Սիլվա Կապուտիկյանը կատականկարներում…

Սիլվա Կապուտիկյանը կատականկարներում…

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հյուրերի պակաս չի զգացվում։ Հյուրընկալ հայկական օջախ է, հոգեւոր գանձարան. մշտապես այցելուների, միջոցառումների առատություն է տիրում։ Սիրելի բանաստեղծուհու հմայքն անսահման է, այն մագնիսի պես ձգում է այցելուներին, երկրպագուներին՝ հաղորդակից դարձնում նրա գրական արժեքներին, ոգեղենություն սերմանում, առաջնորդում դեպի վեհն ու վսեմը։

Հերթական հյուրը տողերիս հեղինակն էր՝ Գուրգեն Բալայանը, նույն ինքը՝ Գ. Լոռեցին։ Երբ նա նշված ժամին, խաչակնքելով ներկայացավ միջոցառմանը, Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն Մեծն բանաստեղծուհու տուն-թանգարանը խնկարկում էին «Մախմուր աղջիկ» հեզաճկուն պարով, երգով, ասմունքով։ Պահը սրտահույզ էր, պատկերավոր։

«Սիլվա Կապուտիկյանը կատականկարներում…» ցուցահանդեսը մտահղացել, նախաձեռնել էր տուն-թանգարանի նվիրյալ վարիչ, լրագրող Արմինե Դեմիրճյանը, ով սիրով ներկայացրեց երգիծագիր-ծաղրանկարչին. «…Գուրգեն Լոռեցին 1981թ. յուրովի է անմահացրել մեր մեծերին։ Սիլվա Կապուտիկյանին նա անդրադարձել է բազմիցս, ստեղծելով փոքր ու մեծ կատակաշարքեր, որտեղ բանաստեղծուհին երեւում է իր ներքին բարությամբ ու ժպիտներով»։

Ցուցահանդեսի հեղինակն իր ելույթում նշեց, որ դպրոցական տարիներից է ոգեշնչվել Կապուտիկյանի բանաստեղծական աշխարհով, երգի, պարի խմբակներում նվագել նրա տեքստերով գրված երգերը։ Մոսկվայում՝ Մ. Գորկու անվան ինստիտուտում ուսանելու տարիներին հպարտության զգացումով է կանգնել բարձրագույն գրական դասընթացներն ավարտած, ինստիտուտի մի գողտրիկ անկյունում փակցված Կապուտիկյանի, Սեւակի, Շիրազի, Էմինի, Կարո Մելիքսեթյանի… մեծադիր լուսանկարների առջեւ, լսարաններում, միջանցքներում նրանց շունչն զգացել…

Սիրով նշեց նաեւ, որ Աստծո կամոք բանաստեղծուհու հետ ծանոթացել է (1977-81թթ.) «Սովետական գրող» հրատարակչությունում աշխատած տարիներին։

1981թ. երբ «Ոզնի» է տեղափոխվել, բանաստեղծուհու հետ կապն ավելի է սերտացել։ Կապուտիկյանն իր երգիծական ելույթներով հաճախ է զարդարել հանդեսի էջերը, որի համար 1983թ. արժանացել է «Ոզնու դափնեկիր» կոչման։ Հանդեսը նշել է նրա հոբելյանները…

Բարեկամական ձոներ, տողեր, մտերմական շարժեր են նվիրել Նանսեն Միքայելյանը, շարժարար Գեորգի Յարալյանը։ Ներկայացնենք 1976թ. «Ոզնի» N7-ում տպագրված բարեկամական տողերը. «Վաղ բացեցի Օլիմպոսի դռները, //Նվաճեցի չափածոյի լեռները, //Դեռ արձակում ամրոց ունեմ առնելու //Եվ պատրաստ եմ թատերագիր դառնալու»։

Ի դեպ, ցուցադրությունում տեղ են գտել նաեւ Գ. Յարալյանի շարժերից, «Ոզնու» արխիվային նյութերից մի քանիսը, այդ թվում՝ նաեւ 1969թ. Մեծ տիկնոջ ծննդյան օրվա կապակցությամբ Գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանի հարցազրույցը…

Անշուշտ, ընթերցողին կհետաքրքրի, թե ինչ նախասիրություններ է ունեցել բանաստեղծուհին. ո՞րն է եղել նրա սիրելի գույնը, եղանակը, երգը, օրվա պահը։ Ի՞նչն է սիրել, ի՞նչը ատել… Սիրել է բնության կապույտը՝ ծովի, երկնքի, Մասիսի, իրիկնամուտի, բայց չի սիրել հագնել բաց կապույտ զգեստ։ Ատել է բամբասանքը, սուտը, կեղծիքը… Աղջիկ ժամանակ կար է արել, սեղան պատրաստել սիրել է, բայց հավաքել՝ ոչ։ Երգերից սիրել է «Չինար ես, կռանալ մի», «Յար, արի, յար» երգերը։ Հայ կանանց բնութագրել է որպես համբերատար, լայնասիրտ եւ հավատարիմ։ Սփյուռքահայության ապագայի մասին պատասխանել է՝ «Այդ ապագան բախտորոշ կլինի, եթե զգանք, որ մի ժողովուրդ ենք։ Ցանկալի է, որ Սփյուռքում ավելի քիչ տեղ գրավեն խմբակային մանր վեճերը, ավելի շատ ղեկավարվեն ընդհանրական շահերով։ …Ինչքան էլ մարդ թռչի տիեզերք, մեկ է՝ սերը սեր կմնա, վիշտը՝ վիշտ, երգը՝ երգ, բանաստեղծությունը՝ բանաստեղծություն…»։

Չմոռանամ ասել, որ տողերիս հեղինակը ցուրտ ու մութ տարիներին, «Ոզնուն» զուգահեռ, Հեռուստառադիոպետկոմի «Երգիծանք եւ հումոր» ծրագրի խմբագիր եղած ժամանակ, «Մարդասիրական երգիծանք» խորագրի ներքո հաճախ է եթերում հնչեցրել Սիլվա Կապուտիկյանի սուր եւ սրամիտ գործերից։

Մեջբերում Արմենուհի Դեմիրճյանի դիմագրքային էջի գրառումներից. «…Տուն-թանգարանում բացված ցուցահանդեսին մասնակցեցին հաճելի հյուրեր՝ Շուշիի գորգերի մասնավոր հավաքածուի հեղինակ Վարդան Ասծատրյանը, նրա ընկեր, գորգերի գիտակ, ստամբուլահայ պրն Աբրահամը, բանաստեղծուհիներ Ալվարդ Հովսեփյանը, Պայծառ Զանյանը՝ Անահիտ դստեր հետ, Զաբելա Աբելյանը, Նաիրա Ղազարյանը, լեզվաբան Ջեմմա Բարսամյանը, Կապուտիկյանի վաղեմի մտերմուհի, լրագրող Լուսինե Թոփուզյանը, Բեյրութից հայրենիք տեղափոխված Լյուսի եւ Մարինե Թոքմաջյանները եւ այլք։

Սրտամոտ միջավայրում ծաղրանկարիչն իր հավաքածուն նվիրեց թանգարանին, իսկ հյուրերը խոսեցին նաեւ օրվա հրամայական թեմաներով, մոտեցող ապրիլի 24-յան մտահոգություններով…

Հաջորդ կանգառ ընտրվեց Շուշիի գորգերի ցուցահանդեսը, որտեղ Վարդանը կներկայացնի հայկական գորգերի նուրբ առանձնահատկությունները եւ թուրքական նենգ դիվանագիտությունը, որով տասնամյակներ շարունակ Արցախից հավաքած գորգերը ազերիները սկսեցին ներկայացնել իրենց անունով…

Տուն-թանգարանն իր ջերմ շնորհակալությունն է հղում սիրելի նկարիչ Գուրգեն Բալայանին, հյուրերին եւ դպրոցականներին (Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ՝ Աղավնի Կարախանյան)՝ բացառիկ գեղեցիկ եւ հիշարժան օրվա համար»։

Շնորհակալությամբ՝

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում