Աղոթիր, որտեղ էլ որ լինես
Նմանատիպ
– Հա՛յր, ինչի՞ն ավելի շատ ուշադրություն դարձնեմ:
– Կենտրոնացիր, հավաքվիր և որտեղ էլ որ գտնվես, մտովի և սրտում աղոթք արա՝ Բարեգութ Աստծու ողորմությունը հայցելով քեզ, բոլոր ողջերի և ննջեցյալների համար: Իսկ երբ աղոթելուց հոգնես, բարձրաձայն «Տեր, ողորմյա» երգիր կամ մեկ ուրիշ շարական:
– Հա՛յր, ես սովորաբար միայն եկեղեցում եմ աղոթում:
– Երբ վանականը բավարարվում է միայն եկեղեցում աղոթելով, նմանվում է աշխարհականներին, որ եկեղեցի են գնում միայն կիրակի օրը: Ուստի միայն եկեղեցում աղոթքները կրկնելով մի սահմանափակվիր, աղոթիր նաև հնազանդություն կատարելիս, խցում ևս, նաև երբ պառկում ես հանգստանալու: Հնազանդության ժամանակ հետևիր, որպեսզի շարժումներդ հանգիստ ու տրամաբանական լինեն, որպեսզի դևը միտքդ աղոթքից չշեղի:
Հիսուսի քաղցր անունը թող միշտ շուրթերիդ լինի, որպեսզի հոգիդ ամոքվի: Մեծ գործ է ողջ օրն աղոթքով անցկացնելը: Օրը սկսում ես աղոթքով, այնուհետև քո գործն ես անում՝ աղոթքը կրկնելով, և այդպես սրբագործվում է և՛ այն գործը, որ անում ես, և՛ դրան մասնակից մարդիկ: Օրինակ՝ երբ աղոթքով ես կերակուր պատրաստում, սրբվում է և՛ ուտելիքը, և՛ մարդիկ, որ այն ուտում են:
– Հա՛յր, այժմ մշտապես ծանր փորձություններ են ինձ պատահում:
– Օգտվիր փորձությունից, որպեսզի ամեն անգամ վազես Քրիստոսի մոտ՝ Նրա օգնությունը խնդրելու, և շահած դուրս կգաս, հարատև աղոթք ձեռք կբերես:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում