Իրանը բողոքում է, որ Ադրբեջանը յուրացնում է իրանական մշակութային արժեքները

ամացանցում տարածվել է Ադրբեջանում 2014 թ-ին հրատարակվելիք 100 եւ 5 մանաթ արժողությամբ նոր թղթադրամների լուսանկարները, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են նախկին նախագահ Հեյդար Ալիեւը եւ իրանական պոեզիայի դասական Նիզամի Գյանջեւին: Վերջինիս ադրբեջանցիները համարում են ադրբեջանական բանաստեղծ: Այս մասին, ինչպես հաղորդում է  oxu.az լրատվական կայքը:

Նշվում է, որ 2014 թ-ին կփոխվեն նաեւ մնացած թղթադրամները: Մեկ մանաթ արժողությամբ թղթադրամի վրա կպատկերվի Ուզեիր Հաջիբեկովի լուսանկարը (խորհրդային շրջանի երգահան, ազգությամբ լեզգի), 10 մանաթի վրա’ Զեյնալաբդին Թաղիեւի լուսանկարը (ադրբեջանցի բարեգործ), 20 մանաթի վրա’ Մոլլա Փանահ Վագիֆի լուսանկարը (ադրբեջանցի բանաստեղծ), 50 մանաթի վրա’ Յուսիֆ Մամեդալիեւը (ադրբեջանցի քիմիկոս):

Ադրբեջանը Նիզամի Գյանջեւիին համարում է ադրբեջանական բանաստեղծ, սակայն Բաքվի այդ պնդումներին ի պատասխան, Իրանը նշում է, որ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջեւին ծնվել է ժամանակին Իրանի մաս կազմող քաղաքում: ԻՀԻ մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամեդ Ջավադ Ադաբին «ԻՌՆԱ» պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ պարսկական գրականության դասական, Իրանի խոշոր բանաստեղծներից Նիզամի Գյանջեւիի հետ կապված կեղծարարությունները խոսում են Ադրբեջանի մշակույթի խղճուկ լինելու մասին:

Ավելի վաղ «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշվածության փոխնախարար Բահման Դարին հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը յուրացնում է Իրանի մշակութային արժեքները: «Առկա փաստերը վկայում են այն մասին, որ Նիզամի Գայնջեւին իրանական բանաստեղծ է, եւ դա ապացուցելու անհրաժեշտություն չկա: Բայց ուրիշների մշակութային արժեքներն իրեն վերագրելը արժանապատիվ արարք չէ: Մշակութային արժեքներ չունենալով’ Ադրբեջանը ստիպված իրեն է վերագրում այլ երկրների արժեքները: Ադրբեջանի նման քայլը մշակու թային գողությունից բացի այլ բան չի կարելի է անվանել»,- ասել է նա: Բահման Դարին միաժամանակ հավելել է, որ Իրանի մշակութային ճառանգության վրա նման ոտնձգությունն անպատասխան չի մնա:

Ադրբեջանցի գիտնական, պրոֆեսոր Սիրիուս Աշեմովը թեմայի հետ կապված ասել է. «Պատմական փաստերը ներկայացնելիս մենք պետք է քաջություն ունենանք փաստելու, որ Արան եւ Շիրվան տարածքները, որոնց վրա 1918 թ-ին ստեղծվել է Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս են կազմել, հետեւաբար, այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջեւին գրում էր «Համսե» պոեմը, Գյանջայի շրջանը եւ Նիզամին իրանական են եղել: Ադրբեջանն ընդամենը 20-ամյա պատմություն ունի, հետեւաբար, 800 տարի առաջ ստեղծագործած բանաստեղծը չի կարող ադրբեջանցի համարվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում