Սիրիան համաձայնել է ընդունել քիմիական զենքի փորձագետներին

Դամասկոսը համաձայնել է ընդունել ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների թիմին համագործակցության այն պայմաններով, որոնք առաջադրվել են համաշխարհային կազմակերպության քարտուղարության կողմից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հայտարարում է, որ Սիրիայի կառավարությունը պաշտոնապես համաձայնել է համագործակցության այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են պատվիրակության անվտանգ ու արդյունավետ աշխատանքի համար»,- նշվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի՝ օգոստոսի 14-ին տարածված հայատարարության մեջ: Նրա խոսքով՝ այժմ տեսուչների խմբի ժամանումը Սիրիա «անխուսափելի է»:

«Մեր նպատակը լիովին անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելն է»,- նշվում է հայտարարության մեջ: Նեսիրկին հավաստել է, որ շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրյոմի գլխավորած թիմը Սիրիայում կգտնվի առմվազն 14 օր: Այդ ժամկետը կարող է ավելացվել «փոխադարձ համաձայնությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում