննիսյանը՝ ելույթի պահին։
«Առավոտը» զրույցի հրավիրեց Հայկ Տեր-Հովհաննիսյանին, որը վերջին 12 տարին պայմանագրով աշխատել է Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբում եւ դասավանդել տեղի կոնսերվատորիայում։ Ի դեպ, ալտահարը մինչ Լիբանան մեկնելը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստներից էր եւ 2020թ. վերադառնալով հայրենիք, աշխատանքի է անցել հարազատ նվագախմբում։ Մեր զրուցակիցը նշեց, որ իր հետ եւս երեք երաժիշտ է վերադարձել հայրենիք, իսկ Լիբանանի սիմֆոնիկում իրենց գործունեությունն այս պահին շարունակում են տասը հայաստանցի երաժիշտներ։ Հետաքրքրվեցինք՝ հայրենիք հիմնական վերադարձի պատճառը հավանաբար համավարակն էր կամ դրանով պայմանավորված այլ խնդիրները, մանավանդ որ՝ տասնամյակներ շարունակ Բեյրութի հայկական գաղթօջախը աշխարհում առանձնացել է իր ակտիվ մշակութային կյանքով։ Մեր զրուցակիցը նշեց, որ պատճառը Լիբանանի օրեցօր վատթարացող տնտեսական վիճակն էր։ Հետո էլ մանրամասնեց. «Լիբանանյան արժույթի ինֆլյացիայի արդյունքում ամերիկյան դոլարը հավասարվել էր 1500 լիրայի, որի պատճառով մեր աշխատավարձը 2500 դոլարից դարձել էր 300-400 դոլար»։
Անդրեյ Շուգարովի եւ Նարեկ Տեր-Արսենյանի գեղանկարները
Խնդրեցինք ներկայացնել Լիբանանի սիմֆոնիկի գործունեությունը մինչ համավարակը եւ դրանից հետ։ «Լիբանանի սիմֆոնիկը մեծ նվագախումբ է, որի գեղարվեստական ղեկավարը Հարութ Ֆազլյանն է։ Նվագախումբը համերգներ է ունենում Լիբանանի ողջ տարածքում, ոչ հաճախ էլ հյուրախաղերի մեկնում արտերկիր։ Ես եւ հայաստանցի գործընկերներս երբեք չենք մեկնել հյուրախաղերի, որովհետեւ համարվում ենք լեգեոներ երաժիշտներ, իսկ օրենքը թույլ չի տալիս մեզ, ուղիղ ասած՝ թեկուզ հյուրախաղի առիթով լքել երկրի տարածքը։ Մի բան էլ. Լիբանանից դուրս սիմֆոնիկը ելույթներ է ունեցել միայն շոու ծրագրերով։ Ակնկալում եմ ձեր հարցը՝ թե Լիբանանի սիմֆոնիկում հայազգի ո՞ր կոմպոզիտորներին են անդրադառնում։ Ասեմ, որ ոչ հաճախ, բայց երբեմն-երբեմն համերգային ծրագրերում ընդգրկվում են մեր մեծանուն դասական հեղինակների ստեղծագործություններ»,- ներկայացրեց ալտահարը։
Հավելեց նաեւ, որ 2020-ի ընթացքում, համավարակով պայմանավորված, փակ էին Լիբանանի մշակութային օջախները, մարդիկ շուրջ երեք ամիս ընդհանրապես տնից դուրս չէին գալիս։ Հիմա էլ համավարակը դարձյալ գլուխ է բարձրացրել, մշակութային օջախները հանդիսատես չեն ընդունում, իսկ արվեստագետներն էլ փոքր թվով են հավաքվում, խստորեն պահպանելով անվտանգության կանոնները։ Ալտահարը նշեց, որ Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ համավարակի շրջանում մեկ օնլայն համերգ են ունեցել` ի աջակցություն աշխարհում քովիդով վարակվածների:
Անդրադարձանք նաեւ ճեմասրահում կայացած համերգի` Անանուն կոմպոզիտորի «Վեց դուետներին»։ Այդ առիթով Հայկ Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ դուետների նոտաները ինքն ու գործընկերը՝ Արտաշես Մելիքյանը, պեղել են ինտերնետից։ Հավաստիացրեց, որ վեց դուետներից մեկն են գտել յութուբում, այն էլ շատ անորակ։ Իսկ թե Անհայտ կոմպոզիտորի ոճից, ձեռագրից կարելի՞ է մոտավորապես ենթադրել, թե որ ժամանակաշրջանին կամ հեղինակներին են պատկանում գործերը, ալտահարն ասաց. «Մեր կարծիքով՝ դրանք գրվել են 1750-1790թթ. ժամանակահատվածում, չգիտենք՝ գուցե Մոցարտի սաներից կամ Հայդնի հետնորդ կոմպոզիտորներից որեւէ մեկի ստեղծագործությունն է…»։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ապրիլի 13-ին ֆիլհարմոնիկի իր գործընկերների հետ կմասնակցի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Tet-a-tet կամերային երաժշտության համերգին, որտեղ կներկայացվի Բախ, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ապրիլի 16-ին առաջին անգամ հանդես կգա «Երեւան» կվարտետի կազմում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Հայկ Տեր-Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում