Yerevan
18
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ. Քերոբյան

Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ. Քերոբյան

Հայաստանի կառավարությունը տնտեսության վերականգնման հերթական ազդակն է ստացել: Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ամփոփել են 2021թ. մարտի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա հետ կապված հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:

«Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019թ. մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020թ., և՛ 2019թ. նկատմամբ՝ համապատասխանաբար կես մլրդ և 1.3 մլրդ գումարի չափով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:

Այս առումով ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: «Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», – ընդգծեց Հովհաննիսյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի արդյունք է:

«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», – ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում