Ընթերցողներին ներկայացվեց Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը՝ ապրիլի 12-ին, Պլանետարիում 1-ում տեղի ունեցավ անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերագետ, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերագիտության կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող Սթիվեն Հոքինգի «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին» գրքի շնորհանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Թարգմանությունն անգլերենից իրականացրել է Սիրանուշ Եսայանը, խմբագիրն է Գոհար Քալաշյանը:
«Հոքինգն ուներ մտածելու կարողություն և գիտելիք, ինչը նրան դարձրեց աշխարհում ամենաճանաչված մարդկանցից մեկը: Նա վառ ապացույց է, որ մարդ կարող է ունենալ մեղմ ասած բազմաթիվ դժվարություններ, բայց պայքարել, ապրել և արարել»,-ասաց «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ հետպատերազմյան Հայաստանում սա շատ կարևոր ուղերձ է բոլորի համար, քանի որ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց միևնույն է պետք է չհանձնվենք, գնանք առաջ ու արարենք, ինչի ամենակարևոր հիմքը գիտելիքն է:
Անտարես հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ ընդգծեց, որ 2002 թվականին անցկացված հարցման արդյունքում Բիբիսի-ն հրապարակել է բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցանկը, որտեղ Հոքինգը զբաղեցնում էր 25-րդ տեղը։ «Գիտնականը 1979-ից 2009 թվականները եղել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի դասախոս։ Հասել է կոմերցիոն հաջողությունների շնորհիվ իր գիտահանրամատչելի աշխատությունների, որտեղ նա խոսում է իր սեփական տեսություններից և ընդհանուր առմամբ տիեզերաբանությունից։ Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը բիրտանական The Sunday Times հրատարակության կազմած բեստսելերիների ցանկում է եղել ռեկորդային 237 շաբաթ»,-ասաց Գրիգորյանը:
Սթիվեն Հոքինգը մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկն է։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում