Ռուս փորձագետները ռուս-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում

Ռուս փորձագետները ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավում են նկատում, սակայն երկկողմ հարաբերություններում լուրջ բեկում նրանք չեն ակնկալում: Փորձագետները վերլուծել են նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի գլխավորած պատվիրակությունների հանդիպման ժամանակ կնքված համաձայնագրերը եւ անդրադարձել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԳՆ Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան կարող է երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխությունների հանգեցնել: «Ամեն դեպքում, երկու երկրների առաջին դեմքերն էլ հաստատեցին բարիդրացիական հարաբերությունների զարգացման ռազմավարությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ անցած տարի շատ փորձագետներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերո? ?թյուններում սառնություն էին նկատել: Փորձագետի խոսքով՝ դրա պատճառն այն էր, որ Ադրբեջանը ավելի շատ միտված էր դեպի Արեւմուտք եւ Ռուսաստանի շահերին հակասող քայլեր էր իրականացնում:

Մեկ այլ փորձագետ՝ Անդրեյ Սուզդալցեւը նշել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանն ապրում էր իր կյանքով, եւ հատկապես տարածաշրջանային կյանքով:

ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցեւն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հիմնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել նավթի եւ գազի արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: «Սա ավելի է ընդլայնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապը, Ռուսաստանի համար տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու նոր լծակներ են առաջանում, ինչպես նաեւ փոխհամագործակցության նոր ուղիներ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա ամենակարեւորն է, իսկ մնացած համաձայնագրերը լոկալ բնույթ են կրում:

Նավթի եւ գազի ոլորտում համագործակցության կարեւորությունն ընդգծել է նաեւ Վադիմ Մուխանովը: «Ռուսաստան մատակարարվող ադրբեջանական էներգակիրների ծավալը մեծ չէ: Ռուսաստանն իսկապես շահագրգռված է այս ոլորտում Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում»,- ասել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ փորձագետներն ընդգծել են, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ նախօրեին կայացած բանակցություններից բեկումնային իրավիճակներ պետք չէ սպասել: «Կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրերը վաղուց էին հասունացել, սակայն պետք չէ սպասել, որ սրանով Ադրբեջանը մեզ համար գործընկերոջից վերածվում է դաշնակցի: Բեկում չի լինելու, սակայն օրակարգն օգտակար է»,- ասել է Անդրեյ Սուզդալցեւը:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին էլ նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լուրջ փոփոխությունների պետք չէ սպասել: «Ռուսաստանն այս հարցում պետք է բավականին զգույշ գործի»,- ասել է նա:

Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի գլխավորած պատվիրակությունների՝ օգոստոսի 13-ին կայացած հանդիպման արդյունքում մի քանի համաձայնագրեր են կնքվել: Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների սահմանին ավտոմոբիլային ճանապարհ կառուցել, ինչպես նաեւ ընդլայնել համագործակցությունը նավթի եւ գազի բնագավառում: Կողմերն անդրադարձել են նաեւ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում