Հաղթանակն ընդամենը հետաձգվել է․ Նանե
Նմանատիպ
Խտացած պահերի, օրերի մեջ ամեն բան տեսանք, բայց ամենասարսափելին, ամենավտանգավորն ու գետնող ծուղակը սուտն էր՝ մեզ անգիտության թմբիրի մեջ պահած սուտը: Բայց զարմանալի չէ, որովհետև բոլորն էլ՝ պայմանագիրն ու գրիչներն անհամբեր իրենց ձեռքերում պահած բոլոր կողմերն էլ լավ գիտեին հայի ոգին և ուժը, և գիտեին նաև, որ միայն զարտուղի ճանապարհներով էր հնարավոր նրան հաղթել: Պետք էր, որ ժողովուրդը չխանգարեր նրանց իրենց գործն անել, պետք էր այդ քնաբեր սուտը, որ երբ արթնանանք, արդեն ուշ լինի: Եվ ահա հանկարծ արթնացանք միանգամայն այլ իրականության մեջ, իրականության, որն ամենաչար երազից անգամ ավելին է: Արթնացանք պարտված, ջախջախված, Արցախը գրեթե կորցրած, Հայաստանի ապագան վտանգված, մեր լույսի պես հրաշք տղաները հանուն ծրագրված պարտության զոհված, գերեվարված, բախտի քմահաճույքին հանձնված…
Բայց արթնացանք և…. ապրել է պետք: Ապրել այլևս գոյատևության նոր մոտեցումներով, սեփական ունեցածն ու թանկը փայփայելու, չար աչքից պահելու նոր կանոններով, նոր խելքով, որտեղ հայը միայն վերջում չէ խելոք: Այլ ելք չունենք, անփույթ լինելու և դրա հետևանքները շտկելու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ այլևս ուժ և պաշար ունենք: Ամեն պահն ու քայլը յոթն անգամ յոթ հարկ է չափել:
Բայց ամենակարևորը չկոտրվելն է: Եթե կոտրվեցինք, ա՛յ դա արդեն կլինի իրական պարտություն, մեծ պարտություն: Իսկ այս մեկը պարզապես անցումային մի վիճակ համարենք, թուրք խուժանի հետ մեր մեծ կռվի մի փուլը միայն, որտեղ ամեն բան էլ կարող էր լինել՝ ընկնել էլ, բարձրանալ էլ, դավաճանություն էլ: Այս աշնան բերածը մի այլ աշուն թե գարուն անհետք կտանի մի օր: Սակայն նաև անհրաժեշտ է ապրածն այս որպես անբաժան դաս վերցնել, որպես դաս սերտել ու չկորցնել այն երբեք: Մեզ հենց այդ դասեր վերցնելն է պակասում, ճիշտ հաշվարկը, զգոնությունը, թե չէ մեզ հաղթել չէր լինի… երբե՛ք: Մեր զինվորը պարտվել չգիտի, պարտվում են միշտ սեղանների շուրջ հայրենիքը որպես «տարածք» դնողները և հետո այդ պարտությունը շանթի պես պայթեցնում մեր գլխին:
Ադրբեջանը մի քիչ ուշ, մի քիչ դժվար, բայց պահի դասը լավ հասկացավ ու կյանք դարձրեց: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր այդ սնապարծ, ոչնչից փուչիկի պես փչված ու պետություն դարձածը զգում, երբ չափերով, մարդկային թվով, կարգավիճակով անհաշվելի անգամ իրեն զիջող Արցախը երկու անգամ պարտության մատնեց իրեն: Արդեն երկու և կես տասնամյակից ավելի նա ապրում էր այդ վիրավոր գազանի վիճակը և պատրաստվում: Չկոտրվեց, ընդամենը սկսեց համառորեն պատրաստվել: Քառօրյան ևս այս նույն սցենարն ուներ, բայց հաշվարկը մի փոքր սխալ դուրս եկավ, հայ զինվորի կորովն ու ոգին թերագնահատվել էին: Հայ զինվորի, ով «ցավին անտեղյակ, դավին անտեղյակ», հաշվի չառնելով պարտության համար լավ «պատրաստված» սահմանը, կռվեց ու առաջ էր գնալու, եթե ժամանակին չկանգնեցնեին: Այդ փորձը բավական եղավ, որ թշնամին արդեն մի քանի պետության հետ կռվի դուրս գալու պատրաստություն տեսներ:
Իսկ մեզ սկսեցին պատրաստել խաղաղության, համակեցության, գլոբալիզմի ազգադավ գաղափարներով բթանալուն: Դա արվում է արդեն վաղուց, և՛ երկրի ղեկավարները, և՛ բազում հասարակական կամ այլ կազմակերպություններ, դրսի գումարների դիմաց, վաղուց են գործում որպես աշխարհային դավերի զինվորներ: Բայց այս նորերն ավելի մեծ թափով լծվեցին գործի: Հավատացեք, սա դեռ վատագույնը չէ, եթե այս կռիվը մի քանի տարի անց լիներ, երբ այդ գաղափարներով սնված, հայի հիմքերը՝ հավատը, արժեքները կորցրած նոր սերունդը կանգներ սահմանին՝ ավելին կկորցնեինք:
Սեփական արժեքներից զուրկ ժողովուրդն այլևս ազգ չէ, անդեմ, անհատների մի խումբ է, որին կործանելը իրենից խնդիր չի ներկայացնում: Ահա ինչու գլոբալիստական գաղափարախոսությամբ անհատի, շեղված փոքրամասնության իրավունքները գերակայվեցին մեծամասնության, ազգի իրավուքների նկատմամբ: Անհատն առանձնացվեց, կարևորվեց այն աստիճանի, որ …մնաց մենակ: Առանց պարտականությունների, միայն ուռճացված իրավունքներով երես առած անհատներն այլևս անպաշտպան են: Եվ եթե չկան ազգային գաղափարներ, ներսից էլ նյութապաշտության բացիլն է կրծում՝ առաջարկվող գումարների դիմաց այլոց դեմ գործելը, ավելի պարզ՝ ազգի և մարդկության դավաճան դառնալը, սովորական հաջողված գործարք կամ հաշվարկ է:
Ու աշխարհի և մարդկության չարիք գլոբալիզմն անհեռանկար, անծրագիր, կաշառվող ղեկավարներով, անհատներով երկրներին դռնբաց, ոտնատակի ասպարեզ դարձրեց: Եվրոպան այլևս միրաժ է, ամեն պահ ցնդելու պատրաստ միրաժ, և եթե այդ ժողովուրդները ուշքի չգան, նրանք մոտ ապագայում այլևս չեն լինի իրենց երկրների տերերը: Այդ երկրները՝ հսկայական պարտքերով, մահմեդական համալրումով, բարոյազրկված բնիկներով ամենաշատը մի քանի քայլ կարող են դեռ գցել, այն էլ միայն գլոբալիզմի ծրագրերին և շահին համընթաց: Այդ խաղաղ-խաղաղ ապրող, քաղաքակիրթ երկրները պարտվել են առանց պատերազմի՝ ներսի դավերի արդյունքում:
Ի՞նչ կարող է անել սահմանին կանգնած զինվորը, երբ թշնամին երկրի ներսում նրա հիմնաքարերն է հատ-հատ փորձում տապալել:
Մենք ևս ամենակարևոր վտանգների նկատմամբ կույր եղանք, ծույլ եղանք, «գաղջ» եղանք, վախկոտ եղանք, ու պտղաքաղը իր դառը պտուղներով անխուսափելի էր: Մինչդեռ պետք չէր աշխարհային, գլոբալ բառերից այդպես սարսափել. դրանց ետևում ընդամենը աշխարհակալ գաղափարներով հիվանդների մի խումբ է, որն առանց համակիրների, բանող ուժի՝ ոչինչ է: Ոչ միայն մենք, ողջ մարդկությունը իրեն կործանող ուժի դեմ դուրս գալու խնդիր ունի: Որովհետև նրան ոչնչացնելու ծրագիրն արդեն ողջ թափով է մոլորակով մեկ ծավալվել՝ պատերազմներ, «բնական աղետներ», համավարակներ, որոնց համար մեղադրվում են լաբորատորիաներում չարչրկված խեղճ չղջիկները (կորոնավիրուսն ի՞նչ է՝ նոր վիրուսներ են մեզ խոստանում): Եվ մարդկությունը գոյատևության համար պետք է ի վերջո գործի անցնի կամ գոնե արթնանա քնից:
Եվ մենք էլ՝ եղածի հետ չհաշտվելով, հավաքենք մեզ, ձգենք մեր գոտիները և շարունակենք մեր չվերջացած կռիվը լոկալ՝ տեսանելի և գլոբալ՝ անտեսանելի թշնամիների դեմ միաժամանակ, որովհետև ապրելու ենք, պետք է ապրենք և հաղթենք: Հաղթանակն ընդամենը հետաձգվել է…
Աղբյուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում