Մոսկվայում բացվել է Կարո Հալաբյանի հուշարձանը

Մոսկվայում բացվել է Կարո Հալաբյանի հուշարձանը

Ապրիլի 27-ին Մոսկվայում (Մալի Պեսչանի նրբ․2 հասցեի հարևանությամբ) կայացել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանի բացումը։ Նախաձեռնությունը պատկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, բրոնզե արձանի քանդակագործը ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետներն են՝ Աշոտ Թադևոսյան, Անդրեյ Ֆրանգուլյան, Կարինա Դանիելյան։

Բրոնզե արձանը պատկերում է ճարտարապետ Կ․Հալաբյանին՝ Մոսկվայում գտնվող Ռուսաստանյան բանակի թատրոնի գծագրերը ձեռքին։ Արձանի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստված է կարմիր գրանիտից, որն իր գունային երանգով հիշեցնում է հայկական տուֆը։

Հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանը 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թթ. գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։

1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում