Ադրբեջանը ԵԽ հանձնակատարին մեղադրել է «ռեւանշիզմը խրախուսելու» մեջ

Ադրբեջանը ԵԽ հանձնակատարին մեղադրել է «ռեւանշիզմը խրախուսելու» մեջ

Եվրախորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆահրադին Իսմայիլովի կողմից ստորագրած 5 էջանոց պատասխանը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Հանձնակատարի «ափսոսանքը» Բաքվում «Ռազմավարների զբոսայգու» բացման կապակցությամբ անհիմն է»:

«Ռազմավարների զբոսայգին» խորհրդանշում է միջազգային իրավունքի եւ արդարության հաղթանակը տասնամյակների ագրեսիայի եւ էթնիկական զտումների քաղաքականության նկատմամբ: Այգին, ինչպես աշխարհի այլ վայրերի իր նմանօրինակները, ծառայում է որպես վառ հիշեցում, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության հասնելու շանս չունեն: Դա ներկա եւ ապագա սերունդներին ագրեսիայի եւ անհանդուրժողականության քաղաքականության վտանգների մասին պատմելու տեղ է: «Անմարդկային տեսարաններ» կամ «անհանգստացնող ու նվաստացնող պատկերներ» պետք է փնտրել Եվրախորհրդի տարածքում, որտեղ ժողովուրդները փառաբանում են իրենց գաղութային անցյալը եւ ցուցադրում գաղութացված ժողովուրդների դեմ սարսափելի հանցագործությունների ապացույցները», – գրում է Ֆահրադին Իսմայիլովը:

«Նամակը կասկածի տակ է դնում Հանձնակատարի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա գրասենյակի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Ավելին, այն փաստը, որ նամակը շատ հեռու է անկողմնակալ վերաբերմունքից, ակնհայտորեն հակասում է «խաղաղության եւ հաշտեցման խթանման» հայտարարված վեհ նպատակին: Ընդհակառակը, այն ոգեշնչում է ռեւանշիստական շրջանակներին: Ադրբեջանը Հանձնակատարին կոչ է անում մնալ անաչառ, ինչպես սահմանված է իր մանդատով, եւ զերծ մնալ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա», – ամփոփում է ադրբեջանցի դիվանագետը:

Աղբյուրը՝ Mediamax.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում