Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում
Նմանատիպ
Քովիդի համավարակի պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում զբոսաշրջությունը մեծ վնասներ կրեց: Մեր երկրի պարագայում պատկերն ավելի տխուր է՝ նաեւ Հայաստանին պատուհասած պատերազմի պատճառով:
Ցավոք, շատ նախաձեռնություններ սնանկացան կամ ստիպված եղան վերապրոֆիլավորվել, քանի որ ըստ կանխատեսումների՝ զբոսաշրջությունն իր մինչքովիդյան հունին կվերադառնա ոչ շուտ, քան 2025 թ։
Այնուամենայնիվ, 2 թիմ որոշեց ռիսկի դիմել եւ ներդրումներ կատարել զբոսաշրջության մեջ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ոլորտի վերականգնմանն ընդհանրապես եւ Հին Նորքի պատմամշակութային կերպարի ձևավորմանը՝ մասնավորապես։ Խոսքը «Մամիկ» եւ «Նորք Մառանի» հյուրատների մասին է։
Շողեր Հակոբյանն ու Վանուհի Սիմոնյանը
«Մամիկը» հիմնադրել են 2 երիտասարդ ու գեղեցիկ կանայք՝ Շողեր Հակոբյանն ու Վանուհի Սիմոնյանը: Աղջիկները ներկայացրին, որ «Մամիկը» կրթամշակութային կենտրոն հյուրատուն է, որը տեղակայված Հին Նորքում գտնվող 160-ամյա տանը: Այս հյուրատան գլխավոր նպատակն էլ ազգային մշակույթի պատշաճ ներկայացումն է՝ ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկներին:
Վանուհի Սիմոնյան
Վանուհի Սիմոնյանը նշեց, որ ազգային շունչ ունեցող «Մամիկը»՝ ի թիվս այլնի, առաջարկում է նաեւ հետեւյալ ծառայությունները՝ ծիսական միջոցառումներ, ազգագրության դասընթացներ, գրական հանդիպումներ, կիրառական արվեստների եւ արհեստների ցուցադրություն, բնականաբար նաեւ գիշերակաց եւ սնունդ:
«Մամիկ» հյուրատան մուտքից հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով, իսկ բակում տարածվել էր թոնրում թխվող լավաշի բույրը:
Շողեր Հակոբյանն ասում է, որ իրենցից յուրաքանչյուրը վաղուց էր մտածում նման գաղափար կյանքի կոչելու մասին, սակայն միասին հյուրատուն ստեղծելու գաղափարը ծնվել է մեկ այլ նախաձեռնությունից, երբ 2020թ մարտին Բարեկենդան էին կազմակերպել:
«Քանի որ Վանուհին ազգագրագետ է, ես էլ ազգային մշակույթը սիրող մարդ, ի սկզբանե որոշեցինք, որ սա ազգային մշակույթը ներկայացնող հյուրատուն պետք է լինի: Նաեւ մտածում էինք, որ այդ միջավայրը լավագույնս կստեղծվի գյուղերից մեկում»,-հիշում է Շողերը, ապա հավելում, որ երկար փնտրտուքից հետո վերջապես որոշել են հյուրատունը հիմնադրել ոչ թե գյուղում, այլ Երեւանի հնագույն թաղամասերից մեկում՝ Հին Նորքում:
«Մամիկը» գրավիչ է նաեւ իր հնամյա մառանով, որն ի սկզբանե եղել է 160 տարվա պատմություն ունեցող այդ տանը: Մառանում յուրօրինակ միջավայր է, նաեւ Ուտիս տատի եւ Պաս պապի տիկնիկներն են, դազգահ, որի վրա այցելուն ցանկության դեպքում կարող է գորգ կամ կարպետ գործել:
Իսկ տան պատերին փակցված են մամիկների լուսանկարներ՝ ներառյալ Պարույր Սեւակի մայրիկի ու իրենց մամիկների: Հնամյա կարպետները, ճախարակը, օրորոցը, կահույքը վերակերտում տիպիկ ազգային միջավայր: Ընդհանրապես հյուրատունն ամբողջությամբ հայկականության մանրակերտ է:
Շողերը «Մամիկին» զուտ որպես բիզնես չի վերաբերվում, ասում է՝ երբ մարդ ամեն ինչ բացառապես գումարի համար է անում, հույզերը տուժում են, եւ դա փոխանցվում է նաեւ այն մարդուն, ում վաճառում ես ապրանքը եւ ծառայությունը, իսկ իրենք ամեն ինչ մեծ նվիրումով ու սիրով են անում:
Վլադ Խաչատրյան
«Մամիկ» հյուրատան հարեւանությամբ գտնվում է նաեւ «Նորք մառանին», որը Դերձակյանների ընտանիքին պատկանող շուրջ 150-ամյա մառան է: Տունը կառուցվել է 1877 թ: Ինչպես նշեց «Նորք մառանիի» ներկայացուցիչ Վլադ Խաչատրյանը, Նորքը հայտնի է 19-րդ դարից սկիզբ առնող գինեգործական ավանդույթներով, ինչ վերաբերում է «Նորք մառանիին», այստեղ կարելի է համտեսել «Նորքի կեղար» գինիներ: Նա հավելեց, որ Նորքում կար գինեգործական թաղամաս՝ 100 մառաններով, որոնցից պահպանվել է 3-ը, այժմ գործում է միայն իրենց մառանը: «150 տարվա ընթացքում այս մառանը միշտ աշխատել է»,-ընդգծեց Վլադ Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում