Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինը և Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Համակարգված աշխատանք է իրականացվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները կատարելու համար: Արտահայտվել է ղարաբաղյան կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգելու փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով», – ասված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնում են, որ Ֆրանսիայի պետության ղեկավարը շեշտել է ռազմագերիների, մարդասիրական աջակցության և մշակութային ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար, և այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն առաջիկա օրերին», – հայտնում է Ելիսեյան պալատը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում