Եգիպտոսը դատապարտել է Թուրքիային

Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո պետությունը ղեկավարող ժամանակավոր կառավարությունը խստորեն դատապարտել է երկրում տեղի ունեցող զարգացումների հետ կապված Թուրքիայի կառավարության այսօր հրապարակած հայտարարությունը:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության’ այդ կապակցությամբ արած հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայի կառավարության արած հայտարարությունն անընդունելի է համարել: Հայտարարության մեջ առանձին նշվել է, որ ցավում են մարդկային կորուստների համար, սակայն անվտանգության ուժերը նման միջամտությունը հարկադրված են կատարել:

Թուրքիայի կառավարությունն այսօր առավոտյան հայտարարել էր. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Արաբական լիգայի գլխավորությամբ միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործողություններ սկսի Եգիպտոսում այդ կոտորածը դադարեցնելու համար»:

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Կահիրեյում չորեքշաբթի ուժայինների կողմից իսլամիստների վրանային ճամբարը ցրելուց հետո սկսված բախումների ժամանակ 343 մարդ է զոհվել: Սակայն «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը սատարում է պաշտոնանկ արված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին, հայտարարել է, որ միայն չորեքթշաբթի առնվազն 2 հազար մարդ է սպանվել մայրաքաղաքում: Շարժման ղեկավարության ներկայացուցիչ Գեհադ ալ-Հադդադին Reuters-ին հայտարարել է, որ շարունակելու են խաղաղ մեթոդներով պայքարել զինվորականների դեմ: &l aquo;Մենք պայքարելու ենք խաղաղ մեթոդներով’ մնալով վճռական եւ ուժեղ: Կպայքարենք այնքան, քանի դեռ չենք հաղթել ռազմական հեղաշրջմանը», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում